ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը պնդում է, որ 2021 թվականի հունիսի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը բացահայտվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ գործով պարզվել է, որ սպանությունը կատարած անձը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ ռուս, ու այս պահին հետախուզման մեջ է, իսկ պատվիրատուի մասին, նախաքննության շահերից ելնելով, որեւէ տեղեկություն չի կարող ասել:
Նրա խոսքով՝ օպերատիվ գործողություններ են կատարվում այդ անձի հայտնաբերման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությունների դեպքերին՝ ոստիկանապետի մյուս տեղակալ Արա Ֆիդանյանը մասնավորապես անդրադարձավ օրեր առաջ Զովունիի դպրոցի մոտ նախկին կնոջն ու իրեն պայթեցրած տղամարդու գործողություններին, եւ ասաց, որ այս պահին իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմը բավարար չէ, որ կարողանան 24 -ժամյա հսկողություն իրականացնել կոնկրետ անձանց նկատմամբ: Քանի որ լրատվամիջոցներով եղան տեղեկություններ, որ մահացած կինը բազմիցս դիմել է Ոստիկանություն՝ իր նախկին ամուսնու կողմից նույնիսկ զենքով հետապնդվելու ու սպառնալիքներ ստանալու ահազանգով, բայց ոստիկանները պատշաճ գործողություններ չեն արել, լրագրողներից եղան հարցեր, թե արդյո՞ք կոնկրետ ոստիկաններ պատժվել են անգործության համար, ի պատասխան, Արա Ֆիդանյանն ասաց, որ համապստասխան ստուգումներ են արվել, ու ոստիկանների կողմից կարգապահական խախտումներ տվյալ դեպքով չեն հայտնաբերվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ