Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդքան մարդ իրեն նմանեցնում է, ուրեմն երեւի մի բան կա». «Տականք» երգի բառերի հեղինակ

Մարտ 17,2022 14:15

Համացանցում մեծ տարածում գտած  «Eleven green » խմբի «Տականք» երգի բառերի հեղինակ Նարե Նիկոյանը երգը գրելիս չի էլ մտածել, որ  այն  այսքան կքաղաքականացվի:

«Որեւէ անձի վրա կենտրոնացած չենք գրել երգը, ավելին՝ երգի բառերը միանգամից չենք գրել, երկար ժամանակ երգը դրված էր մի կողմ, վերցրել ենք, շարունակել, փորձել ենք ինչ-որ ընդհանրացված կերպար, որ շատերը կուղղորդեն ինչ-որ մեկի վրա, ում իրենք կուզենան: Շատ աղջիկներ, օրինակ, գրում են, որ իրենց նախկիններին են նմանեցրել: Բայց երգն,  ի զարմանս մեզ, մի քիչ շատ քաղաքականացվեց, բայց ինչ-որ մեկին մենք նկատի չենք ունեցել »,- Aravot.am-ի հետ  զրույցում ասաց Նարե նիկոյանը:

«Տականք» երգին նախորդել էր խմբի «High» կատարումը, ինչի վերաբերյալ Նարե Նիկոյանն ասել էր, որ այդ երգը ծնվեց պատերազմից հետո  իրենց մեջ անարդարության ու բարկության զգացումի կուտակումից: Մենք երգչուհուց  հետաքրքրվեցինք՝ «Տականքը» գրելիս ի՞նչ էր կուտակվել ներսում, ու ո՞վ էր իր սրտի, մտքի տականքը: Ի պատասխան՝ ասաց. «Մենք մտածում էինք՝ հնարավոր է, որ երգը քաղաքականացվի, բայց պետք է  ազնիվ լինենք՝ չէինք մտածում, որ այսքան շատ կքաղաքականացվի: Առավոտվանից շատ լրատվական ալիքներ զանգահարում են ու հարցազրույցներ ուզում, մի քիչ անսպասելի է, որ լրատվականներն են հարցազրույց ուզում, ոչ թե արվեստին վերաբերող հաղորդաշարերը, որոնք մի քիչ ավելի պասիվ են: Նորից կրկնում եմ՝ երգը կոնկրետ անձի ուղղված չէ»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք որպես քաղաքացի իր ներկայացրած տականքի բնորոշումներում նմանություններ տեսնո՞ւմ է երկրի ղեկավարի հետ, ի պատասխան ասաց. «Եթե այդքան մարդ իրեն նմանեցնում է, ուրեմն թիրախային բաներ կլինեն, որովհետեւ մեկնաբանությունների մեջ ոչ միայն ընդդիմադիրներ, այլեւ իր համակիրներից կային, որոնք նմանեցրել էին, մտածում էին, որ երգն իր մասին է ու վատ բաներ էին գրում մեզ… եթե շատերն են նմանեցնում, երեւի մի բան կա»:

Ի դեպ, թեեւ Նարե Նիկոյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքը ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է, սակայն մեկ անգամ եւս հորդորեց չքաղաքականացնել ոչ երգը, ոչ էլ իր անձը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031