ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել։ Ասուլիսը մեկնարկեց պատերազմող Ուկրաինայի մասին տեսանյութով։
«Տեսանյութն ինքներդ տեսաք։ Ահա, թե ինչ է նշանակում, որ «հատուկ օպերացիան գնում է իր հունով»,- ասաց Ավտոնոմովը։
Հավատարմատարի խոսքով՝ Ուկրաինան ստանում է բավարար չափով ռազմական օգնություն, որը զգալիորեն ուժեղացնում է Ուկրաինայի դիրքերը, մինչդեռ, նրա կարծիքով, ռուսական ղեկավարությունը դեռ թյուրիմացաբար մտածում է, թե անհաղթելի և անպատժելի է․ «Ռուսաստանի տնտեսությունը ոչնչացված է։ Ուկրաինայի տնտեսությունը նույնպես տուժել է, սակայն մենք ստացել ենք, ստանում ենք ու կստանանք ֆինանսական աջակցություն»։
Ռուս-ուկրաինական պատերազմում մարդկային գործոնի մասին խոսելիս՝ Դենիս Ավտոնոմովը նշեց․ «Ռուսաստանի հասարակության մեծամասնությունն աջակցում է իրենց առաջնորդին և Ուկրաինայի դեմ տարվող ագրեսիվ պատերազմը։ Իսկ ուկրաինացի փախստականների թիվն արդեն հասնում է երեք ու կես միլիոնի։ Այն ուկրաինացիները, որոնք չեն լքել երկիրը, պատրաստվում են թշնամու դեմ կռվելուն»։
Կարդացեք նաև
Իր ելույթի վերջում Ավտոնոմովը տեղեկացրեց, որ երեկ ռուսական զինված ուժերը հարվածել են շրջափակված Մարիուպոլի թատրոնի շենքին, որտեղ պատսպարվում էին ավելի քան հազար կանայք և երեխաներ։ Նա կրկին շեշտեց․ «Ահա, թե ինչ էր նշանակում Վլադիմիր Պուտինի՝ «հատուկ օպերացիան գնում է իր հունով» արտահայտությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ