«Հնարավոր չի կատարել քայլեր, որոնք կհակադրվեն մեր ժողովրդի մեծամասնության կամքին՝ ունենալ անկախ Արցախ, որը ոչ մի դեպքում չի լինի Ադրբեջանի կազմում եւ Ադրբեջանի ենթակայության տակ»,-ՀՀ Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Արցախի ճակատագրի եւ Ադրբեջանի կազմում հնարավոր հայտնվելու մասին մտավախություններին՝ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։
Թե ՀՀ իշխանությունն ի՞նչ է այս թեմայի մասին խոսել Արցախի պատգամավորների հետ, ինչ տեսլականի մասին է քննարկում եղել, Գագիկ Բաղունցը հայտնեց․ «Դա կիսում են մեր երկու երկրների բոլոր իշխանական թեւերը։ Այլ բան է, որ դիվանագիտությունը բարդ ոլորտ է իր բարդ գործընթացներով։ Ամեն ինչ չէ, որ անմիջապես ասվում է։ Ես կողմ եմ, որ բնակչությունը հնարավորության դեպքում տեղյակ լինի բանակցություններից, բայց ամեն ինչ չի, որ նույն պահին հնարավոր է իրազեկել։ Կարծում եմ ՝ՀՀ-ում եւ Արցախում ոչ մի իշխանություն չի գնա քայլերի, որոնք հակասում են ժողովրդի կամքին»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջ քաշած հինգ նախապայմաններին՝ Արցախի ԱԺ փոխնախագահը նշեց․ «Դրանք Ադրբեջանի առաջարկներն են։ Մեր առաջարկները կլինեն։ Չի ընդունվի որեւէ առաջարկ, որը կբացառի Արցախի անկախությանը հասնելու խնդիրը։ Արցախի ենթակայությունն Ադրբեջանին պետք է բացառվի»։
Արցախի Խրամորթ համայնքում իրավիճակը ներկայացնելով՝ Բաղունցն ասաց, որ ուժային կառույցներն ու իշխանություններն աշխատում են բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ․ «Երեխաներն ու կանայք տեղափոխվում են ավելի անվտանգ տեղեր։ Խաղաղապահների հետ մեր ուժային կառույցներն ապահովում են բնակչության անվտանգությունը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ