Այսօր ՀՅԴ երիտասարդական միությունը, ՀՀԿ-ն , ուսանողական կազմակերպությունները բողոքի ցույց էին կազմակերպել ԱԳՆ շենքի մոտ, որից հետո, ինչպես տեղեկացրել ենք, ցույցի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարություն՝ «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» կոչերով:
ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը, որը ապրիլյան, 44-օրյա պատերազմի մասնակից է, իր ելույթում ասաց, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը Նիկոլ Փաշինյանի տեսլականից են բխում. «Եկել ենք ասենք, որ մենք չենք վախենալու, մեզ ճնշումներով չեք կարողանալու լռեցնել: Եթե մենք մեր հայրենիքը կորցրեցինք, մնացած հատվածն էլ կորցրեցինք, Նիկոլ Փաշինյա՛ն, մենք էլ կորցնելու բան չենք ունենալու, լավ իմացիր: Մենք Արցախի ամեն մի թիզ հողի համար պայքարելու ենք: Նիկոլ Փաշինյանն իր թիմով ուզում է հիմա իրականացնել Արցախի հայաթափում, որ շատ հեշտ ձեւով հանձնի Ադրբեջանին, որ ասի՝ մարդ չկար այնտեղ, որ պահեին:
Դուք արդեն կանխատեսելի եք զրոյից մինչեւ 100 աստիճան: Դուք կարող եք գնալ ու քիրվայություն անել թուրքերի հետ, Անթալիաներում կարող եք հանգստանաք, բայց թույլ չենք տալու հայաթափում անեք: Երբ մենք ասում ենք ձեզ հողատու, չենք վիրավորում, ասում ենք ձեր էությունը: Դուք ամեն օր Հայաստանի հողից, հայ ժողովրդին պատկանող իրավունքներից զիջում եք թուրքին՝ ձեր աթոռը պահպանելու համար: Երբ մենք ձեզ ասում ենք դավաճան, մենք ձեզ չենք վիրավորում, փաստն ենք արձանագրում, դուք դավաճանել եք հայի կռվող տեսակին, այն տղերքին, ովքեր Արցախը ազատագրեցին: Ալիեւը լավ գիտի, որ Հադրութը, Շուշին օկուպացված է, հայ ժողովուրդը պատրաստվելու է պատերազմի, որպեսզի տիրի խաղաղություն: Դուք ներկայացնում եք թուրքերի շահերը ու ձեր կառավարության ծրագիրը բխում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից, Մեծ թուրանի ծրագիրն եք իրականացնում: Դուք ինչ բարդ պայմաններ էլ ստեղծեք, դա մեզ չի խանգարելու մեր հայրենիքը պաշտպանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ