Այսօր կառավարության որոշմամբ 7 միլիոն 65 հազար դրամ հատկացվեց ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքների համար:
Նիստում որոշման նախագիծը քննարկելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում Չարենցավանի «Ճանապարհաշինարարներ» արձանը, որպես պղնձի ջարդոն, երեք անգամ թալանվել է. «Մենք պայմանավորվում ենք, որ այդպիսի վիճակ այլեւս պետք է չունենանք: Ոստիկանությունը դրա համար կրում է առաջնային պատասխանատվություն: Այդ արձանը այդտեղ է ե՛ւ գիշերը, ե՛ւ ցերեկը, հետեւաբար դրա միջավայրը պետք է ապահովվի: Մեր մեծագույն խնդիրը, որ մեզ ամեն քայլափոխի խոչընդոտում է, կիսակատարության կուլտուրան է, երբ մենք կառուցում ենք, հետո եւս 20 տարի շուշաբանդը, բալկոնը, էս առաջ տանենք, էն առաջ տանենք, վերջում ստանում ենք տձեւ մի բան: Ցավոք, «7 չափիր, մեկ կտրիր» ասացվածքը միշտ չէ, որ կիրառում ենք: Եկեք պայմանավորվենք, էդ կիսակատարության բանից դուրս գանք, երբ ֆասադը կա, դուռը բացում, ներս ենք մտնում, տեսնում ենք, ներսում ոչ մի բան չկա: Եկեք հաղթահարենք կիսակատարությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ