«Նման տեղեկատվություն կա՝ քիչ թե շատ հիմնավորված։ Կարծում եմ՝ աշխատանքներն արդեն ընթանում են։ Հուսանք՝ առաջիկա 1-2 օրերին աշխատանքները կավարտվեն, եւ Արցախի բնակչությունը գազամատակարարման հարցում խնդիրներ էլ չի ունենա»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն, այսօր անդրադառնալով տեղեկություններին, որ ադրբեջանական կողմը նորոգում է պայթեցված գազատարը, ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։
«Հումանիտար աղետը փաստ է, բայց նման ողբերգական հնչեղություն չպետք է ստանա, որովհետեւ ինչ-որ տեղ խուճապ է առաջացնում Արցախի բնակչության մոտ։ ՀՀ բնակիչների այցերն այդ պատճառով նվազում են։ Կարծում եմ՝ իրականում պետք է ընդունել ադրբեջանական նման ոտնձգությունները։ Դրանք եղել են ու կան՝ հաշվի առնելով մեր հարեւանների մենթալիտետը։ Դրանք հետագայում էլ կլինեն։ Այս երեսուն տարվա ընթացքում մենք ականատես ենք նման բաների»,-նշեց Գագիկ Բաղունցը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի ոտնձգությունները թեեւ բնորոշ չեն քաղաքակիրթ ժողովուրդներին, բայց Արցախի ժողովուրդն այդ ամենին արդեն սովոր է, «նորմալ» է ընկալում․ «Մենք պատրաստ ենք հարեւանություն անել, բայց մեր անկախության ընդունման պայմաններում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ