«Արդեն 2-դ օրն է՝ ԱԺ-ում իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների գիտության,կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Երեկ ունեցանք հիմնականում կրթական ոլորտի բարեփոխումների հետ կապված քննարկումներ, բնականաբար, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ժառանգության հետ կապված մեր համատեղ անելիքներից եւս խոսեցինք»,-ասաց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Ապա նշեց, որ այսօրվա թեման նվիրված է ՏՏ ոլորտում իրականացված կրթական ծրագրերին:
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը (լուսանկարում) ներկայացրեց Արցախում տեխնոլոգիական ոլորտը` որպես տնտեսության ճյուղ, այլ ոչ թե կրթության բնագավառ եւ դինամիկան, թե ինչ է եղել վերջին 10 տարիների ընթացքում:
Նա տեխնոլոգիական համայնքը ներկայացրեց թվերով: Նշեց, որ Արցախում այս պահին գործում է 8 ընկերություն, որոնց մի մասը երեւանյան ընկերությունների մասնաճյուղեր են: Ընդհանուր առմամբ այդ ընկերություններում աշխատում է շուրջ 100 աշխատակից: Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի խոսքով՝ այդ ընկերություններից միայն 3-ն ունեն 10-ից ավելի աշխատակից: Սմբատ Պետրոսյանը հավելեց, որ բոլոր նշված ընկերությունների գործունեության ոլորտը հիմնականում ծրագրավորումն է: Նա անդրադարձավ նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, ասաց, որ 23 գործող լաբորատորիա կա Արցախում, նախատեսվում է բացել կամ վերաբացել եւս 3-ը:
Սմբատ Պետրոսյանը նշեց, որ Ստեփանակերտում գործում է «Թումոն», վերջերս Մարտակերտում եւս «Թումո» է բացվել: Նախարարի տեղակալը փաստեց, որ այդ ընկերությունների աշխատակիցները, չնչին բացառություններով, Ստեփանակերտից են, այսինքն խիստ կենտրոնացում կա: Բացի դրանից, տասը տարիների ընթացքում ոլորտի աշխատողների թիվը 6 հոգուց դարձել է 106:
Կարդացեք նաև
Ի՞նչ քաղաքականություն է պետությունը վարել այս ընթացքում: «Հիմնականում շեշտադրումը եղել է ընկերությունների ստեղծման վրա, երեւանյան ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը խրախուսելու միջոցներ են ձեռք առնվել: Եվ եթե Հայաստանում է գործում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենք, որով հարկային արտոնություն է սահմանվում սկսնակ ձեռնարկությունների համար, ապա ի տարբերություն Հայաստանի` Արցախում այդ արտոնությունը սահմանվում է ոչ թե սկսնակ ձեռնարկությունների համար, այլ՝ բոլորի»,- նշեց նախարարի տեղակալը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ