Հայաստանի Հանրապետության դատախազ Արթուր Դավթյանին Շենգավիթ վարչական շրջանի դատախազության գործողությունների հետ կապված բողոքով դիմել է Արտաշիսյան խճուղի 49/2 հասցեի բնակիչ Պավել Ասիլյանը:
Կենսաթոշակառուն (աշխատել է որպես զինղեկ) հայտնել էր, որ 2018 թվականի հունիսի 24-ին իր եւ «Սպայկա», «Արմսանպրոդակտ» ընկերությունների միջեւ կնքվել է համաձայնագիր, որով վերջինիս է փոխանցվել 0, 20 հա հողատարածք: Հետագայում տեղեկացել է, որ իր հողատարածքը խաբեությամբ յուրացվել է եւ տարեց մարդն իր ընտանիքի հետ մնացել է լուսանկարում պատկերված վագոնի մեջ: Նախ, որտեղից քաղաքացուն այդ տարածքը: Պավել Ասիլյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Մ. Սարգսյանի հետ կնքվել է «Պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին» օրինակելի պայմանագիր, որպես օգտագործում ստացել է հողակտոր նշված՝ Արտաշիսյան խճուղում, որից հետո նա կանոնավոր կատարել է պետական բոլոր վճարումները: Նա 1993-2018թթ. իր ընտանիքի հետ զբաղեցրել է նշված տարածքը:
2018 թվականին Պավել Ասիլյանի հետ կապ են հաստատում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչները, տնօրենը՝ Դավիթ Ղազարյանը, հայտնելով, որ ՀՀ կառավարությունն իր 762-Ա որոշմամբ հաստատել է իրենց ներդրումային ծրագիրը, եւ ցանկություն են հայտնում գնել Պավել Ասիլյանի հողատարածքը: Շահառուները երկուսն էին՝ «Սպայկա»-ն եւ «Արմսանպրոդակտ» ՍՊ ընկերությունները: Կողմերը կնքում են համաձայնագիր: Ասիլյանին համոզում են հրաժարվել 86, 8 հա գտնվող իր 0, 20 հա հողատարածքից, քանի որ այն գտնվում էր պլանային աշխատանքների տակ (ջերմոցի կառուցման) եւ տրամադրում են 86, 8 հա-ից 0, 20 հա հողատարածք, որի վրա հետագայում ընկերությունը կառուցում է բարձրավոլտ հենասյան սյուները, քաջատեղյալ լինելով, որ բարձրավոլտ հենասյան սյուների տակ երբեւէ չի կարող տրվել սեփականության իրավունքի փաստաթուղթ:
Իսկ իրեն համաձայնագրով տրվելիքը չի տրվում այդպես էլ: Փաստաբան ներկայացուցիչը դիմում է ընկերությանը՝ տեղեկանալու ծրագրի ավարտի, ընթացքի մասին: 2020թ. սեպտեմբերին ընկերությունը պատասխանում է, թե ծրագիրը չի ավարտվել, եւ որ այն ընթացքի մեջ է: Քաղաքացին ու նրա փաստաբան ներկայացուցիչը հետագայում տեղեկանում են, որ իրականում համաձայնագիրը կնքվել է «Արմսան» ՍՊ ընկերության հետ, իսկ համաձայնագրի վրա էլ դրված է «Ավտոգլոբ» ՍՊ ընկերության կնիքը:
Կարդացեք նաև
Ըստ այդմ, քաղաքացին, իրեն համարելով տուժող, հանցագործության մասին հաղորդումով դիմում է ոստիկանության Շենգավիթի բաժին՝ քրեական գործ հարուցելու համար:
Նշեմ, որ նրա ներկայացուցիչն էր «Ֆեմիդա հաուզ» իրավաբանական գրասենյակի լիազոր ներկայացուցիչ Կ. Մակարյանը: Ի դեպ, ոստիկանությանը դիմելով՝ գրասենյակը հայտնել էր. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս փաստացի հանգամանքները վկայում են Պավել Ասիլյանի գույքը ենթադրյալ խաբեությամբ յուրացնելու հիմնավոր կասկածի մասին, գտնում ենք, որ բավարար հիմքեր կան՝ դիմումում նշված հանգամանքները հաստատվելու դեպքում քննություն իրականացնելու համար»:
«Առավոտի» տրամադրության տակ գտնվող համաձայնագրից պարզում ենք, որ առաջին կետով «Արմսան» ընկերությունը պարտավորվել է, ներդրումային ծրագիրն ավարտված լինելուց անմիջապես հետո, տալ իր համաձայնությունը Անշարժ գույքի պետական կոմիտեի կողմից Պավել Ասիլյանի անունով որպես սեփականություն գրանցվի ընկերության տարածքում տվյալ պահին փաստացի զբաղեցրած 0, 20 հա հողամասը, ինչի դիմաց Ասիլյանը «Արմսան» ընկերությանը ոչ մի գումար չպետք է վճարի: Ինչո՞ւ է այս պահին հրապարակայնացվում խնդիրը: Պարզվում է, որ 2020թ. նոյեմբերի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննիչի կողմից կայացվել է որոշում՝ «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին», որը ոչ միայն քաղաքացուն, այլ «Ֆեմիդա հաուզ» իրավաբանական ընկերությանը չի ուղարկվել:
Այս տարվա փետրվարի 22-ին ընկերությունը դիմում է ուղարկել Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն, որից ստացվել է կազմված նյութերի պատճենները, այդ թվում՝ հետաքննիչի որոշումը:
Ի՞նչ է ստացվել, երկու տարի մարդը զրկված է եղել իր իրավունքների պատշաճ պաշտպանությունից ու իրացման հնարավորությունից, ինչու ոչ՝ նաեւ դատավարական հնարավորություններից:
Ոստիկանության հետաքննիչն էլ հարկ չի համարել ճշտել, թե «Արմսան» եւ «Ավտոգլոբ» ընկերությունները ինչու հայտնվեցին կնիքի վրա, համաձայնագրի, մանավանդ որ, տուժողի փաստաբանները պնդում են, թե այլ ընկերության մի աշխատակից է կնքել, ով հայտնի չէ՝ ունե՞ր իրավասություն նախ կնիքն իր մոտ ունենալու, ապա՝ կնքելու: Հետաքննիչի մոտ բացատրություն տված «Արմսանպրոդակտ» ընկերության ներկայացուցիչ Վահե Խաչատրյանը հաստատել է, որ համաձայնագիրը կնքված է «Արմսան» ընկերության կնիքով. «Համաձայնագրում «Արմսանպրոդակտ»-ի փոխարեն «Արմսան» ՍՊԸ նշված լինելը եւ այլ ընկերության կնիքի առկայությունը տեխնիկական վրիպակի հետեւանք է, որի մասին ընկերությունն իմացավ այս օրը՝ բացատրության տրման օրը»:
Ընկերության ներկայացուցիչն անվերջ կրկնում է «բարի կամքի դրսեւորում» են ցուցաբերել, որպեսզի ներդրումային ծրագրի՝ Երեւանի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում կիսափակ ջերմոցային համալիրի ու բորբոսով պանրի գործարանի կառուցումից անմիջապես հետո սեփականությունը գրանցվի Պավել Ասիլյանի անունով:
Պավել Ասիլյանն այդ «բարի կամքի դրսեւորման» պատճառով իրեն հատկացված տարածքում չի կարողացել լիարժեք բնակվել, քանի որ այնտեղով անցնում է բարձրավոլտ հոսանք, ինչը պայմանավորվածությունների մեջ չի եղել, ընկերությունը պետք է վերականգներ նրա ապրուստի միջոց բերքատու ծառերը, ինչը նույնպես չի կատարել, նա չունի սեփականության իրավունքի վկայական, նրա բազմանդամ ընտանիքը մինչ օրս մնում է վարձակալած բնակարանում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Պատրաստ ենք «Սպայկա» ընկերության պատասխան խոսքը լսել:
«Առավոտ» օրաթերթ
17.03.2022