Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանուր համակարգն է բերում այս վիճակին»․ ինչո՞ւ է ձուն էժանացել

Մարտ 17,2022 17:47

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում՝ ձվի շուկայի իրավիճակի հետ կապված։ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախ նշեց, որ ձվի շուկայում գնիջեցում կա, ինչն ազդել է ընկերություններից մեկի աշխատանքի վրա։ Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ տարի Զատիկի օրերին հավկիթ չկար, մարդիկ անգամ ծանոթ էին խառնում՝ հավկիթ գնելու համար․ «Հիմա մրցակցային խնդիրներ են առաջացել, եւ արհեստական գնանկումը, իսկ հետո՝ գների բարձրացումը բերել է որոշակի խնդիրների։ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան դադարեցրել է գործունեությունը։ Սա ահազանգ է։ 88 աշխատակցի ճակատագիր անհայտ է։ Գնիջեցման հետեւանքով տուժում են փոքր ընկերությունները»։

Քննարկմանը ներկայացած՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը (լուսանկարում՝ ձախից) նախ տեղեկացրեց, որ հանձնաժողովը մի շարք բողոքներ է ստացել, որ շուկայում կան ցածր գնի հավկիթներ, ու կատարել է ուսումնասիրություն․ «Արձանագրվեց, որ գների իջեցումը նախաձեռնել է շուկա նոր մտնող տնտեսվարողը՝ 2021թ․ նոյեմբերից։ Ընկերությունը ներկայացնում է «Շիրակ» ապրանքանիշը։ Տնտեսվարողի մասնաբաժինն ավելի քիչ է, քան տասը տոկոսը։ Ուստի հանձնաժողովը հաստատեց, որ գերիշխող դիրք չկա, եւ եթե տնտեսվարողը չունի գերիշխող դիրք, ուրեմն չի կարող գերիշխող դիրքի չարաշահում իրականացնել, այդ թվում՝ վարել այնպիսի գնային քաղաքականություն, որ լինի չարաշահում։ Այսինքն, գերիշխող դիրք չունեցողներն ազատ են իրենց գնային քաղաքականության մեջ, հետեւաբար՝ վարույթ չենք հարուցել»։

Հայկ Կարապետյանի խոսքով՝ ցածր գնային առաջարկն աշխարհում ընդունված եւ նորմալ մարկետինգային քայլ է․ «Ամեն դեպքում, եթե փոքր տնտեսվարողը չունի գերիշխող դիրք, չի կարող միակողմանիորեն ազգել շուկայի վրա։ Իսկ թե ինչպես կարող է փոքր տնտեսվարողն աժիոտաժ առաջացնել շուկայում, դա արդեն կապված է շուկայի խնդիրների հետ։ Շուկայում պարբերաբար արձանագրվում է պրոֆիցիտ կամ դեֆիցիտ, ինչը պատճառ է խնդիրների։ Օրինակ՝ մանրածախ առեւտրի կետերին առաքման համակարգը, որի դեպքում ընկերությունների գնային առաջարկները կարող են փոխվել։ Այսինքն՝ ընկերությունները չեն որոշում իրենց գնային քաղաքականությունը։ Գինը կարող է թելադրվել նաեւ առեւտրային ցանցերի կողմից, եւ մենք ուսումնասիրությամբ արձանագրել ենք նման երեւույթներ»։

Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ առաքիչը կամ առեւտրային ցանցերը ձվի շուկայում կարո՞ղ են լինել գին որոշող։ Հայկ Կարապետյանը պատասխանեց, որ որեւէ անձ ինքնուրույն չի կարող գին որոշել կամ շուկայում իրավիճակ փոխել․ «Մեր կարծիքով՝ ընդհանուր համակարգն է բերում այս վիճակին։ Կազմակերպության կողմից ձվի գնի իջեցումը բերում է շղթայական ռեակցիայի, եւ բոլոր ընկերությունները որոշակի ժամանակ անց իջեցնում են գինը։ Օրինակ՝ մրցակից առեւտրային ցանցն իր մատակարարից խնդրում է իջեցնել գինը, որովհետեւ մյուս մրցակիցն առավելություն է ստանում։ Ձվի գինը սպառողների մոտ հեշտ է տպավորվում, ուստի առեւտրային ցանցերը փորձում են ձվի գնի շուրջ ունենալ այնպիսի քաղաքականություն, որ մրցակցային պայքարում չտուժեն, ձգտում են ավելի ցածր կամ մրցակցային գին ունենալ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031