Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՅԴ երիտասարդական միությունը, ՀՀԿ-ն, երիտասարդական ուսանողական կազմակերպությունները համատեղ բողոքի ցույց էին կազմակերպել ԱԳՆ շենքի մոտ՝ նախարար Արարատ Միրզոյանին ասելու, որ նա «չի ներկայացնում ՀՀ շահերը»:
Ցույցի ժամանակ հայտարարվեց, որ ակտիվիստներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանների կողմից, երբ փորձել էր մի «լավ նվեր» անել Արարատ Միրզոյանին. «Քանի որ Արարատ Միրզոյանը Անթալիաներում լա՜վ բանակցում էր Չավուշօղլուի հետ, մենք էլ լավ առաջարկ ունենք, Միրզոյա՛ն Արարատ, դու՝ ո՞ւր, պետությունն՝ ո՞ւր, դու ո՞նց կարող է պետություն ներկայացնես: Լավագույն դեպքում կարող ես հրաժարական տալ ու գնալ Չավուշօղլուի մոտ: Մենք պատրաստ ենք քեզ աջակցել, մենք հո դատարկաձեռն այստեղ չէի՞նք գա, նվերո՛վ ենք եկել»:
Ցույցի մասնակիցները տոպրակով նվերները հանեցին ու սկսեցին մեկ առ մեկ մեկնաբանել. «Չստիկներ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար, հագնում ես չստերը, բանակցում քո սրտով՝ ինչքան ուզում ես: Երկրորդը՝ դե, իհարկե, որ գնում ես Անթալիա, բա մի հատ ծով չմտնե՞ս Թուրքիայի դելեգացիայի հետ, հատուկ Արարատ Միրզոյանի համար շորտիկ՝ հագնում ես մինչեւ վերջ ու գնում Անթալիա»: Հաջորդ նվերը մարիխուանայի պատկերով գլխարկ էր. «Սա իրենց «Դուխով» գլխարկն է, որ 2018-ի ցույցերին հագնում էին: Մի հատ հարց՝ արա, բա էդ դուխը ո՞ւր ա, երբ որ հայրենիքի շահերը պիտի պաշտպանես, ո՞ւր ա: Ձերը դուխովը չի, ձերը թուրքովն է, իսկ մենք թուրքով Հայաստան չենք ընդունում»: Մյուս նվերը վարդագույնն ակնոցն էր. «Այս ակնոցը հատուկ նախատեսված է Արարատ Միրզոյանի համար՝ Չավուշօղլուի հետ բանակցելու, որովհետեւ իր համար Թուրքիան վարդագույն ակնոցներով է: Ինքը չգիտի ինչ բան է Սումգայիթը, չգիտի ինչ բան է ցեղասպանությունը, արցախյան պատերազմը: Արո՛ ջան, ապե՛ր ջան, արի նվերներդ վերցնելու»:
Ցույցի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարություն: ԱԳՆ-ի շենքի մոտ Արարատ Միրզոյանի հասցեագրված նվերները հավաքարարը ավլեց ու լցրեց մոտակա աղբամանը: Մինչ այդ ցուցարարներից ով պատահի թքում էր շորտի վրա ու ոտքերով տրորում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ