«Համաձայն չեմ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախ չեն գնում, կամ շփումներ չկան։ Ավելին այս պահին թույլ տվեք չմանրամասնել»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից հետո չեն այցելում Արցախ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Հակադարձմանն ի պատասխան, որ նման այցեր իրականում չկան, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց․ «Կարող եք շարունակել մնալ նույն ոճի մեջ եւ համարել, որ դուք ամեն ինչ գիտեք, բայց այդպես չէ»։
Հարցին ի պատասխան՝ «այսինքն, Նիկոլ Փաշինյանը գնացել է Արցախ, եւ մենք չենք իմացե՞լ այդ մասին», Սիսակ Գաբրիելյանը նշեց․ «Կարող եմ ձեր հարցին հիմա պատասխանել, բայց մեծ հաշվով այդ պատասխանից անգամ, եթե մեծ աղմուկ լինի, հայաստանյան տիրույթում այն կարող է տեւել մոտ 12 ժամ։ Այսինքն, այդքան ժամանակ ես կարող եմ լինել կամ այդ թեման կարող է լինել ամենաընթերցվող նյութ։ Ես հանդիպել եմ արցախցիների հետ։ Չգիտեմ, թե դուք ինչո՞ւ եք այդ հարցը տալիս, բայց փակ հանդիպումների ժամանակ ես իրենցից անգամ այդ հարցը չեմ լսել, որովհետեւ իրենց մոտ չկա այդ տեսակետը։ Իրենք էլ են շատ լավ հասկանում այդ հարցի պատասխանը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ