«Մեր տվյալներով՝ վերջին 20 օրում Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի շուրջ 4 հազար քաղաքացի։ Նրանք բոլորը ազգությամբ հայեր են, Հայաստանում ունեն հայրենակիցներ, ընտանիքի անդամներ։ Այդ պատճառով էլ մեզ չեն դիմել, նրանց աջակցելու կարիք այս պահին չկա»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Ի պատասխան լրագրողների՝ ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանի դերակատարության մասին հարցերի, Ավտոնոմովը նշեց․ «Ես ողջունում եմ Հայաստանի՝ ՄԱԿ-ի ընդհանուր համաժողովում Ռուսաստանի օգտին քվեարկությունից զերծ մնալու քայլը։ Մենք գնահատում ենք, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանին աջակցելուց»։
Միաժամանակ հավատարմատարը նշեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարից տեղեկացել է, որ այս պատերազմի վերաբերյալ Հայաստանն ունի չեզոք վերաբերմունք և կարեւորում է հակամարտության խաղաղ բանակցային կարգով լուծումը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այս պատերազմում Ուկրաինան Հայաստանից ի՞նչ է ակնկալում։ Ի պատասխան՝ Դենիս Ավտոնոմովն ասաց․ «Մենք օգնության համար չենք դիմի Հայաստանի կառավարությանը, քանի որ քաջ տեղյակ ենք, որ Հայաստանն ինքը վերջերս կրել է հումանիտար, տնտեսական մեծ վնաս»։
Կարդացեք նաև
Այս պատասխանին հաջորդեց այս պատերազմում Ադրբեջանի դերակատարության մասին հարցը՝ զուգահեռ անցկացնելով 44-օրյա պատերազմի հետ։ Հավատարմատարը հայտնեց, որ այս թեմայով արված հայտարարությունները չի հիշում. «Ես ուզում եմ շեշտել, որ կան հարցեր, որոնցում Ուկրաինայի դիրքորոշումը տասը տարի է՝ անփոփոխ է։ Կան հարցեր, որոնցում դիրքորոշումներն անփոփոխ են, սա նորություն չէ, և ես ոչինչ չեմ կարող ասել»։
Ամփոփելով լրագրողների հարցերին տրված պատասխանները՝ Դենիս Ավտոնոմովը հայտարարեց, որ այս պատերազմում Ուկրաինան դեռ չի հաղթել, բայց Ռուսաստանն արդեն պարտվել է։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ