Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔՊ-ի ո՛չ հարգելի իշխանություններ, դուք ձեր տարածքում ինչքան ուզում եք միջանցք, ինչ «անցք» ուզում եք տվեք, մենք թուրքին տալու ոչինչ չունե՛նք». Ցույց՝ ԱԳՆ-ի մոտ

Մարտ 17,2022 14:39

Այսօր ՀՅԴ երիտասարդական միությունը, ՀՀԿ-ն, երիտասարդական ուսանողական կազմակերպությունները համատեղ  բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԳՆ շենքի մոտ՝ նախարար Արարատ Միրզոյանին ասելու, որ նա «չի ներկայացնում ՀՀ շահերը»: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին. «Հայաստանն ուզում են վերածել վիլայեթի: Հայաստանի եւ Արցախի անկախ հանրապետությունների սիրելի՛ հայեր, մեր թիկունքի հետեւում տեղի են ունենում բանակցություններ: ՀՀ-ն ու Արցախը փորձում են վաճառել՝ իրենց հարմար գնով, վաճառել մեր պետականությունը, մեր հայրենիքը, մեր ինքնիշխանությունը: Մենք հավաքվել ենք հստակ պահանջով՝ ի ցույց դնելու, որ հայ ժողովուրդը չի՛ պատրաստվում կզել թուրքի առաջ: Արարատ Միրզոյանն իր պնդմամբ ասում է, թե ժողովուրդը համաձայն է այդ բանակցություններին: Մի հատ հարցնենք իրեն՝ որտե՞ղ է այդ սոցհարցումը անցկացրել՝ Քեմալական պայմանագիր կուսակցությունո՞ւմ: Ո՞ւմ է հարցրել՝ պատերազմից հետո գերության մեջ գտնվող զինվորների հարազատների՞ն, պատերազմում զոհվածների հարազատների՞ն, հայրենիքի համար թուրքի դեմ կռիվ տվող քաղաքացիների՞ն: Իրենց թիմի կարծիքը չի կարող դառնալ մեզ համար օրենք: Մեր մեջքի հետեւում դավեր են նյութում, բանակցում են: Մի ՔՊ-ական կա, խոսում էր Արցախի հարցից, երեւի որոշել էր Արարատ Միրզոյանից հետ չմնալ: Էդուարդ Աղաջանյանը՝ հայտնի դիջեյը, հայտարարում է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի: Հիմա հարց եմ տալիս ձեզ՝ մենք երբեւէ կարո՞ղ ենք դիտարկել Արցախի գտնվելը Ադրբեջանի կազմում: Իհարկե՝ ոչ: Մենք հավաքվել ենք ու ասում ենք Նիկոլին՝ ո՛չ, ՔՊ-ին ասում ենք՝ ո՛չ, Ադրբեջանին ասում ենք՝ ո՛չ»:

Ակցիայի մասնակիցն ընթերցեց Ադրբեջանի կողմից ՀՀ-ին առաջարկված 5 կետերը ու ասաց. «Կետերից մեկն է՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, այդ թվում՝ հատուկ կարգավիճակ տալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին: ՔՊ-ի ո՛չ հարգելի իշխանություններ, դուք ձեր տարածքում ինչքան ուզում եք միջանցք, ինչ «անցք» ուզում եք տվեք, մենք թուրքին տալու ոչինչ չունե՛նք»:

Ակտիվիստներն ասացին, որ ՔՊ-ն ու իրենք արժեքներով շատ են տարբերվում. «Իրենցը Բայրաքթարն է, մերը՝ Նժդեհը: Իրենցը Անթալիան է, մերը՝ Արցախը, իրենցը մանաթն է, մերը՝ եռագույնը, իրենցը վիլայեթն է, մերը՝ պետությունը: Մենք տարբեր ենք նայում մեր հայրենիքի ապագային: Մենք նայում ենք դեպի Արցախ, դեպի ՀՀ ինքնիշխանություն, պետականություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031