Հայաստանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը: Այդ առիթով Ֆրանսիայի դեսպանությունում կայացած ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն նշեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում միշտ յուրահատուկ պահեր է պարգեւում: «Բոլորս հիշում ենք 2018թ. Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրերը»,-ասաց տիկին դեսպանը` խոսելով Ֆրանկոֆոնիայի դերի ու նշանակության մասին:
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ գտնվում էր Ֆրանսիայում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին՝ մարտի 9-ին էլ կազմակերպվել էր «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողով, որին մասնակցել է վարչապետ Փաշինյանը: Համաժողովի շրջանակներում բարձրացրել ենք նաեւ կրթական հարցեր»,-ասաց դեսպանը, որը, սակայն, հրաժարվեց պատասխանել քաղաքական թեմայով որեւէ հարցի:
Անն Լույոն հիշեցրեց, որ աշխարհում ֆրանսերենը 5-րդ լեզուն է, երկրորդ լեզուն` դիվանագիտության մեջ, իսկ Հայաստանում համարվում է 3-րդ օտար լեզուն` ռուսերենից եւ անգլերենից հետո: Դեսպանն ընդգծեց, որ ֆրանկոֆոնիան Հայաստանում իրենից մեծ ցանց է ներկայացնում, որի համատեքստում են Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Անատոլ Ֆրանսի անվան դպրոցը, Ալիանս Ֆրանսեզը եւ ֆրանսիական ինստիտուտը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ներկայացրեց ֆրանկոֆոնիական միջոցառումների խիտ ծրագիրը, որտեղ ընդգրկված են մշակութային տարբեր ոլորտներ ու ժանրեր` լուսանկարչությունից մինչեւ օպերային արվեստ ու կինո: «Ամեն տարի ֆրանկոֆոնիական սեզոնի բացումը շատ կարեւոր է ֆրանսիական մշակույթի ու ֆրանսերենի տարածման համար»,-ասաց պարոն Նարժոլեն` հավելելով, որ նախատեսված են 15 միջոցառումներ` գործընկերների հետ համատեղ:
Կարդացեք նաև
Մասնավորապես մարտի 21- 29-ը մեկնարկում է Ֆրանկոֆոն կինոյի 5-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվեն տարբեր ժանրերի ֆիլմեր` կատակերգություն, դրամա, թրիլլեր, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր: Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ Շվեյցարիայի եւ Կանադայի դեսպանությունների հետ համագործակցությամբ: Կինոփառատոնի մեկնարկը կտրվի «Մնաք բարով, տխմարներ» ֆիլմով: Կլինեն ցուցադրություններ նաեւ մարզերում: Ի թիվս այլնի՝ անդրադարձ եղավ նաեւ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի հետ համագործակցությանը, եւ այդ համատեքստում ֆրանսիական լավագույն ֆիլմերի ցուցադրությանն ու քննարկմանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը նշեց, որ կոնսերվատորիայի համար ֆրանկոֆոնիան համարվում է կարեւոր եւ յուրօրինակ: Շեշտեց, որ բուհի կրթական ծրագրերում ավելացել է ֆրանսիական երաժշտությունը: Նրա ձեւակերպմամբ՝ ֆրանսիական երաժշտությունն ունի կոնկրետ պահանջներ երաժշտի ձեւավորման համար, այդ առումով էլ կարեւորվում է համագործակցությունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ: Նա ընդգծեց, որ կոնսերվատորիայի ղեկավար կազմում նույնպես մեծացել է ֆրանկոֆոն աշխատակիցների թիվը: Արամ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում նախատեսել են երկու համերգ, դրանցից մեկն ամփոփվելու է «Հովեր» կամերային երգչախմբի ելույթով, որը ղեկավարելու է կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը:
Երեւանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ֆրանսերենի մասնագետ Սերինե-Լյուբա Թադևոսյանն էլ անդրադարձավ օպերային թատրոնի ներգրավմանը ֆրանկոֆոնիական միջոցառումներին: Ասաց, որ համերգներից մեկի շնորհիվ հրավիրում են «ճանապարհորդել ֆրանսիական դասական երաժշտության ճեմուղիներով», որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ինչպես հայտնի գործերը, այնպես էլ՝ քիչ կամ հազվադեպ կատարված: Անդրադարձավ նաեւ Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերային՝ գրված Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա, որի մենակատարն է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ