Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարող է անել միայնակ մնացած Արցախն այս իրավիճակում

Մարտ 18,2022 13:00
lxh

Թե ինչ է կատարվում այսօր աշխարհում, բոլորին է հայտնի: Տեղի է ունենում այն, ինչը սպասելի էր եւ հասունացավ դրա սկսվելու ժամանակը: Բացառված չէ նաեւ, որ դրվում է հերթական համաշխարհային պատերազմի սկիզբը: Մոտ երեք շաբաթ է, ինչ սկսել է ռուս-ուկրաինական պատերազմը, որն ուղեկցվում է լրիվ անհասկանալի սցենարներով, քանզի Զելենսկու հրամանով Ուկրաինայի քաղաքներում, Դոնբասում, Լուգանսկում խաղաղ բնակչությանը կենդանի վահան դարձրած, նրանք լիովին արգելակում են ռուսական զորքերի առաջխաղացումը եւ կանխում նրանց հետագա քայլերը, քանզի այդ պարագայում բացարձակապես անհնարին է պատանդառու բնակչության ազատագրումը:

Այս իրավիճակում Ադրբեջանն ու Թուրքիան սպասում են հարմար պահի, որ վերսկսեն իրենց լայնածավալ հարձակումը պարտված Հայաստանից ոչ մի օգնություն չակնկալող եւ թուլացած ու միայնակ մնացած Արցախի վրա: Ի՞նչ կարող է անել միայնակ մնացած Արցախն այս իրավիճակում: Նայած ի՞նչ ծավալի հարձակում կսկսի հրեշավոր տանդեմը, դրանից հետո պարզ կլինի, թե ինչ ռազմավարություն եւ մարտավարություն կընտրի Արցախը եւ ինչի կհասնի, եթե դարձյալ գլուխ չբարձրացնեն դավաճանությունները, ինչպես նաեւ, որքանով կմիջամտի աշխարհի հայությունն այս վերսկսված պատերազմին: Եթե Ռուսաստանը նորմալ չմիջամտի, քանի որ ճակատագրական պատերազմի մեջ է, նրա դեմ բազմապիսի ուղղություններով դուրս են եկել շատ երկրներ, եւ չափազանց լուրջ պայքար է տանում նացիստական աշխարհի դեմ, դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞ շեղվել այդ կարեւորագույն հարցերից եւ փորձի օգտակար լինել Արցախին: Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հարցազրույցից պարզ է դառնում, թե ինչու ռուս խաղաղապահներն ակտիվ միջամտություն չեն իրականացնում Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացման ուղղությամբ կատարվող ռազմական գործողությունների ուղղությամբ. «Համաձայնագրի շուրջ հնարավոր չէ բանակցել, քանի որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հետ բանակցություններում հավասար կողմ չի համարվում», ինչպես նաեւ նա իր զարմանքը հայտնեց «Բաղրամյան 26»-ի տելեգրամյան ալիքներում Ռուսաստանի վերաբերյալ հայտնված տեղեկատվության առումով եւ Հայաստանից նեղվածությունից ելնելով ավելացրել է նաեւ, որ «դեռեւս հաստատված չէ խաղաղապահների մանդատը, որը հավանաբար՝ ուղղակի առիթ է նման բարձրաձայնման համար»:

Կարծում եմ, որ պետք է իրատես լինել եւ իրերը կոչել իրենց անուններով: Փաստացի Արցախը միայնակ հայտնվել է այնպիսի ճակատագրական վիճակում, որ դրանից հրաշքով կարող է դուրս գալ միայն մի դեպքում, եթե աշխարհի ողջ հայությունը համախմբվի եւ միասնական ուժերով փորձի հրաշքով փրկել Արցախը, այլապես թշնամին կխլի նաեւ Արցախի՝ մնացած փոքրիկ տարածքը եւ Արցախից չի մնա անգամ անունը: Կոչ եմ հնչեցնում աշխարհի ողջ հայությանը. սա Արցախը փրկելու հայության վերջին շանսն է, կողքի դրեք ամեն ինչ, հավաքվեք, միակամվեք եւ փորձեք հրաշքով փրկել Արցախը, որը նաեւ Հայաստան աշխարհի փրկությունն է, այլապես կզրկվենք եւ Հայաստան երկրից, եւ Հայաստան պետությունից, եւ պետականությունից: Կկարողանանք, ուրեմն կփրկվենք ու փառք ու պատիվ մեզ, չենք կարողանա՝ ոտքի տակ կկորչենք, կգնանք, ուրեմն սա էր հազարամյակների մեր ճակատագիրը:

Փաստացի սա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը եւ կունենանք այն, կարժանանանք նրան, ինչ կանենք:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031