Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտավոր ենք նույնն անել, որ վաղը թիկունք ունենանք»

Մարտ 18,2022 12:30

Հարցազրույց սիրված դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի հետ

– Տիկին Գրիգորյան, 2019 թվականից ձեր թատրոնի խաղացանկը, ավելի ճիշտ՝ յուրաքանչյուր թատերաշրջան, նվիրվում է մի երկրի՝ ներկայացնելով բանաստեղծի, արձակագրի եւ, իհարկե, դասական ու ժամանակակից դրամատուրգների ստեղծագործություններ։ Ամերիկյան թատերաշրջանը կամ տարին ավարտվում է եւ…

– Եվ քանի որ 2022թ. հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, անդրադարձանք իրանցի ստեղծագործողներին։ Վերջերս իրականացրինք իրանցի դրամատուրգ Ղոթբեդդին Սադեղիի «7 անհետացած ցեղերը» թատերայնացված ընթերցանությունը։ Հայաստանում Իրանի դեսպանատան հետ համատեղ կարճամետրաժ ֆիլմ ենք նկարահանել՝ «6.60», որի ռեժիսորն է Յունես Մոհամմադին։ Պրեմիերան նախատեսված է մայիսին։ Ցանկություն ունենք նաեւ հրավիրել ու մեր բեմում ներկայացնել իրանական որեւէ թատրոնի կամ թատրոնների ներկայացումներ եւս։

– Փետրվարին թատրոնը մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվող ամենամեծ՝ «Ֆաջր» փառատոնին։ Փոքր-ինչ կմանրամասնե՞ք։

– Հանդես եկանք Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան) բեմադրությամբ, խաղացինք նաեւ Սպահանում եւ Թեհրանում՝ հայ համայնքի համար։

– Փաստ է, որ թատրոնն ունի միջազգային փառատոներին մասնակցելու մեծ փորձ, ավելին՝ արժանացել է բացառապես Գրան պրիների եւ առաջին մրցանակների։ 2021թ. Մոսկվայում կայացած չեխովյան եւ Վլադիվոստոկի՝ Առաջին խաղաղօվկիանոսյան փառատոներից հետո դուք անձամբ բեմադրություն իրականացնելու հրավեր եք ստացել Մոսկվայի Տագանկայի թատրոնից։ Մի թատրոնից, որն ունի ավանդույթներ։ Միայն մեկ օրինակ՝ այստեղ Վիսոցկին է բեմ բարձրացել Համլետի կերպարով… Դա իսկապես մեծ պատասխանատվություն է։

– Օրերս եմ մեր թատրոնի բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդոյի հետ վերադարձել Մոսկվայից, առաջարկը ստացել եմ թատրոնի տնօրենից, որն իմ ընտրությանը թողեց ռուս դասականներից որեւէ գործ։ Ես ընտրել եմ Տուրգենեւի «Մումուն»։ Մենք այնտեղ ծանոթացանք բեմի հնարավորություններին, տեխնիկական հագեցածությանը, ծանոթացանք կոմպոզիտոր Արտյոմ Կիմի հետ, դերաբաշխում կատարեցինք։ Թատրոնի արտիստական խումբը մեծ է՝ 120 դերասան, հետեւաբար ընտրությունը բարդ էր։ Ստեղծագործական այլ հարցեր էլ հասցրինք լուծել. կոմպոզիտորի ցանկությամբ բեմադրությանը մասնակից պետք է լինի կենդանի նվագախումբ եւ, պատկերացնո՞ւմ եք, պարզվեց, որ արտիստական խմբում կան դերասաններ, որոնք պրոֆեսիոնալ երաժիշտներ են՝ դաշնակահարից մինչեւ թավջութակահար ու բայանահար… Բեմադրության պրեմիերան նախատեսված է 2023թ., չեխովյան փառատոնի շրջանակներում։ Դեռ այսքանը։

– Մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, կկայանա ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, հետաքրքիր է՝ ի՞նչ անվանակարգերում է ներկայանալու թատրոնը։

– Մենք «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում ներկայացրել ենք Մերի Մարգարյանի ռեժիսուրայով Վուդի Ալենի «Ճախրող լամպը», իսկ «Լավագույն ներկայացում» անվանակարգում՝ Օ Հենրիի «…եւ նորից Գարունը» (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան)։

– Գիտենք, որ Երեւանի երաժշտական կամերային թատրոնի լուծարումից հետո ձեզ մոտ են տեղափոխվել այդ թատրոնի մի քանի դերասաններ եւ, ընդհանրապես, Համազգային թատրոնն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունի, հետեւաբար սերնդափոխության հարց կա։ Ասում են, որ դուք եւ Արման Նավասարդյանը ժամանակին հրաժարվել եք դերասանի ձեր հաստիքներից, հրավիրելով երիտասարդների։

– Այո, նման բան եղել է։ Հրավիրում ենք նաեւ երիտասարդների՝ ելույթավճարներով։ Իսկ ընթացիկ տարվա սկզբից մեր թատրոնի արտիստական խումբը համալրվեց երաժշտական կամերային թատրոնի 7 դերասաններով, որոնցից 3-ն արդեն զբաղված են խաղացանկային «Ճախրող լամպը» եւ «…եւ նորից Գարուն» ներկայացումներում։ Ի դեպ, Սոս Սարգսյանն ու Հրաչյա Գասպարյանը մեզ մեծ դասեր են տվել, փորձառություն փոխանցել, իսկ այսօր մենք ենք պարտավոր նույնն անել, որ վաղը թիկունք ունենանք։

– Նորություն հայտնած չենք լինի, եթե ասենք, որ ոչ միայն ճանաչված, այլեւ սիրված արվեստագետ եք։ Վերջին շրջանում հաճախ ենք լսում, թե Նարինե Գրիգորյանը ինչո՞ւ չի անդրադառնում օպերային ժանրին նույնպես։

– Եթե պոեզիան համարենք երաժշտություն, ապա մեր թատրոնում ես իրականացրել եմ երաժշտական ներկայացում (ժպտում է), նկատի ունեմ «Լոռեցի Սաքոն»։ Ըստ էության ես բալետի սիրահար եմ։ Եվ կոնկրետ մեր թատրոնում էլ նախապատվությունը տալիս եմ շարժմանը, քան խոսքին։ Իսկ ինչ կա որ, գուցե մի օր բալետի անդրադառնամ։ Հասկանալի է, որ ասածս գուցե չափազանց համարձակ է, բայց կյանքն էլ անկանխատեսելի է, հնարավոր է՝ որեւէ բալետմայստեր համագործակցությանս կարիքն ունենա…

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031