Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր ու գործողություններ չկան. ՄԻ պաշտպան

Մարտ 17,2022 16:16

«Իմ այցի ժամանակ դեռևս մոտ 2 շաբաթ էր, ինչ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսվել էր բարձրախոսներով հոգեբանական ճնշում գործադրելու գործընթացը: Խիստ մտահոգիչ էր այն իրավիճակը, որ տեսա այնտեղ»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախ կատարած իր այցին, այնտեղ կատարած արձանագրումներին:

Ասաց, որ հանդիպել է Արցախի պաշտոնյաների հետ, եղել Խրամորթ գյուղում ու շփվել բնակիչների հետ:

«Խոսքը բնակչության հոգեբանական վիճակի մասին է: Այցից հետո ցավալիորեն ունեցանք շատ ավելի լուրջ զարգացումներ՝ ընդհուպ ինտենսիվ կրակոցներ, մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ ու նաեւ հետագայում գազի անջատման ու էլեկտրաէներգիայի անընդհատ ընդհատումների պայմաններում անտանելի հումանիտար իրավիճակ»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ինքն այցելել է նաեւ Ստեփանակերտում գտնվող տեղահանված բնակիչների ժամանակավոր կացարան. «Զբաղվածության, սոցիալական ինտեգրման, երեխաների ադապտացման խնդիրները շատ էին»,- նշեց Գրիգորյանը: Ասաց նաեւ, որ կան բնակարանաշինության հետ կապված խնդիրներ, որոնք փորձում են լուծել Արցախի իշխանությունները՝ մեծածավալ բնակարանաշինության ծրագրերով:

ՀՀ ՄԻ պաշտպանը նաեւ նշեց, որ Ադրբեջանի կողմից ճնշման, ահաբեկման, հայաթափման նպատակ հետապնդող քաղաքականությունը շարունակական է. «Այս ցուրտ եղանակային պայմաններում թույլ չտալ վթարի կամ, այսպես կոչված, «վթարի» հետեւանքները վերականգնելու…  այս գործողությունները եւս մեկ ապացույց են, որ սա մեկ կետից կառավարվող քաղաքականություն է, նպատակը պարզ է՝ էթնիկ զտումն է Արցախի եւ հայաթափումն է»:

Հարցին՝ այդ ամենով հանդերձ, ինչպե՞ս է պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղությունը, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ որեւէ Պաշտպան չի կարող ասել, որ խաղաղությունը վատ բան է. «Բայց, որպես պաշտպան՝ իմ կողմից խաղաղության խոսակցությունները, կամարտահայտման բարձրաձայնումները պիտի ապացուցված լինեն նաեւ գործողություններով: Առնվազն վերջին 2 շաբաթվա իրադարձությունները եւ էսկալացիաները, ներառյալ՝ հումանիտար իրավիճակի լարվածությունը, ցույց են տալիս, որ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր ու գործողություններ չկան: Դրանք, մեղմ ասած, ադրբեջանական կողմից անկեղծ չեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031