Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

 «Հայերը չպետք է ընկալվեն որպես միայն խաչքար համբուրող թշվառ ժողովուրդ». Կոմպոզիտոր

Մարտ 18,2022 13:53

Մոնտե Կառլոյում արվեստի միջազգային փառատոնի շրջանակում մարտի 25- 27-ը կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Ծրագրում բալետի պրեմիերա է, հնչելու են նոր ստեղծագործություններ, միջոցառումներով հանդես է գալու նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանը:   «Այս փառատոնն ամենակարեւոր մշակութային երեւույթն է Մոնտե Կառլոյում: Այս տարի փառատոնի տնօրենն է Բրունո Մանտովանին, որ մտերիմ ընկեր է, նախկինում ղեկավարել է Փարիզի կոնսերվատորիան: Այս տարի փառատոնի ձեւաչափը փոխվել է, Բրունոն ցանկացել է բազմածավալ ճառագայթ նշել հայկական մշակույթի վրա, ու այդ համատեքստում փառատոնի օրերին կլինի  հայկական weekend, որտեղ ներկա կլինեն գրականությունը, կերպարվեստն ու երաժշտությունը»-, «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ միջազգային  այս փառատոնը մեկնարկել է մարտի 11-ից եւ կտեւի մինչեւ ապրիլի 3-ը. «Մասնակից արտիստները տարբեր ծագում ունեն ու տարբեր երկրներից են, միայն հայկական թեման է, որ առանձնահատուկ դրսեւորվել է փառատոնում հայկական weekend-ի ձեւաչափով: Թե՛ կամերային, թե՛ սիմֆոնիկ երաժշտություն եւ թե՛ վոկալ է հնչում փառատոնում: Այս փառատոնը կարեւոր միջոցառում է ոչ միայն Մոնե Կառլոյի, այլեւ Հարավային Ֆրանսիայի, Իտալիայի համար»:

Միշել Պետրոսյանն ընդգծեց, որ երբեք նման կենտրոնացում չի եղել հայկական թեմատիկայի վրա. «Իհարկե անցյալ տարվա իրադարձություններն ինչ-որ իմաստով դերակատարություն են ունեցել: Մենք Բրունոյի հետ Փարիզում մամուլի ասուլիս հրավիրեցինք, որտեղ նա շեշտում էր այն փաստը, որ Հայաստանը, այդքան փոքր երկիր լինելով, մշակութային հզոր բազմազանություն ունի, եւ շատ կարեւոր  է հայկական մշակույթը, որն այդքան էլ ճանաչված չէ: Օրինակ, երեւի առաջին անգամ է  Եվրոպայի պատմության մեջ Փարաջանովին նման տեղ է տրվում: Այսինքն, եթե դուք մտնեք Մոնակո, ամեն տեղ կտեսնեք Փարաջանովի կոլաժների, աշխատանքների եւ իր լուսանկարները»:

Կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը, խոսելով առաջիկա բալետային պրեմիերայից, նշեց, որ բալետի առաջարկն անձամբ Բրունո Մանտովանիից են ստացել. «Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց իմ շատ լավ ընկերոջ ու գործընկերոջ` Միշել Պետրոսյանի հետ կիսել այս երաժշտական փորձառությունը` շատ հետաքրքիր թեմայով: Բալետի հիմքում ընկած է եզդիական մշակույթը եւ նրանց 7 հրեշտակների թեմաները, ֆրանսահայ բալետմայստեր  է աշխատել` Միշել Հալե Եղայանը: Ստեղծագործական պրոցեսը շատ բարդ էր, քանի որ գործ ունեինք հարակից արվեստի մի ճյուղի հետ»,-ասաց կոմպոզիտորը: Նա հույս ունի, որ հետաքրքիր գործ է ստեղծվել: Նրա խոսքով՝ բալետի գլխավոր ուղերձն է հնարավորություն տալ իրերին նայելու այլ տեսանկյունից:

«Հայերը չպետք է ընկալվեն որպես միայն խաչքար համբուրող թշվառ ժողովուրդ, որը միայն  հետ է նայում փառահեղ անցյալին, թեեւ փառահեղ անցյալը առկա է հենց Լեւոն Էսկենյանի «Գյուրջիեւ» անսամբլի միջոցով: Մենք պետք է նաեւ ցույց տանք, որ ունենք ժամանակակից արվեստ` ոչ միայն կենտրոնացած հայկական թեմատիկայի վրա, այլ օրինակ եզդիական հին առասպելներով, նաեւ՝ Կոմիտասի մանրանկարներով, կամերային երաժշտությամբ, այսինքն շատ տարբեր կերպերով »,-ասաց Միշել Պետրոսյանը: Նա հավելեց, որ մի գործ են ստեղծել երկու կոմպոզիտորներով միասին, բայց երկուսն էլ ունեն տարբեր մտածելակերպ:

«Գյուրջիեւ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը նշեց, որ վերջին մեկ տարում նոր մշակումներ է արել, բայց այս փառատոնում շեշտադրելի են լինելու Կոմիտասի ստեղծագործությունները. «Հատկապես պարերը փոխադրել եմ դաշնամուրի համար: Հետաքրքիր է երաժշտության միջոցով անդրադարձը պատմությանը: Օրինակ «Մշո շորորը» Մշո Սուրբ Կարապետ վանք ուխտագնացության ժամանակ են հիմնականում կատարել… Հեթանոսական ժամանակաշրջանից եկող ձայնային համադրությունները, երաժշտության միջավայրը, որ եղել է ուխտագնացության ժամանակ, այդ ստեղծագործության մեջ լիովին արտահայտվում է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031