«Ես հետեւում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում իրականացվելիք մեկ այլ բարեփոխման մասին, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշին»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն հիմնականում հումորի թեմա է դառնում:
«Ինչո՞ւ, որովհետեւ, ցավոք սրտի, ոչ բոլորը գիտեն, թե, ասենք, աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա: Աղի օգտագործման, ծխելու չափանիշով, երբ մենք բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ: Հետո պարզվում է, թե մեր բյուջեն որքան գումար է ծախսում եւ, ցավոք սրտի, այդ ծախսերով չենք կարողանում մեր քաղաքացիների բոլոր առողջապահական խնդիրները հոգալ: Մենք կարծես քաղաքականություն ենք վարում, մարդկանց խթանում ենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ հիվանդություն ձեռք բերեն, որ հետո մտածենք՝ ոնց դա բուժենք»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա, կառավարության ռազմավարությունից բխում է առողջ ապրելակերպը եւ գնալու են այդ ճանապարհով. «Սա հեշտ ճանապարհ չէ, բայց գնալու ենք այդ ճանապարհով: Դրանք բոլորը պետք է բխեն կոնկրետ ռազմավարություններից եւ դրանք պետք է շարունակենք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ