Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում մարտի 11-16-ն անցկացվել է Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադան (ՄՄԿՕ):
Մրցույթին մասնակցել է 9 երկրի շուրջ 150 ներկայացուցիչ՝ չորսհոգանոց թիմերով:
Պատանիների մրցույթում առցանց ձևաչափով Հայաստանը ներկայացրել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Արեգ Մկրտչյանը, Վահան Բաղդասարյանը և Հայկ Անդրեասյանն արժանացել են ոսկե, իսկ Կամո Միրաքյանը՝ արծաթե մեդալների:
Ոսկե մեդալների քանակով Հայաստանի թիմն առաջինն էր մասնակից պետությունների շարքում: Ի դեպ, Կամո Միրաքյանին ընդամենը 1 միավոր չի բավարարել ոսկե մեդալի շեմը հաղթահարելու համար:
ՀՀ թիմը ղեկավարել են դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Սուրեն Գրիգորյանը և Գուրգեն Ասատրյանը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ