Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընկերոջս մասին կամ սպասումի դիմանկար

Մարտ 18,2022 12:00

«Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է»,-Ֆրանկլինի հայտնի տողերը խոսում են այն մասին, թե ինչքան կարեւոր է ընկերությունը մարդու համար, ինչպես հայրենիքը: Ինչպես հայրենիքը, այնպես էլ ընկերոջը սիրում են՝ ինչպիսին նա կա: Այս տողերը չէի գրի, եթե ներսս համոզված չլիներ վերոհիշյալի իսկությանը: Ինչ խոսք, կյանքում մեզ հանդիպած յուրաքանչյուր մարդ ուրույն առաքելություն ունի: Նաեւ այդօրինակ առաքելությունն ունի այսօրվա նամակս՝ ոչ թե ուղղված ընկերոջս, այլ նրա՝ հայ զինվորի մասին պատմող: Ընկերս՝ Արմեն Ծատուրյանը, հայոց բանակի երդվյալ զինվոր է՝ էությամբ հավասարակշռված, բարության ու իսկական հայի մարմնացում: Չեմ վախենում չափազանցության մեջ մեղադրվելուց, բայց ասեմ՝ այդօրինակ հատկանիշներով օժտված երիտասարդների մեր օրերում քիչ ենք հանդիպում: Արմենը մարդկային կերպարն ազնվացնող կարեւորագույն արժեքների կրողն է: Նա խորաբովանդակ է, զուսպ ու կազմակերպված: Պարզության մեջ իսկույն նրա հոգատարության շոշափելի զգացումն է նկատվում, ուշադիր վերաբերմունքը երեւույթներին եւ մարդկային կյանքի ընթացքին: Նրա գնահատող տեսակն ընդհանրացնելու համար երկար պրպտումների կարիք չկա: Գիտի՝ ինչպես եւ ինչ է անում: Թվում է՝ հիմա մի քիչ հեռու ենք իրարից: Երբ ասացի՝ Արմեն, երկու տարի ծառայելու ես, գաս, բայց գիտե՞ս՝ քեզ շատ ենք կարոտելու, պատասխանեց. «Շուտ կծառայեմ, գամ, չեք էլ զգա»: Արդեն զգում ենք…

Արմենի հետաքրքրությունների շրջանակը լայն է, սակայն ամեն ինչ չէ, որ ի ցույց է դնում: Ընտրել է արվեստի կառավարչի մասնագիտությունը: Կազմակերպչական-ստեղծարարական ջիղը վաղուց է նկատվել նրա մոտ, իսկ ճանապարհը նրան սխալ տեղ չտարավ՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Ինքն իր հիմնած «Դարք» կազմակերպության երիտասարդների հետ տարաբնույթ համերգներ ու միջոցառումներ են կազմակերպել: Իր ակտիվ գործունեության առանցքում արվեստն է, որը սկսվում եւ չի վերջանում՝ նոր գաղափարների պատճառ հանդիսանալով: Ճիշտ կլինի ասել՝ լավ ընկերներին չեն ընտրում, հանդիպում են ճիշտ տեղում եւ ժամանակին: Իսկ ժամանակը միշտ անակնկալներ ունենում է: Եվ այսօր, այս տողերը գրում եմ ընկերոջս եւ բոլոր հայ զինվորների մասին, որ իմանան՝ միշտ մեր սրտերում ու մտքերում են: «Զինվորի դիմանկարի էսքիզներ» էսսեն նվիրում եմ ընկերոջս՝ ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող շարքային Արմեն Ծատուրյանին:

«Քրքրել եմ ամեն տեղ` թե՛ համացանցում, թե՛ գրքերում, թե՛ թերթերում… տեսնեմ ուրիշ երկրում քեզ նման կա՞։ Չգտա։ Դու աշխարհի բոլոր զինվորներից տարբերվող ես, ուղղակի մենք բոլորս քիչ ենք, որ քո կատարածը լիարժեք գնահատենք։
Դու մի ժայռ ես` որպես երկրի պատկեր, մի երկինք ես` որպես ամբողջական արարչություն, եւ դու շքանշանների կարիք չունես: Դու զինվոր ես ծնվել, ու դու հայ ես։ Մենք քո անունը տալիս ենք ամենուր` քնելիս, արթնանալիս, ճաշելիս, անգամ շնչելիս, որովհետեւ այդ ամենը դու ես մեզ պարգեւում` հսկելով սահմանի այն հատվածը, որը քեզ է վստահված։

Դու արժանապատիվ հայ ես, որովհետեւ կյանքիդ առաջին բանաձեւը հայրենիքին նվիրվելն է։ Այնպես ես նվիրվում, որ սկսում եմ հավատալ հեքիաթներում ու ֆիլմերում տեղ գտած անհավատալի հերոսություններին։ Դու ապացուցում ես քո օրինակով։ Իմ երկիրը, քո երկիրը այնքան փոքր է, որ մի քիչ ուժեղ գրկենք` լաց կլինի, զինվո՛րս։ Դու սովորեցնում ես, թե ինչպես սիրենք ու փայփայենք մեր ձեռքերի մեջ։ Բայց չեմ իմանում, թե ինչու է մեր ձեռքերը միշտ մի քանի մետր կամ կիլոմետր այն կողմ խրամատ շոշափում։ Երեւի ճակատագիր է, ի՛նչ արած։

Գունավոր, անգույն, անհետաքրքիր ու հետաքրքիր ճակատագիրը քեզ չի կարող փոխել, որովհետեւ դու նա ես, ում վստահում է մի ազգ, եւ այո, ամենաշատը վստահում եմ ես՝ քո ընկերը։ Անգամ հայրենիքն է քեզ վստահում, որովհետեւ դու իր պաշտպանն ես։ Ես ասում էի, որ անցյալը հորինվածք է, բայց հիմա նոր-նոր մտածում եմ, որ ամեն ինչ եղել է. քեզանից առաջ հայրդ էր, հորիցդ առաջ` պապդ…Դու քո արարքներով համոզում ես, որ եղել ենք ու պիտի լինենք` առանց ավելորդ փառասիրության, առանց օտարամոլության։ Համոզել ու համոզում ես, որ ճիշտն ու սկզբունքայինը մերը պահելն ու պահպանելն է։ Եվ դու իրավացի ես, զինվո՛րս։ Քո երիտասարդ ոգին խիզախում է իմաստությամբ։ Քո մտքի արահետները համառորեն բռունցքում են հայրենասիրության գաղափարը։ Դու հայրենիքի կատարյալ պաշտպանն ես ու մեր գոյության իրական երաշխավորը։ Պի՛նդ մնա, ընկերս: Սպասում եմ հաղթական վերադարձիդ…»:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031