Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը մոտ ժամանակներս լինելու է մոտավորապես Հյուսիսային Կորեայի նման մի երկիր». Արմեն Վարդանյան

Մարտ 17,2022 21:21

«Ռուսաստանը մոտ ժամանակներս լինելու է մոտավորապես Հյուսիսային Կորեայի նման մի երկիր: Իհարկե, մաքուր  Հյուսիսային Կորեա չի լինի, ամեն դեպքում ՌԴ-ն գերտերություն է, կունենա ինչ-որ դաշնակիցներ, բարեկամներ, որոնց հետ կհարաբերվի, բայց մեծ հաշվով Ռուսաստանն Արևմուտքի կողմից բոլոր հարթակներից դուրս է մղվելու»,- Aravot.am-ի հարցին՝ Ռուսաստանին Եվրոպայի խորհրդից հեռացնելն ընդհանրապես ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, մասնավորապես Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արտահերթ նստաշրջանի լիագումար նիստի ավարտին վեհաժողովն ընդունեց միասնական կարծիք, որով դիմելու է ԵԽ Նախարարների կոմիտեին, որպեսզի նա նախաձեռնի ՌԴ-ին ԵԽ-ից հեռացնելու գործընթաց:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ ակնհայտ է, որ Արևմուտքը սկսել է ՌԴ-ին անկյուն մղելու գործընթաց: Նա շարունակեց. «Բոլոր հնարավոր տեղերից Ռուսաստանին դուրս են մղում: Կհեռացնեն Արժույթի միջազգային հիմնադրամից,  Համաշխարհային բանկից, այսինքն ՝ Ռուսաստանին մեկուսացնում են քաղաքականապես, տնտեսապես և նաև հոգեբանական առումով: Հայաստանի վրա դա ուղղակի հետևանք չի թողնի: Օրինակ՝ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակները վերջին տարիներին Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող շատ հարցերում նույնիսկ Հայաստանի օգտին չեն քվեարկում: Ընդհանրապես կամ ձեռնպահ էին քվեարկում, կամ մեր դեմ: Օրինակ՝ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցով ռուսական կողմն անցյալ տարի դեմ էր քվեարկել: Նույնիսկ մարդիկ կարող էին չմասնակցել քվեարկությանը, չեզոք, ձեռնպահ լինել, բայց դա չարեցին, այլ դեմ քվեարկեցին: Այնպես որ, ՌԴ-ին ԵԽԽՎ-ից հեռացնելը Հայաստանի վրա որևէ բացասական ազդեցություն չի ունենա: Սա կբերի Ռուսաստանի՝ ավելի դեպի տոտալիտարիզմ գնալուն»:

Արմեն Վարդանյանի փաստմամբ՝ առանց այդ էլ Ռուսաստանը ժողովրդավարությունից շատ հեռու է, բայց ամեն դեպքում Ռուսաստանի՝ ԵԽԽՎ-ի և մի շարք այլ միջազգային կառույցների անդամ լինելը, ինչ-որ զսպիչ գործոն է. «Շատ դեպքերում ՌԴ-ի քաղաքացիները, եթե ներքին ատյաններում խնդիր էին ունենում, դիմում էին մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիմա այլևս չեն էլ կարող դիմել այնտեղ: Իսկ սա նշանակում է՝ Ռուսաստանի ձեռքերը բաց թողնել, և երկրում տոտալ կերպով վերահսկվելու է ամեն ինչ: Մարդու իրավունքների  խախտումներ են տեղի ունենալու, լուրջ հարված է հասցվելու ժողովրդավարությանը: Այս որոշումը ՌԴ համար այսպիսի ծանր հետևանքներ է ունենալու»:

Մեր հարցին՝ որպես ՀՀ-ի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի մեկուսացումը բացասական ազդեցություն չի՞ ունենա հենց Հայաստանի վրա, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Առանձնապես բացասական ազդեցություն չի ունենա: Ռուսաստանն առանց այդ էլ ոչ ժողովրդավարական երկիր էր ավտորիտարիզմի և տոտալիտարիզմի արանքում, և դա չէր ազդում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա: Իհարկե, ՀՀ շահերից է բխում, որ Ռուսաստանը լինի ժողովրդավարական երկիր: Մեզ համար լավ կլիներ, որ Պուտինի վարչակարգը փոխարինվեր ավելի ժողովրդավարով: Բայց եթե Արևմուտքին չի հաջողվում այդ վարչակարգը փոխել, այդ դեպքում  մեզ համար որևէ կապ չունի՝ ՌԴ-ն ԵԽԽՎ-ում է գտնվում կամ եվրոպական կառույցներից հանվո՞ւմ է, թե՝ ոչ: Մեծ հաշվով նույն Ռուսաստանն է, նույն բռնապետական վարչակազմը՝ իր կայսերապաշտական հավակնություններով: Նույն ռուսական իշխանություններն են, և դրանից, մեծ հաշվով, Հայաստանի համար մեծ բան չի փոխվում: Հայաստանի համար իրավիճակ կփոխվեր, եթե Ռուսաստանում վարչակարգ փոխվեր»:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ եվրոպական կառույցներից ՌԴ-ի դուրս գալը նույնիսկ ինչ-որ առումով ՀՀ-ի օգտին կլինի. «Մենք այլևս այդ կառույցում ՌԴ-ի հետ առնչվող բանաձևերում գլխացավանքի մեջ էլ չենք ընկնի: Բայց, իհարկե, վատ է, որ ամբողջովին դուրս գալով, ՌԴ-ին հեռացնելով այդ կառույցներից՝ ՌԴ-ն ավելի անկախ է դառնում՝ դրանից բխող հետևանքներով: Երբ արջին անկյուն են մղում, նա ավելի  անկանխատեսելի է դառնում, և չի բացառվում՝ ինչ-որ առումով դա ավելի անկանխատեսելի հետևանքների բերի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031