Հայաստանում մասնավոր ներդրումները խրախուսելու համար կառավարությունը տարբեր միջոցների է դիմում։ Հիմա էլ ներդրումներ բերելու համար գայթակղիչ բան է մտածել։ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջակվում է՝ «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» եւ «Գույք՝ ներդրումների դիմաց»։ Նախագծով առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաեւ համապատասխան գույքի տրամադրման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։
«Ներկայումս ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աստիճանը, չնայած վերջին տարիներին աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։ ՀՀ կառավարությունը, կարեւորություն տալով ներդրումային միջավայրի բարելավմանը եւ կառավարման համակարգի զարգացմանը եւ կատարելագործմանը՝ նպատակ ունի ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման, ինչպես նաև պետության կողմից անհրաժեշտ գույքի տրամադրման միջոցով ներգրավել նոր ներդրումներ»,-նշված է նախագծում։
Նախագծի հեղինակների ներկայացմամբ՝ «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» միջոցառմամբ նախատեսվում է ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծել, մասնավորապես՝ մասնավոր հատվածին օժանդակելով, իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրի տարածքում, ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչը կնպաստի ծրագրի կենսունակությունը, օրինակ՝ ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն եւ այլն: Ըստ այս նախագծի, կառավարության նպատակն է շահառուների համար ստեղծել ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, մասնավորապես՝ ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման եւ ջրահեռացման միջոցով։
Իսկ «Գույք՝ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակում, ինչպես նշված է նախագծում, կառավարությունը կօժանդակի մասնավոր հատվածին, իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրի համար անհրաժեշտ պետական գույքի՝ շենքի, շինության կամ հողատարածքի տրամադրմամբ: «Նպատակներից է նաեւ պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը․․․ Պետության կողմից օժանդակությունը տրվում է բացառապես անհրաժեշտ գույքի տրամադրման տեսքով։ Վերջինս շահառուներին տրամադրվում է սեփականության իրավունքով, եւ փոխանցված անշարժ գույքը համարվում է գրավադրված հօգուտ պետության մինչեւ ծրագրի իրագործումը»,-նշել են նախագծի հեղինակները։ Իսկ եթե ծրագիրը չի իրականացվում, ապա գույքը հետ է վերադարձվում կառավարությանը, ընդ որում, եթե այդ գույքը վնասվել է, ապա շահառուն պարտավոր է փոխհատուցել, ինչպես նաեւ շահառուն պարտավոր է կառավարությանը փոխհատուցել չստացված եկամուտը, եթե այդ գույքը կարող էր այլ պարագայում դրվել քաղաքացիական շրջանառության։
Կարդացեք նաև
«Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» միջոցառման իրականացմամբ էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է տարեկան ներգրավել ավելի քան 100 մլն դոլարի ներդրումներ, իսկ «Գույք՝ ներդրումների դիմաց» ծրագրով՝ 50 մլն դոլար։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ