Հայաստանի իշխանությունները որոշել են այսօրվանից՝ մարտի 15-ից, հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա ռեստորաններում, սրճարաններում արգելել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Տեղեկացնենք, որ այս արգելքի մասին որոշման նախագիծը փետրվարի 21-ին հանրային քննարկման էր դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Եւ հանրային քննարկման տեւողությունը սահմանված էր մինչեւ մարտի 8-ը: Խոսքը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի մասին է:
Քաղաքացիների կարծիք․
Նախ՝ նշենք, որ նախագիծը դիտվել է 638 անգամ, կողմ քվեարկել է 1, իսկ դեմ՝ 7 քաղաքացի: Ի դեպ, հանրային կարծիքներ կան նաեւ տեղադրված: Օրինակ, քաղաքացիներից մեկը նկատել է. «5․5 կետը խոչընդոտում է շուկայում ազատ մրցակցությանը և սահմանափակում է մանրածախ առևտրի կետերի կողմից իրենց գնային քաղաքականությունը որոշելու իրավունքը: Միևնույն ժամանակ, այս կետը հստակ չէ գրված, և այն պետք է կամ հանվի կամ էականորեն լրամշակվի և հստակեցվի»։
Սակայն առողջապահության նախարարությունը հարկ չի համարել խորանալ, միայն նշել է. «Առաջարկությունը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից»: Մեկ այլ քաղաքացու կարծիքով օրենքի նախագծի 5․6․2 կետը նույնպես ազդում է շուկայում ազատ մրցակցության վրա. «Ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքի կիրառումը կսահմանափակի մրցակցությունը շուկայում՝ հատկապես շուկա նոր մուտք կատարող ծխախոտային ընկերությունների և իրենց արտադրանքի համար (ներկայումս ՀՀ-ում գործում են 4 նոր տեղական արտադրողներ): Բացի դրանից, ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանում մանրածախ առևտրի կետերի վրա՝ լրջորեն նվազեցնելով նրանց եկամուտը»:
Կարդացեք նաև
Բարձրացված այս խնդիրը ԱՆ-ն դարձյալ համարել է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից դուրս: Բայց ուշագրավն այն է, որ որքան էլ հանրային կարծիքներն ավելանան, միեւնույն է՝ առողջապահության նախարարությանը դա չի հետաքրքրում, քանի նախագիծը փետրվարի 21-ին է հանրային քննարկման դրվել, իսկ ընդամենը երկու օր անց՝ փետրվարի 23-ին այն հայտնվել է կառավարության նիստի օրակարգում: Այսինքն, հանվել է հանրային քննարկումից եւ ներառվել չզեկուցվող հարցերի շարքում: Ինչպես ասում են՝ կառավարությունը թաքուն-թաքուն քննարկել եւ հավանություն է տվել նախագծին, այն դեպքում, երբ այն դեռ 15 օր պետք է մնար հանրային քննարկման: Չէ որ հանրային քննարկումների տեւողություն առնվազն 15 օր է: Եւ տնտեսվարողները, քաղաքացիները չեն հասցրել ուսումնասիրել եւ հասկանալ նախագիծը, դրանում ներառված կետերը:
Հետեւաբար, անհասկանալի է, թե ինչու է կառավարությունը նման նախագիծը հապշտապ քննարկել նիստում՝ այն հանրային քննարկման դնելու երրորդ օրը եւ որեւէ բացատրություն չի տվել, թե ինչու է այն հանրային քննարկումից շուտ հանել: Բայց արձանագրենք, որ այս նախագծի համար սահմանված ժամանակահատվածը շատ կարճ է՝ այն քննարկելու համար, հաշվի առնելով հարցի կարեւորությունը:
Մասնագետի կարծիք․
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, ՀՀ առողջապահության նախարարության այն որոշումը, ըստ որի մարտի 15-ից փակ տարածքներում, այդ թվում սրճարաններում ու ռեստորաններում, նաեւ՝ բացօթյա, արգելվում է ծխելը, բացասական կանդրադառնա տնտեսվարողների գործունեության վրա: Նախ՝ կնվազեն շրջանառության ծավալները: «Պետք է կանխատեսենք, որ սկզբնական շրջանում, միգուցե մի շարք էլիտար սրճարաններ, ռեստորաններ պահպանեն այդ սահմանափակումը, բայց տեսնելով, որ հաճախորդների թիվը պակասում է, նրանք հրաժարվեն այդ սահմանափակումը պահպանել, ինչպես տեղի ունեցավ QR կոդերի դեպքում: Այսինքն, վերջին շրջանում կառավարության կողմից ընդունված այդ բարեփոխումներն այդպես էլ չեն կատարվում, մնացել են հիմնականում թղթի վրա, մի քանի ցուցադրական պատիժներ եղան եւ այդքանը: Ներկայումս որեւէ սահմանափակում եւ որեւէ վերահսկողություն չկա առեւտրի ոլորտում: Այս, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտը բարձիթողի վիճակում է»- նկատեց տնտեսագետը:
Տնտեսվարողի կարծիք․
Իսկ ահա Ռեստորանների ասոցիացիա Հանրային կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանի խոսքով, առողջապահության նախարարությունն առաջարկում էր փոփոխություն մտցնել օրենքի նախագծում՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների արգելքի մասով, բայց հանրային քննարկման ժամկետները չի պահպանել:
«Ինչ-որ պատճառներից ելնելով հապճեպ բան են արել, արագ հանել են հանրային քննարկումից եւ տարել կառավարություն: Ընդ որում՝ չզեկուցվողով: Հիմա հարց է առաջանում՝ այս մարդիկ ինչ իրենք ցանկանան, անելո՞ւ են: Հիմա տանելու են Ազգային ժողով, մենք անպայման այս հարցի վրա ուշադրությունը հրավիրելու ենք: Ի՞նչ է առողջապահության պատասխանատուներն ինդուլգենցիա ունեն օրենք, կանոն խախտելու, ո՞վ է իրենց թույլ տվել, որ իրենք կարող են աջ ու ձախ այդպես ոտնահարել մարդկանց իրավունքները»:
Մասնագետի համոզմամբ, սա շատ վտանգավոր օրենք է եւ տնտեսվարողներին դնում է դժվար կացության մեջ. «Առողջապահության նախարարության վերջին բոլոր հրամանները տնտեսվարողին առանց հնարավորություն տալու օրենքը կատարելու, հանում են մեղավոր»:
Մասնագետի խոսքով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վերաբերյալ օրենքներն այլ ձեւով են կարգավորվում: «Այսինքն Հայաստանում ավելի խելոք ու ավելի բանիմաց գիտնականներ են աշխատում, հա՞… Թորոսյան Արսենը կարողանում է լավ տարբերել այդ վնասը, քան Ամերիկայում: Սա կոպտագույն սխալ է, ոտնահարում է սպառողների եւ տնտեսվարողների իրավունքները. այս օրենքը, կոռուպցիոն ռիսկեր, օրենքը խախտելու հնարավորություններ է առաջացնում: Բոլորի մոտ թողնում է բացասական հետեւանքներ»,- արձանագրեց Բարսեղյանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Ազգային ժողովը մարտի 9-ին, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում ներառված է եղել նաեւ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ