Այսօր ՀՅԴ երիտասարդական միությունը, ՀՀԿ-ն , ուսանողական կազմակերպությունները բողոքի ցույց էին կազմակերպել ԱԳՆ շենքի մոտ, որից հետո, ինչպես տեղեկացրել ենք, ցույցի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարություն՝ «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» կոչերով:
Կառավարության առջեւ տեղակայված ոստիկաները թույլ չէին տալիս բարձրախոսներով խոսել: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը բանակցեց ոստիկանների հետ՝ ասելով. «Եթե այս շենքում այդպես բարձրախոսներով խոսել արգելող տղերք են, թող գնան ադրբեջանցիներին արգելեն բարձրախոսներով խոսել: Ես բարձրախոս օգտագործելու եմ, եթե ինչ-որ մեկը պետք է ինձ խոչընդոտի՝ խնդրեմ»:
Հետո Մամիջանյանը, բարձրախոսով դիմելով հավաքվածներին, ասաց. «Բարձրախոսով խոսելը խանգարում է, որ կառավարության շենքում եղած մարդիկ հերթական հակահայկական գործն անեն: Այս ակցիան խաղաղ անհնազանդության ակցիա է, որը ցույց է տալիս այս շենքում նստածներին ու ոչ միայն, որ մեր երկրում ոչ մեկը համաձայն չի ու պնդում է, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Եթե այդ շենքում նստածները այդքան կարողանում են բարձրախոս արգելել, թող գնան ադրբեջանցիներին արգելեն, որ ահաբեկում են մեր հայրենակիցներին: Արդեն մարդ չի մնացել մեր երկրում, որ չիմանա՝ սրանց խոստացած ապագան, գրեթե ամենշաբաթյա զոհերով, գերիներով ապագան է, մենք այդպիսի ապագա ուզո՞ւմ ենք: Սրանց բերած խաղաղությունը ենթադրում է, որ ինչ ուզենք, ոնց ուզենք այս երկրի հետ անելու ենք: Մենք եկել ենք ասենք, որ չի՛ ստացվելու ո՛չ ձեզ մոտ, ո՛չ թուրքի: Ժամանակն է, որ թե՛ գործով, թե՛ պահվածքով սրանց ցույց տանք, թե ոնց է պետք Հայաստանը ներկայացնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ