Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՅԴ երիտասարդական միությունը, ՀՀԿ-ն, երիտասարդական ուսանողական կազմակերպությունները համատեղ բողոքի ցույց էին կազմակերպել ԱԳՆ շենքի մոտ՝ նախարար Արարատ Միրզոյանին ասելու, որ նա «չի ներկայացնում ՀՀ շահերը»:
ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Սեւակ Նազարյանը ցույցի ժամանակ ելույթ ունեցավ եւ ասաց. «Մենք բացարձակ մեծամասնություն ենք կազմում, ոչ թե այսքանն ենք: Հայ ժողովուրդը, որ արժանապատիվ ձեւով մտել է 21-րդ դար, այս ժողովրդի ընթացքը որեւէ իշխանություն չի կարող կասեցնել: Ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, 2018-ի օգոստոսին հայտարարում էին, թե որեւէ բան ժողովրդի թիկունքում չի լինելու, բայց այսօր վստահաբար թիկունքում բանակցում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ: Ցավալիորեն մի իրավիճակ է, երբ ՀՀ-ի համար կարեւորագույն գործընթացների մասին մենք ավելի հավաստի տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից, քան Հայաստանի տիրույթից: Տարիներ առաջ թուրքին քծնելը ամոթալի էր, այսօր, դեռեւս մեր եղբայրների արյունը չչորացած, թուրքի հետ ձեռքսեղմումն ու ժպիտներ փոխանակելը դարձել է առաջնահերթություն այս իշխանության համար: Առաջ Արցախի ամեն մի սանտիմետր հողի համար, ամեն դիրքի համար պայքար էր մղվում, այսօր միայն սեփական կաշին ու մաշկն են դարձել առաջնային: Փորձում են մեզ համոզել, թե լավ է լինելու, եթե թուրքի հետ բարեկամություն անենք»:
Նա վստահեցրեց, որ Արցախը որեւէ կերպ Ադրբեջանի կազմում չի եղել ու չի լինելու. «Հայ ժողովուրդը թուրքի հետ ճանապարհ չունի անցնելու՝ առանց իր արժանապատվությունը վերականգնելու»:
Ցույցի մասնակիցները վստահեցրին, որ այս մի ցույցով իրենց պայքարը չի ավարտվելու:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցավ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է Արցախի սահմանում, կրակահերթերի, տարբեր սպառնալիքների ներքո են բնակիչները, ադրբեջանցիները բարձրախոսի միջոցով կոչ են անում մեր հայրենակիցներին թողնել Արցախը ու հեռանալ՝ սպառնալով, որ դա կանեն ուժի կիրառմամբ. «Իշխող ուժը ներկայացնող տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում են, որ իրենց համար քննարկելի է Արցախը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում քննարկելու հարցը: Սրանք պատահական սայթաքումներ չեն, բխում են Նիկոլ Փաշինյանի՝ հատկապես վերջին հայտարարությունից: Մի կողմից Արցախում ագրեսիայի միջոցով փորձում են հայաթափել Արցախը, ՀՀ իշխանություններն էլ իրենց հայտարարություններով կանաչ լույս են վառում դրա համար: Եկել ենք ո՛չ ասելու ՀՀ-ի ու Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը: Արցախը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ