Մարտի 14-ին, ժամը 17.12-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց Կենտրոնական բաժին, որ Երևանի ոսկերչական գործարանի շենք է մտել անհայտ անձ:
Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց Արշակունյաց պողոտա՝ դեպքի վայր, որտեղ էլ արագ պարզվեց, որ շինություն մուտք գործելու նպատակը գողությունը չէր: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին ծխախոտի տուփ, որի մեջ կոկաինի, հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներով փաթեթներ էին:
Գործարանի անվտանգության աշխատակիցներն արդեն բռնել էին շենք մտած անձին: Պարզվեց, որ Նոր Արեշի բնակիչ է, 47 տարեկան: Տղամարդը մտել էր գործարան, որպեսզի այնտեղից թմրամիջոցներով տուփը նետեր մոտակա շենքի տարածք: Իսկ մոտակա շենքը դատապարտյալների հիվանդանոցն է:
47-ամյա տղամարդը, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Նշանակվել են փորձաքննություններ: Տղամարդը ձերբակալվել է, դեպքի հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն