Այսօր Շիրակի մարզի մի քանի ֆերմերներ մամուլի ասուլիս էին հրավիրել ՝ բարձրաձայնելով գյուղատնտեսության ոլորտում տիրող բարձիթողի վիճակը։
Ըստ նրանց, թե’ պարարտանյութի, թե’ դիզվառելիքի սուբիսիդավորման և ոռոգման ջրի խնդրի լուծման հետ կապված որևէ տեղաշարժ չկա։
Ֆերմերները նախևառաջ բարձրաձայնեցին պարարտանյութի սուբսիդավորման հարցը՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։ Ըստ նրանց, կասկածներ կան, որ պարարտանյութի սուբսիդավորմամբ հնարավոր է յուրացումներ կատարվեն և որոշ մարդկանց գրպանները լցվեն։
Նրանց ձեռք տակ երկու փաստաթղթղեր էին, մեկը կառավարության որոշումն էր, մյուսը որոշման նախագիծը, երկու փաստաթղթերում էլ գրված է, որ Շիրակի մարզին անհրաժեշտ է 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական, 50 տոննա էլ կալիումական պարարտանյութ, այսինքն՝ հաշվարկը կատարված է ողջ մարզի պահանջարկով ու այս նպատակի համար 4,9 միլիարդ դրամ է դուրս գրված։
Կարդացեք նաև
«Եթե դու 5 հազար տոննայի պահանջարկը սուբսիդավորել ես, եղբայր, Շիրակի մարզի ողջ պահանջարկը հենց այդքան է՝ առանց սահմանափակումների, ապա ինչո՞ւ են սահմանափակումները, ինչո՞ւ ես որոշել 3 հեկտար հողատարածքը սուբսիդավորել, թե՞ որոշ մարդկանց գրպան ես ուզում հարստացնե՞ս»,-հարցնում էր ֆերմեր Գևորգ Ավագյանը։
Ֆերմեր Տիգրան Ավագյանն էլ նշեց, որ կառավարությունը նախքան սուբսիդավորման մասին որոշում կայացնելը, որոշման նախագիծն ուղարկել է իրենց, համաձայն որի՝ կոնկրետ Շիրակի մարզին անհրաժեշտ է 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական, 50 տոննա էլ կալիումական պարարտանյութ։
«Նախնական տարբերակով հենց այս հաշվարկն է և սա բոլորին է վերաբերում, այսինքն՝ այս քանակով ծածկվում է մարզի ողջ պահանջակը։ Հաստատված որոշման մեջ էլ, խնդրեմ, էլի նույն թիվն է ՝ 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական, 50 տոննա էլ կալիումական պարարտանյութ ու այս նպատակի համար բյուջեից դուրս է գրված 4,9 միլիարդ դրամ։
Հիմա անհասկանալի է, թե ինչո՞ւ են սահմանափակում դնում, ինչո՞ւ են 3 հեկտար հողատարածքի համար պարարտանյութը սուբսիդավորում, երբ իրենց նախանշած քանակը բավարար է ողջ մարզին՝ առանց սահմանափակման։ Եթե 3 հեկտարի սահմանափակում պիտի դրվի, ապա մարզին անհրաժեշտ պարարտանյութի քանակը քիչ պիտի լինի։
Թող սրանով իրավապահ մարմինները զբաղվեն, ես այս ոլորտից չեմ, բայց միտումը կա, էն որ ասում են հանցավոր կասկածի հիմք կա, հենց կա։
Ընկեր գլխավոր դատախազ, դուք էստեղ մտածելու բան չունե՞ք։
Եթե սահմանափակում եք դրել, պարարտանյութը սուբիսիդավորում եք 3 հեկտար հողատարածքի համար, այդ դեպքում 5 հազար տոննայից մոտավորապես 2 կամ 3 հազար տոննա 3 հեկտար սահմանաչափով մարդիկ կվերցնեին։ Բայց եթե դուք դրել եք 5 տոննայի սուբսիդիան, պետբյուջեից փողը պիտի դուրս գրեք՝ 4,9 միլիարդը, ենթադրում եմ, որ մի հատ ՍՊԸ կսարքեն, ժողովուրդն ինչ գիտի․ 3 հեկտար վերցրել է այդ պարարտանյութի չափով, էդ ՍՊԸ-ի անունով կգրեն, որ իբր մատակարարել են, կարող են հանգիստ ձևով արանքից կոպիտ ասած հանել», -ասացին ֆերմերները։
Գյուղատնտեսները նաև այլ վտանգներ են նախանշում, ըստ նրանց սահմանափակումներ դնելով՝ մարդկանց դրդում են հանցագործության։
«Ես կասկածներ ունեմ, որ ավելի շատ միտում կա։ Եթե մարդիկ դիմեն 3 հեկտարի համար, շատ վտանգավոր հարցեր կան, մարդկանց գերակշիռ մասին միտումնավոր քշում են քրեական դաշտ։ Այսինքն՝ մարդը պիտի գնա իր հարևանին ասի՝ եթե դու չես վերցնում պարարտանյութ, բեր քո անունով ես վերցնեմ։ Էն մյուսի հողներն էլ վարձակալությամբ են, չի էլ բերի, ներկայացնի, որ վարձակալությամբ է ցանում, կգնա, վարձակալի անունով կվերցնեի։ Էգուց մյուս օրն էլ՝ հանկարծ հարևանը գնա, դիմումը գրի, կամ համայնքի ղեկավարը կամ մարզպետարանից մեկը, թե՛ էդ մարդուն, թե՛տվողին, թե առնողին Քրեական օրենսգրքով պատասխանատվության կենթարկեն»,-ասաց Տիգրան Ավագյանը։
Ֆերմերները նաև մի այլ կարևոր հարց են բարձրաձայնում՝ կապված պարարտանյութի գնի հետ։ Ըստ նրանց, կառավարությունն այնքան ձգձգեց սուբիսդավորումը, որ գինը թանկացել է, նախանշված 19 հազար դրամը, որի կեսը պիտի վճարեր կառավարությունը, կեսը՝ ֆերմերը, այժմ բարձրացել է։
«Ըստ կառավարության ցուցակի՝ 14 մատակարարներ կան, պարարտանյութի գները դեռ հայտնի չեն, սակայն, ըստ խոսակցությունների, 23-24 հազար դրամ է, որից պետությունը կտա միայն 9 հազար դրամը։
Ի՞նչ ստացվեց, որ կառավարությունը իբր բարի քայլ արեց գյուղացիների հանդեպ, բայց արդյունքում գինը նորից բարձրացրեց, պարարտանյութի գինը սարքեցին 22-23 հազար դրամ, որից 9 հազար դրամն են տալիս»։
Ըստ ֆերմերների, այսօրվանից պարարտանյութի մատակարարումը պիտի սկսվեր, սակայն մատակարարները դեռ գին չգիտեն։
«Եթե գին ֆիսքված չէ, չգիտեմ 14 ընկերությունից ո՞րն է էժան տալիս, ո՞րը թանկ ու չգիտեմ՝ որի պարարտանյութը որ երկրինն է, ի՞նչ ձևի նշեմ ընկերությանը։ Կա՞ էդպիսի բան կա աշխարհում՝ որ գնաս, հայտ ներկայացնես, ասես՝ եկել եմ պարարտանյութ առնելու, բայց չգիտենք գինը»,-ասում էին բանախոսները։
Ֆերմերները կառավարությանը նախազգուշացնում են՝ եթե սուբսիդիա չեղավ, գյուղատնտեսությունը «կտրաքի»։
«Դու մինչև հիմա գին չես ֆիքսում, գյուղացուն թողնում ես մենակ․ ով ինչ գին ուզի, կրակի, բա պետությունից ես խոսում։ Առանց այն էլ էն աստիճանի ենք, որ ոչինչ չենք կարող մշակել էս գներով», – ասաց Գևորգ Մխիթարյանը։
Ըստ նրանց, ամեն ինչ արվում է, որ գյուղացիները հողերը չցանեն, հրաժարվեն հողերից, իսկ, ոմանք, որոնք պատրաստ են ցանկացած դրոշի տակ էլ ապրելու, ձեռք բերեն դրանք՝ դառնալով օլիգարխներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ