Լրահոս
Օրվա լրահոսը

Դանթեն «խոսել է»  հայերեն. բացառիկ ցուցահանդես Բրյուսելում

Մարտ 17,2022 16:36

Բրյուսելում օրերս բացվել է Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» թարգմանություններին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկա էր բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր, դանթեագետ Սոնա Հարությունյանը, որը եւ հոգացել էր  Դանթեի գլուխգործոցի հայերեն  թարգմանությունների ներկայությունը բրյուսելյան միջոցառմանը։

«Այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են Հայր Դավիթ Նազարեթյանի գրաբար, Հայր Արսեն Ղազիկյանի արևմտահայերեն և Ռուբեն Ղուլյանի արևելահայերեն թարգմանությունները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Հարությունյանը:

«Դանթեն իր ուրույն տեղն ունի մեր հայ իրականության մեջ: Դանթեի անունն առաջին անգամ հիշատակվում է 1802 թվականին Վենետիկում լույս տեսած Ստ. Ագոնցի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» գրքում, այնուհետև գրողի անվանը հանդիպում ենք հայ պարբերական մամուլում, դպրոցական դասագրքերում: 19-րդ դարի կեսից Վենետիկի Մխիթարյան միաբանության վարդապետների շնորհիվ սկսվում է թարգմանությունների ժամանակաշրջանը: Տարիներ առաջ, Մխիթարյան միաբանության դիվանում ուսումնասիրություն կատարելու ժամանակ տեսել էի «Աստվածային կատակերգության» գրաբար թարգմանության ձեռագիրը, որը Հայր Դավիթ Նազարեթյանը իրականացրել էր 1875-1899 թվականների միջեւ:  Գործն այդպես էլ մնացել էր անտիպ, քանի որ միևնույն ժամանակամիջոցում, մեկ այլ մխիթարյան վարդապետ` Հայր Արսեն Ղազիկյանը զուգահեռ իրականացրել էր  աշխարհաբար թարգմանությունը: Ժամանակին տպագրելու որոշումը կայացվել էր հօգուտ աշխարհաբարի: Այսպիսով, գրաբար թարգմանությունն առ այսօր մնացել է անտիպ: Երբ ստացա այս ցուցահանդեսին մասնակցելու հրավերը, միանգամից մտածեցի, որ ճիշտ առիթն է մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայր Դավիթ Նազարեթյանին և միջազգային հարթակում ի ցույց դնելու, որ արևելյան բոլոր և եվրոպական մի շարք ազգերից առաջ Դանթեն «խոսել է»  հայերեն: Հ. Սերոբ Վրդ. Չամուրլեանի շնորհիվ հնարավոր եղավ ունենալ Մխիթարյան միաբանության դիվանում պահվող «Աստվածային կատակերգության» հայերեն (գրաբար) թարգմանության ձեռագրի առաջին էջի պատճենը, որը եւ զետեղվեց վենետիկյան հարգի բամբակյա թղթի վրա եւ ուղարկվեց Բրյուսել»,-պատմեց պրոֆեսորը:

Հայերիս հետաքրքրությունը «Աստվածային կատակերգության» կամ Դանթեի բառերով ասած «Սրբազան պոեմի» հանդեպ առ այսօր շարունակվում է: 2004-2007 թվականների միջև Ռուբեն Ղուլյանի աշխատասիրությամբ լույս տեսավ «Աստվածային կատակերգության» արևելահայերեն թարգմանությունը, որի մեջ առաջին անգամ պահպանված է Դանթեի շղթայական հանգավորումը: Այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է հենց Ղուլյանի թարգմանությունը:

«Գյումրեցի նկարիչ Տարոն Մանուկյանի հետ համագործակցության արդյունքում որոշվեց ցուցահանդեսին ներկայացված դանթեական տողերի արևելահայ նմուշը զետեղել «Glitch art» կոչվող գեր ժամանակակից ֆոնի վրա` խորհրդանշելու, որ Դանթեն արդիական է նաև այսօր»,- հավելեց Վենետիկի համալսարանի պրոֆեսոր, դանթեագետ Սոնա Հարությունյանը:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էին նաեւ նկարազարդ հատվածներ «Աստվածային կատակերգության» արաբերեն, անգլերեն, եբրայերեն, չինարեն, պորտուգալերեն, իսպաներեն, սլովեներեն, կոպտերեն, լատիներեն, էսպերանտո, հոլանդերեն, բենգալերեն, խորվաթերեն, հունգարերեն թարգմանություններից։

Ցուցահանդեսի կազմակերպիչն էր Բելգիայում Իտալիայի մշակույթի ինստիտուտը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` պրոֆեսոր Սոնա Հարությունյանը եւ Իտալիայի մշակույթի ինստիտուտի տնօրեն Պաոլո Սաբբատինին Դանթեի հայերեն թարգմանությունների մոտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031