Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու վերաբերյալ: Որոշման նպատակը Լոռու և Շիրակի մարզերում Պարեկային ծառայության ներդրման նպատակով ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կահավորումն է:
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ներկայացնելով նախագիծը, զեկուցել է, որ նախատեսվում է ՀՀ ոստիկանության հատկացումներին ավելացնել 2 մլրդ 35 մլն 100 հազար դրամ, որից 289 մլն 900 հազար դրամը՝ Լոռու և Շիրակի մարզերում նոր ձևավորվող Պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլի ձեռքբերման, 67 մլն 200 հազար դրամը՝ պարեկային ավտոմոբիլների կահավորման, 1 մլրդ 670 մլն 100 հազար դրամը՝ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով: Միաժամանակ, պայմանագրում կատարվելու է տրանսպորտային միջոցների մատակարարման վերջնաժամկետի փոփոխություն՝ 2022 թվականի մարտի 1-ի փոխարեն սահմանելով համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 20 օր հետո:
Կարդացեք նաև
Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, ապրիլ ամսվա ընթացքում կգործարկվի Պարեկային ոստիկանության ծառայությունը Շիրակի և Լոռու մարզերում, և այս որոշումը, ըստ էության, այդ գործընթացի ֆինանսական հատվածն ապահովելու մասին է: Ցանկանում եմ ընդգծել, որ սա մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է: Արդեն գիտեք, որ Պարեկային ոստիկանությունը հուլիսից գործում է Երևանում՝ մայրաքաղաքում, և պետք է արձանագրել, որ նրա գործունեության արդյունքները գոհացուցիչ են: Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը, եթե կարելի է այդպես ասել, ժողովրդավարությունն է, և մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն: Իհարկե, այս գործընթացն առանց թերությունների և բարդությունների չի անցնում, և նույնիսկ, երբ Պարեկային ոստիկանությունը հուլիսին պիտի նախատեսվածի նման գործարկվեր Երևանում, մեծ հարց էր՝ արդյոք այդ որոշումը կայացնե՞նք, թե՞ ոչ, որովհետև տեխնիկական բազմաթիվ հարցեր կային, որոնք այդ պահի դրությամբ լուծված չէին: Հիմա հետադարձ նայելով ուրախ եմ, որ մենք այդ որոշումը կայացրինք, որովհետև մեծ հաշվով ակնհայտ է, որ այս բարեփոխումն իրեն արդարացնում է: Շիրակի և Լոռվա մարզերի հետ կապված էլ կան որոշակի տեխնիկական բարդություններ, բայց վստահ ենք, որ ապրիլին այնտեղ կգործարկենք Պարեկային ոստիկանությունը: Հաջորդ փուլով Պարեկային ոստիկանություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:
Ոստիկանության կողմից արդեն տարածվել է հայտարարություն հավակնորդների ընդունելության վերաբերյալ, և ի տարբերություն առաջին մրցույթի, արդեն հետագա մրցույթներին մենք ունենում ենք հավակնորդների ռեալ մրցակցություն՝ մեկ տեղի համար արդեն մի քանի հավակնորդ կա: Ցանկանում եմ հետևյալն արձանագրել նաև այս ամբիոնից, չնայած Ոստիկանությունն այդ տեղեկատվությունը տարածում է, և կարևոր եմ համարում, որ այն բոլոր հնարավոր շահառուներին հասանելի լինի. առաջինը, որ Պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար պարտադիր չէ նախկինում Ոստիկանությունում ծառայած լինելը, այսինքն՝ ցանկացած ոք, ընդ որում՝ ավելացնեմ, որ պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը: Բայց մենք կրթական հատվածն ամենևին չենք թերագնահատում՝ մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում և անցնում են աշխատանքի: Եվ որ կարևոր է՝ հետագայում էլ նրանք Պարեկային ոստիկանությունում ծառայողական առաջխաղացում ունենալու համար Ոստիկանական ակադեմիայում վերապատրաստում կանցնեն: Այսինքն՝ մարդկանց առաջ կարիերայի որոշակի հնարավորություն է բացվում:
Բայց ես ցանկանում եմ այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրել. քանի որ հիմա ընդունելությունը Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում է, ուզում եմ կոչ անել, որպեսզի կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին: Որովհետև, իհարկե, մենք և՛ Երևանում, և՛ Շիրակի ու Լոռվա մարզերում ունենք կին պարեկներ, բայց կարծում ենք, որ ներուժը շատ ավելի մեծ է: Ուզում եմ կոչ անել, որ կանայք Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից այս փուլում – հաջորդ փուլերում մյուս մարզերն էլ ենք ունենալու, այսինքն՝ ամբողջ հանրապետությունում է լինելու – ակտիվություն ցուցաբերեն: Սա շատ կարևոր է: Ընդհանրապես բոլոր ոլորտներում ենք այս կոչն անում, բայց ցանկացա, որ հատկապես ուշադրություն հրավիրենք Պարեկային ոստիկանությունում հնարավորությունների վրա: Կրկնում ենք՝ ցանկացած ոք կարող է դիմել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար: Դրա համար պարտադիր չէ ունենալ բարձրագույն կրթություն, այլ 5-ամսյա դասընթացներ են լինում, որոնց արդյունքում սովորողը քննություն է հանձնում, ընդ որում՝ այդ ընթացքում սովորողներին վճարվում է նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ, իսկ աշխատանքի անցնելու պարագայում ծանրակշիռ աշխատավարձ են ստանում՝ 350 հազար դրամից սկսած: Կանայք, տղամարդիկ հավասարապես կարող են դիմել այս աշխատանքին հավակնելու համար: Ես ուզում եմ հատուկ կոչով դիմել, որ կանայք ավելի ակտիվ լինեն»:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է կանանց ներգրավման մասին վարչապետի կոչի կարևորությունը և կիսվել այս առումով կուտակված փորձով՝ ասելով հետևյալը. «Պարոն վարչապետ, Երևանում ընդունելության հարցազրույցների ընթացքում մենք՝ կանանց հետ համատեղ նույն կարգախմբում ծառայելու հարցը տալիս էինք դիմորդներին, և որոշակի թերահավատություն կար, բայց պիտի ասեմ, որ Երևանում ծառայության ընթացքում և ծառայության արդյունքները մշտադիտարկելիս նույն այդ ծառայողները միանշանակ շատ ավելի բարձր են գնահատել այն կարգախմբերի աշխատանքը, որտեղ ներգրավված են եղել կանանց հետ: Մասնավորապես, ըստ իրենց, կանանց ներկայացվածությունը շատ ավելի օգնել է բնակիչների, հանրության հետ հաղորդակցությունն իրականացնելու ու նաև ծայրահեղ լարված իրավիճակները դեէսկալացնելու համար: Այս առումով նաև կարևորում եմ, որ պետական քաղաքականության մեջ և ընդունելության գործընթացում Կառավարությունը նախատեսել է քվոտա կանանց մասնակցության համար, որի շրջանակում կանայք կունենան շատ ավելի մեծ հնարավորություններ: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընթացքում մենք այս շեշտադրումը տանում ենք մեզ հետ նաև մարզեր, որովհետև շատ կարևոր է, որ կանայք մարզերում կարողանան արդյունավետորեն ներգրավվել անվտանգային, իրավակարգի ապահովման հարցերում և ընդհանրապես հասարակական կյանքում ունենան կարևոր դերակատարություն»:
Կարևորելով ՄԻՊ դիտարկումները՝ վարչապետը նշել է, որ սա կանանց՝ Ոստիկանության ծառայության մեջ ներգրավվելու առաջին փորձը չէ, նման պրակտիկա նախկինում եղել է, այժմ պետք է խրախուսել: «Պատկերացրեք, հատկապես մարզերում կին ոստիկանների, պարեկների ծառայությունն ինչպիսի զգոնացնող դերակատարում կունենա: Դա միջավայրի և, թույլ տվեք ասել, օրինականության մասին պատկերացումների էական փոփոխություն է: Որովհետև, եթե խոսում ենք առավել ևս ժողովրդավարական հասարակարգերի մասին, օրինականությունն ընդհանրապես կերպարով և իմիջով ոչ այնքան հարկադրանքի, որքան հանրային պայմանավորվածության և քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է: Այդ առումով այս նրբությունները կարևոր են, մենք ուզում ենք, որ մեր հանրությունը, մեր քաղաքացիները պետական կառավարմանը և հանրության կյանքի կազմակերպմանը լիարժեք ներգրավվածություն ունենան», – ասել է Կառավարության ղեկավարը:
Կառավարությունը հաստատել է համայնքների ֆինանսների կառավարման համակարգը բարեփոխելու օրենսդրական նախաձեռնությունը
Գործադիրը որոշել է հավանություն տալ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախաձեռնության նպատակը համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է: Այն հնարավորություն կտա համայնքին միջնաժամկետ կտրվածքով ճիշտ կառավարել իր ֆինանսական ռեսուրսները, որն էլ հիմք կհանդիսանա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ համայնքի ավագանին մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը հաստատի համայնքի ՄԺԾԾ-ն առաջիկա 3 տարվա համար, հրապարակի այն և ներկայացնի մարզպետին: Ընդ որում, ՄԺԾԾ կազմման համար հիմք է հանդիսանում համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը: Զուգահեռաբար Ֆինանսների նախարարության կողմից մշակվում է ցուցումների մեթոդական ուղեցույց, որոնց օգնությամբ համայնքները կկարողանան կազմել իրենց ՄԺԾԾ-ները: Հաջորդաբար նախատեսվում է այս կարգավորումների հիման վրա փոխել սուբվենցիոն կարգը, և սուբվենցիոն հայտերն ընդունել ոչ թե փետրվար-մարտ ամիսներին, այլ ավելի շուտ: Ըստ նախարարի՝ այս բարեփոխումը բխում է խոշորացման գործընթացից, քանի որ համայնքներում այժմ առկա են կարողություններ, ֆինանսական ստորաբաժանումներ, որոնք ի զորու են ծրագիրն առաջ տանելու:
Վարչապետը կարևորել է որոշման ընդունումը՝ նշելով, որ հանրային ֆինանսների արդյունավետ կառավարումն ամենամեծ մարտահրավերներից է ցանկացած երկրում: «Արդեն հայտնի փաստ է, որ Կառավարություն-Տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցության և համատեղ ներդրումների որոշակի համակարգ է ստեղծվել: Այդ առումով կարևոր է, որպեսզի ՏԻՄ ֆինանսների կառավարման տրամաբանությունը փորձենք որոշակի կապի մեջ դնել և հնարավորինս սինխրոնացնել Կառավարության հետ: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս փոփոխությունից հետո գործնականում պիտի այնպես անենք, որ համայնքների բյուջեները մինչև տարեվերջ ընդունված լինեն: Երբ ՄԺԾԾ մասով այս կարգավորումն անենք, արդեն որոշակի պարզություն կլինի, բայց, մյուս կողմից, նաև պետք է հասնենք նրան, որ համայնքները, Կառավարության նման, մինչև տարեվերջ ունենան ընդունված բյուջե, որպեսզի ֆինանսական տարին և կապիտալ ներդրումների ցիկլը մեկնարկի ավելի վաղ, և մենք ընդհանրապես ժամանակի կորուստ չունենանք:
Ի՞նչից են բխում այս պրոբլեմները. նախորդ տարիներին մենք նկատեցինք, որ, օրինակ, սուբվենցիոն ծրագրերի հաստատման կամ իրականացման առումով մենք պրոբլեմ ենք ունենում, քանի որ այդ վարչարարական ցիկլը շինարարության սեզոնի մի մեծ հատված դուրս է թողնում: Իհարկե, մենք այժմ այնքան մեծ ծավալի ծրագրեր ունենք, որ փոխանցվում են հաջորդ տարի, և հիմա այդ պրոբլեմն այդքան սուր չէ, բայց ամեն դեպքում մեր ընկալումն է, որ ծրագրերը պետք է հաստատված լինեն: Ընդ որում, մարզերում կլիմայական պայմանները տարբեր են և շինարարության սեզոնի մեկնարկի հենց առաջին օրը կապիտալ ներդրումները սկսել, որպեսզի շինարարության ժամկետ բաց չթողնենք: Այնպես էր ստացվում, որ մայիս-հունիս-հուլիս նոր ծրագրերը հաստատում ենք, մինչև մրցույթ են անում, շինարարությունը սկսում են՝ գալիս է սեպտեմբերը, 1-2 ամսից արդեն շինարարության սեզոնն ավարտվում է, և ծրագիրը փոխանցվում է հաջորդ տարվան: Արդյունավետ է, որ փետրվարի վերջին փորձենք ծրագրերը հաստատած լինել, որպեսզի մարտ-ապրիլից շինարարական սեզոնը սկսվի, ինչպես և տրամաբանական է», – նկատել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրային ներդրումների առումով սկսել է իրագործվել մեկ այլ կարևոր որոշում, և խոսքը Ներդրումային կոմիտեի մասին է. «Հարգելի գործընկերներ, մի քանի օր առաջ՝ այս շաբաթ, տեղի ունեցավ հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Այդ կոմիտեի անդամ են վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը, էկոնոմիկայի նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, էությունը հետևյալն է՝ 250 մլն դրամը գերազանցող կապիտալ ծախսերը քննարկվում են Ներդրումային կոմիտեում և որոշվում են առաջնահերթություններ, որովհետև ամեն տարի պետական բյուջեով նախարարություններն առաջարկում են ծրագրեր, և պետք է դրանց քննարկման ու որոշումների կայացման ավելի ինստիտուցիոնալ համակարգ ունենալ: Ուզում եմ բոլոր ներկաների ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ 250 մլն դրամը գերազանցող բոլոր ծրագրերը նախ պիտի ներկայացվեն էկոնոմիկայի նախարարություն, որտեղ արդեն նախնական քննարկում է տեղի ունենում, որից հետո հարցը մտնում է Ներդրումային կոմիտե, և կոմիտեում կայացվում են որոշումներ: Նախորդ նիստի ընթացքում մենք քննարկել ենք 4 նախագիծ և հետագա ընթացքն ենք որոշել: Քննարկումը բավական գոհացուցիչ էր, որովհետև բազմաթիվ ինստիտուցիոնալ հարցեր այդ ընթացքում վերհանվում են, բարձրացվում են, լուծումներ են տրվում և տրվում են նաև համապատասխան հանձնարարականներ: Այս թեման առավել կարևոր է սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում, որտեղ պիտի փորձենք միջոցները ծախսել առավելագույնս արդյունավետ և ժամանակին: Կրկին ցանկանում եմ ընդգծել ժամանակի գործոնը: Մենք ժամանակը գումարային արտահայտությամբ հաշվելու մեթոդ չունենք, բայց, ի վերջո, ամենաթանկ բանը ժամանակն է: Պետք է որոշումները ճիշտ ժամանակին կայացնել, ներդրումը ճիշտ ժամանակին անել, որ ցանկալի արդյունքն ունենա»:
Նիստում մտքերի փոխանակություն է ծավալվել Ներդրումային կոմիտեի գործունեության մեխանիզմների, հանրային ներդրումային ծրագրերի գնահատման չափանիշների շուրջ:
Վարչապետն ընդգծել է այս ռեֆորմի կարևորությունը բյուջետային գործընթացի կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում և նշել, որ Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ոլորտային բարեփոխումների իրականացումը: «Հարգելի գործընկերներ, մեր այսօրվա նիստի երկու թեմաներն ամենախոշոր ռեֆորմների մասին են: Ցանկանում եմ հիշեցնել, որ երեկվանից ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարևորագույն ռեֆորմ է: Այս բոլոր ռեֆորմները չունեն մեկ ուղղություն՝ դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական, և՛ կառավարչական: Հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվելիք մեկ այլ ռեֆորմի մասին, որը վերաբերվում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշին: Դա հիմնականում հումորի թեմա է դառնում: Ինչո՞ւ, որովհետև, ցավոք, ոչ բոլորը գիտեն, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա, այդ թվում՝ ծխելու չափանիշով: Աղի օգտագործման չափանիշով մենք բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ, հետո պարզվում է, թե պետական բյուջեն որքան գումար է ծախսում, և, ցավոք, այդ ծախսերով մենք չենք կարողանում մեր երկրի քաղաքացիների բոլոր առողջապահական խնդիրները հոգալ: Կարծես մենք քաղաքականություն ենք վարում, մարդկանց անընդհատ մղում ենք, որ նրանք հնարավորինս շատ հիվանդություն ձեռք բերեն, որ հետո մտածենք ինչպես բուժել: Ոչ: Մեր ռազմավարություններից բխում է, որ առողջ ապրելակերպը պետք է լինի ռազմավարական մոտեցում, և մենք գնալու ենք այս ճանապարհով, որը հեշտ չէ: Բոլոր բարեփոխումները պետք է բխեն կոնկրետ ռազմավարություններից և պետք է հետևողականորեն շարունակենք մեր ընդունած ռազմավարությունները», – շեշտել է երկրի վարչապետը:
Կրթության ոլորտում նախանշած ծրագրերի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Սյունիքի մարզում կմեկնարկի դպրոցների կառուցումը
Կառավարությունը որոշել է վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի 2121-Ն որոշման մեջ և գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ-ին հատկացնել 67 մլն 125 հազար դրամ գումար, որից 60 մլն 60 հազար դրամն ուղղվելու է Կապան խոշորացված համայնքի 13 բնակավայրում կրթահամալիրների ստեղծմանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը: 13 բնակավայրերից 8-ում` Աճանանում, Օխտարում, Արծվանիկում, Գեղանուշում, Սյունիքում, Եղեգում, Ծավում և Ճակատենում կիրականացվի կրթահամալիրների վերակառուցում, Ներքին Հանդում և Շիկահողում կկառուցվեն կրթահամալիրներ, Վերին Խոտանանում, Դավիթ Բեկում և Եղվարդում՝ կկառուցվեն մոդուլային շենքեր: Նախատեսվում է ունենալ արդիական շենքային և գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով, որտեղ կկազմակերպվեն նախադպրոցական, դպրոցական և լրացուցիչ կրթական ծրագրեր՝ ըստ համայնքների կարիքների: Կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաև շրջակա բնակավայրերի երեխաների համար, որի նպատակով կգործարկվի 8 երթուղի՝ հատուկ այդ նպատակով գնվող տրանսպորտային միջոցներով և ուղեկցորդներով: Արդեն իսկ աշխատանք են տարվել Սյունիքի մնացած՝ 7 խոշորացված համայնքում նույն ծրագրի իրականացման համար: Նախարարը հայտնել է, որ Սյունիքի մարզի ևս 3 դպրոց՝ Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցը, Կապանի թիվ 9 ավագ դպրոցը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը, ներառվել են 300 դպրոցների ցանկում, իսկ Կապան խոշորացված համայնքում քննարկվում է նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ սմարթ կենտրոնի կառուցման հնարավորությունը: Վերոնշյալ որոշմամբ նախատեսվում է նաև 7 մլն 65 հազար դրամ գումար հատկացնել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության համակարգի տեղադրման համար: Նախորդ տարի կառավարությունն ավելի քան 175 մլն դրամ էր հատկացրել արձանի վերականգնման համար:
Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ Սյունիքի կրթական միջավայրի կազմակերպման հարցում Կառավարությունն անցնում է նախագծման փուլին, և միջոցները տրամադրվում են այդ նպատակով: «Սա խնդիր է, որը շատ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի, և հարցը կրթության հասանելիության մասին է: Գիտեք, ամենատարբեր ժամանակներում ամենատարբեր լուծումներն են առաջարկվել, սկսվել է դպրոցների օպտիմալացման ծրագիրը, այլ ծրագրեր են իրականացվել, հետո թևակոխել ենք ֆինանսավորման բանաձևի փնտրտուքի փուլ, մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորման համակարգ, բայց, այնուամենայնիվ, կարծում ենք, որ գտել ենք մոդել, որով իսկապես կարողանալու ենք կրթության հասանելիությունը նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերում ապահովել:
Խոսք է գնում կոնկրետ կրթական շենքերի կառուցումը մեկնարկելու մասին, բայց ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ սա կոմպլեքս ծրագիր է: Այո, շենքային ենթակառուցվածքները շատ կարևոր են, կրթական բովանդակության հարցը մենք լուծել կամ լուծում ենք, բայց, պարոն Սանոսյան և պարոն Մաթևոսյան, եթե զուգահեռ մենք այս բոլոր ենթակառուցվածքներն իրար կապող ճանապարհներ չունենանք՝ ոչ թե նորմալ, այլ լավ ճանապարհներ, այս ծրագիրը չի իրագործվի: Այսինքն՝ սա միայն կրթական ծրագիր չէ, ենթակառուցվածքային ծրագիր է, և այս առումով էլ շատ կարևոր է, որ Սյունիքում ճանապարհաշինական լայն ծրագիր ենք իրականացնում:
Մենք պիլոտային հատվածը նախնական սկսել ենք Կապանից, հետո այս նույն ծրագրի նմանությամբ իրականացնելու ենք Սյունիքի մյուս խոշորացված համայնքներում, որից հետո հանրապետության բոլոր մարզերում այս մոդելը պիտի կիրառենք: Նպատակը հետևյալն է. մեր նախընտրական խոստմամբ՝ չպիտի լինի երեխա – համենայնդեպս, մենք 85 տոկոս երեխաների ներգրավվածությունն ենք արձանագրել – որ մանկապարտեզ գնալու հնարավորություն չունենա և, կրկին վերադառնալով կանանց ներգրավվածության խնդրին, ցանկանում եմ ասել, որ սա էլ միայն երեխայի կրթության հարցը չի լուծում: Լուծում է նաև կանանց, երիտասարդ մայրերի տնտեսական, հանրային կյանքում ներգրավվելու հնարավորությունը, որ երեխաները մանկապարտեզում կրթություն ստանան, մայրիկները հնարավորություն ունենան աշխատել իրենց ընտանիքի և երկրի բարեկեցության համար: Շատ կարևոր է արձանագրել, որ այս բոլոր ռազմավարական ծրագրերը մեկ գերատեսչության տիրույթում չեն, և դրանց պետք է վերաբերվենք որպես համալիր պետական ծրագրեր:
Մեր կոնյուկտուրան անընդհատ փոխվում է, և ցանկանում եմ ընդգծել, որ սրանք կրթության ոլորտում մեր նախանշած ծրագրերն են, որոնք պիտի իրականացվեն անկախ ամեն ինչից: Այսինքն՝ ծրագրեր են, որոնք չունեն ընտրություն և տարբերակ, որ հետո ինչ-ինչ պատճառաբանություններով ասենք, որ չենք իրագործել: Սա շատ կարևոր արձանագրում է: Կատարյալ, բացարձակ առաջնահերթություն է կրթության ոլորտում մեր նախանշած ծրագրերի իրականացումը, մանավանդ հիմա շատ կարևոր փուլ ենք թևակոխում, երբ պլանավորման փուլն ավարտել ենք և հիմա անցնում ենք իրագործման փուլին, որը պետք է անել առավելագույնս արագ և որակով», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով «Ճանապարհաշինարարներ» արձանի լուսավորման խնդրին՝ վարչապետն ընդգծել է, որ հարցը պետք է լուծված լիներ դեռևս նախորդ տարի, երբ պետությունը գումար էր հատկացրել այդ արձանի վերականգնման համար: Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սկսենք նրանից, որ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում այդ արձանը մի քանի անգամ թալանվել է որպես պղնձի ջարդոն: Մենք պայմանավորվում ենք, որ այդպիսի իրավիճակ այլևս պետք է չունենանք, և Ոստիկանությունը դրա համար կրում է առաջնային պատասխանատվություն: Մենք 175 մլն դրամ հատկացրել ենք այդ արձանի վերականգնման համար և երբ ասում ենք՝ կառուցում ենք, հիմնանորոգում ենք, դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է լինի նոր: Որովհետև հիմա տեսնում ենք՝ արձանը վերականգնված է, բայց արձանը առանձին վերցված ինչ-որ մետաղի կոմպոզիցիա չէ, այն միջավայր է, այնուամենայնիվ: Արձանն այդտեղ է և՛ գիշերը, և՛ ցերեկը, դա պետք է նախագծվի, ընդ որում դա կառավարությունում պիտի չարվի, իրականացնողները պիտի անեն, որովհետև գեղագիտության մասնագետները իրենք են, իրենք պետք է այդ միջավայրը ձևավորեն: Մեր մեծագույն պրոբլեմը, որը մեզ ամեն քայլափոխի խոչընդոտում է, այդ կիսակատարության մշակույթն է, երբ կառուցում ենք, հետո ևս 20 տարի վերակառուցում ենք և վերջում ստանում ենք տձև մի բան, որը նպատակին չի ծառայում: Եկեք որևէ բան անելիս անենք լավագույնը, եկեք երկու նախագիծ քիչ անենք, բայց այն, ինչ անում ենք, անենք կատարյալ, այդ կիսակատարության ռեժիմից դուրս գանք: Ինձ համար մեծ զարմանք էր, որ երեկոյան ժամին անցնում ենք, տեսնում ենք՝ արձանը չկա: Այսինքն՝ պետությունը փող է ծախսել, բայց արձանն աշխատում է կոնկրետ ժամերի, երբ, եղանակից կախված, լույս կլինի: Ցանկացած կապիտալ ներդրում, որ անում ենք, պետք է հասկանանք, որ միջավայր ենք ուզում ձևավորել: Եկեք հաղթահարենք, ի վերջո, կիսակատարությունը»:
Կառավարությունը որոշում է ընդունել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերոբյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Երվանդ Սերոբյանին, արդյունավետ աշխատանք մաղթել Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանին, բուհի կոլեկտիվին և ուսանողներին:
Պատվաստումները պետք է պատշաճ կերպով շարունակվեն հանուն մեր հանրային առողջապահության և տնտեսության. վարչապետ
Ամփոփելով նիստը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և ուշադրություն հրավիրել պատվաստումային գործընթացը շարունակելու կարևորության վրա: «Հարգելի գործընկերներ, արդեն 2-րդ կամ 3-րդ նիստն է, որ մենք վերջին 2 տարվա ընթացքում Կառավարության նիստ ենք անում հիմնականում առանց դիմակների: Դա կապված է նրա հետ, որ, բարեբախտաբար, կորոնավիրուսային հիվանդության վիճակը այսօր Հայաստանի Հանրապետությունում բավական բարվոք է: Դեռ 3 շաբաթ առաջ մենք նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը և կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու: Բայց ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ եթե մենք պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպենք, իքս պահի ստիպված ենք լինելու վերադառնալ դիմակային և եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք ունենա, ավելի խիստ ռեժիմների: Այնպես, որ իմ կոչը, խնդրանքն է մեզ բոլորիս և հանրությանը, որպեսզի պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն: Պատվաստումների այն մակարդակը, որ այսօր ունենք, գոհացուցիչ չէ: Պետք է հստակ արձանագրել և պետք է ունենանք լիարժեք պատվաստում հանուն մեր հանրային առողջապահության, հանուն տնտեսության, և, ի վերջո, դա անվտանգության հարց է: Մենք կորոնավիրուսից մոտ 9000 զոհ ենք ունեցել, 9000-ի չի հասել թիվը, բայց ամենօրյա մահվան դեպքերը դեռ մեզ մոտ շարունակվում են, և ես ցանկացա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա», – եզրափակել է կառավարության ղեկավարը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ