«Թուրքը մեր բարեկամը չի՛: Մենք հաղթանակի սերունդ ենք, ունենալու ենք հաղթանակներ: Դուք թաքուն բանակցում եք Արցախի խնդրի հետ կապված ու ժողովրդին չեք տեղեկացնում: Ձեր նախարարն ասում է՝ ժողովուրդը կողմ է հայ-թուրքական հարաբերություների բարելավմանը, իսկ մենք ասում ենք, որ մենք կողմ չենք, թուրքը թշնամի է մեզ ու Հայաստանը երբեք չի դառնալու թուրքական վիլայեթ»,- այսօր կառավարության մոտ բողոքի ցույցի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
Կանգելով կառավարության շենքի առաջ՝ նա ասաց. «Այս շենքից գարշահոտ է փչում ու այդ գարշահոտը ադրբեջանական խավիարի հոտ է: Մենք վռնդելու ենք ադրբեջանական ու թուրքական բոլոր հպատակներին մեր երկրից:
Այսօր ՀՅԴ երիտասարդական միությունը, ՀՀԿ-ն , ուսանողական կազմակերպությունները բողոքի ցույց էին կազմակերպել ԱԳՆ շենքի մոտ, որից հետո, ինչպես տեղեկացրել ենք, ցույցի մասնակիցները երթով շարժվել էին դեպի կառավարություն՝ «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» կոչերով:
Կարդացեք նաև
Մինչ այդ ցուցարարները Արարատ Միրզոյանին նվերներ էին թողել՝ վարդագույն ակնոց, շորտ, գլխարկ, «չստիկներ»՝ Անթալիայում հանգստանալու համար: Նիկոլ Փաշինյանին նույնպես «նվեր» եղավ՝ գազի խողովակ. «Մատ թափ տալու ու այլ գռեհկաբանությունների փոխարեն մենք այս խողովակն ենք թափ տալիս եւ ասում՝ զբաղվեք գործով, որովհետեւ Արցախը առանց հայերի չի մնալու, բայց դուք առանց իշխանության վաղ թե ուշ, շատ մոտ ապագայում մնալու եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ