Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի միջնադարյան պատկերը ևս տպավորիչ է. առնվազն 13-րդ դարում Երևանում և նրա մերձակայքում ծաղկել է գրչությունը»

Մարտ 18,2022 17:12

Մարտի 16-17-ն անցկացվել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երկօրյա աշխատանքներն անցկացվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ կարևորելով Երևան քաղաքին նվիրված նմանատիպ միջոցառումների անցկացումը, քաղաքի պատմության տարբեր փուլերին առնչվող երևույթների վերհանումն ու հանրահռչակումը։

Աշխատաժողովի ծրագիրը հագեցած էր Երևանի նախաքրիստոնեական, միջնադարյան, նախախորհրդային, խորհրդային և արդի ժամանակաշրջանների՝ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններին նվիրված զեկուցումներով։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, անդրադառնալով աշխատաժողովի կարևորությանը, նշել է, որ հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս ընդգծել շուրջ 3000-ամյա մեր մայրաքաղաքի պատմության շարունակականությունն ու նրա անխաթար ընթացքը։ Զեկուցումներով շեշտադրվել են քաղաքի հնագիտական ու մշակութային հնամենի շերտերը, ջրամատակարարման, մասնավորապես՝ ոռոգման համակարգերի կառուցումը, որոնք քաղաքի զարգացման լրջագույն նախադրյալներից էին։

«Երևանի միջնադարյան պատկերը ևս տպավորիչ է․ 9-րդ դարից սկսած՝ Երևանը հիշատակվում է Հայաստանի տարբեր վանքերի (Սևանավանք, Մաքենյաց վանք, Կեչառիս, Չորուտի Իշխանավանք և այլն) վիմագրերում՝ որպես այգեվետ և ջրառատ մի բնակավայր, որին ընծայվել են նորանոր հողատարածքներ։ Առնվազն 13-րդ դարում Երևանում և նրա մերձակայքում ծաղկել է գրչությունը։ 1297 թ․ Նորքի՝ երբեմնի կանգուն Սուրբ Ստեփանոս եկեղեցու հովանու ներքո Սարգիս անունով գրիչն ընդօրինակել է 3 ձեռագիր մատյան։ 15-րդ դարում արդեն բուն Երևանում, մասնավորապես՝ Սբ. Անանիա առաքյալի անապատում, մեծ թափ է առել ձեռագրերի ընդօրինակումը։ Պարզվում է, որ շուրջ 700 տարի, այսինքն՝ 13-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ, քաղաքի և նրա մերձակայքի վանքերում ընդօրինակվել և մեզ է հասել շուրջ 100 ձեռագիր մատյան, որոնք կրկին հավաստում են Երևանի անխաթար ընթացքը»,- շեշտել է Խաչիկ Հարությունյանը։

Տնօրենի խոսքով՝ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները մանրամասն ներկայացրել են քաղաքի ոչ միայն միջնադարյան հուշարձանները, այլև առհասարակ քաղաքի պատմության տարբեր շրջափուլերում ստեղծված հուշարձանները, դրանց առնչվող փաստաթղթերը, խնդիրներն ու այլ հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել նաև քաղաքի նախախորհրդային, խորհրդային և արդի ժամանակահատվածներում քաղաքաշինական և ճարտարապետական այն հարցերին, որոնք այս կամ այն չափով վերաբերում էին տեղի հուշարձաններին։

«Աշխատաժողովն անցավ բավական հետաքրքիր, եղան ակտիվ քննարկումներ, երբեմն՝ բանավեճեր, որոնք ցույց տվեցին քաղաքի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը։ Այդ մասին էին վկայում երկօրյա աշխատաժողովի լեցուն սրահները։ Թե՛ մասնակիցները, թե՛ ներկաները ողջունեցին աշխատաժողովի կազմակերպումը և հույս հայտնեցին, որ այն կլինի շարունակական»,- տեղեկացրել է Խաչիկ Հարությունյանը և հավելել, որ այսօրինակ միջոցառումները կենտրոնի առաջնահերթություններից են, և մտադիր են այս աշխատաժողովը դարձնել ամենամյա, ինչպես նաև առաջիկայում հանդես գալ հետաքրքիր այլ նախաձեռնություններով ևս։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031