Պաշտոնական Երեւանը հայտնվել է թուրք-ադրբեջանական մի նոր ծուղակում
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ուշագրավ փուլ է. Երեւանը փորձում է դրական մթնոլորտ ի ցույց դնել՝ հիմնավորելով, թե նպաստավոր իրավիճակ է, որպեսզի Հայաստանն ու Թուրքիան, վերջապես, լրջորեն աշխատեն հարաբերությունների հաստատման ուղղությամբ, մինչդեռ Անկարան, սպասարկելով Ադրբեջանի շահերը, պաշտոնական Երեւանից ակնկալում է քայլեր, որպեսզի հաստատի հարաբերություններ:
Դեռ ամիսներ առաջ հայտնի էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որը շատ հաճախ անվանում էին՝ «թուրքական Դավոս», Անկարան դարձնելու է իր նախաձեռնողական քաղաքականության համար հարթակ՝ այն էլ այսօր, աշխարհաքաղաքական բարդ իրադրությունում: Անկարան հավակնորդ քաղաքականության հետ միասին Անթալիայի հավաքը ներկայացնում էր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման ջանքերի շրջանակում։ Թուրքական մամուլը Անթալիայի ֆորումը դեռ մեկնարկից առաջ անվանում էր՝ «տարածաշրջանային խնդիրների լուծման հարթակ»։
Ֆորումի նպատակը աշխարհի ու տարածաշրջանի ապագայի շուրջ նոր գաղափարների, միտումների եւ օրակարգի ձեւավորումն էր: Քննարկումների օրակարգերում՝ համաշխարհային նշանակության թեմաներ էին՝ ահաբեկչության դեմ պայքար, կլիմայական փոփոխություններ, պարենային եւ էներգետիկ անվտանգություն, արհեստական բանականություն, խտրականության դեմ պայքար, համավարակից հետո ծառացած մարտահրավերներ:
Կարդացեք նաև
Ահա, մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Անթալիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։ Անկարան գոհունակությամբ էր արձագանքել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշմանը։ «Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջեւ երկխոսության ընդլայնմանը եւ լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը», – նշել էր Թուրքիայի ԱԳՆ խոսնակը։
Սերժ Սարգսյանի նախաձեռնած «Ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացից հետո Արարատ Միրզոյանի այցը նոր մեկնարկ էր։ Այս այցին նախորդել էին բանագնացների երկու հանդիպումները Մոսկվայում եւ Վիեննայում։ Անթալիայում Միրզոյանը հանդիպել էր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին, նրանք քննարկել էին Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում «հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը: Լավրովը առանձին հանդիպում էր ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որը եւս Անթալիայում էր:
Ֆորումի մասնակիցներին ողջունել էր Թուրքիայի նախագահը: Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել էր կրակը անմիջապես դադարեցնելու եւ խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը: «Մեր հարեւան երկրի ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունները մենք երբեք չենք կարող արդարացնել: Թուրքիան անընդունելի է համարում Ղրիմի անօրինական բռնազավթումն ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը անտեսող քայլերը: Եթե 2014-ին ողջ արեւմտյան աշխարհը արձագանքեր Ղրիմի օկուպացիային, արդյո՞ք այսօր կունենայինք նման պատկեր: Այն ժամանակ լուռ մնացողները հիմա ինչ-որ բաներ են ասում: Մեր ցանկությունն է, որպեսզի սառնասրտությունն ու ողջամտությունը հաղթեն եւ զենքերի ձայները րոպե առաջ լռեն», – նշել էր Էրդողանը: Անթալիայի ֆորումն այս տարի միջազգային ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ այն պատճառով, որ դրա շրջանակներում Թուրքիայի միջնորդությամբ բանակցեցին Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարները։
Այպիսով, Երեւանն ու Անկարան վերահաստատեցին պատրաստակամությունը` շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, այդ մասին Անթալիայում հայտարարեցին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները երկկողմ հանդիպումից հետո: Արարատ Միրզոյանը նշեց, որ դրական ուղերձ է համարել դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը եւ անհրաժեշտ գտել նույնպես դրական արձագանքել. «Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը` հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման նպատակով առանց որեւէ նախապայմանի, եւ մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ»:
Նա հույս հայտնեց հայ-թուրքական բանակցություններում դրական արդյունքներ տեսնել մոտ ապագայում. «Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն եւ կայունություն մեր տարածաշրջանում, համենայնդեպս Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ ու կայուն տարածաշրջան, կա»:
Թուրքիայի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնելով հայ գործընկերոջը հրավերն ընդունելու եւ ֆորումին մասնակցելու համար, իր հերթին, արձանագրեց, որ հանդիպումը չափազանց արդյունավետ էր եւ կառուցողական. «Գիտեք, որ հարաբերությունների կարգավորման համար գործընթաց ենք սկսել: Նախագահ Էրդողանի եւ Փաշինյանի փոխադարձ դրական ուղերձներից հետո հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք: Բանագնացները երկու հանդիպում ունեցան Մոսկվայում եւ Վիեննայում: Քննարկել են եւ շարունակում են քննարկել լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը: Այսօր մենք էլ անդրադարձանք այդ թեմային. Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության համար ջանքեր ենք գործադրում եւ բոլոր կողմերից աջակցություն ենք տեսնում այս ջանքերին»: Չավուշօղլուն հարկ համարեց հավելել, որ օրերս Բաքվում էր, եւ Ադրբեջանը եւս գոհ է ձեռնարկվող քայլերից ու աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին. «Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը բոլորիս շահերից է բխում, եւ մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Եվ այս հարցում եւս պարոն Արարատի հետ համակարծիք ենք»: Միրզոյան-Չավուշօղլու հանդիպմանը ներկա է եղել նաեւ հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Հանդիպումից առաջ Միրզոյանն ու Քըլըչը կարճ շփում էին ունեցել:
Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումից օրեր անց Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշելով, որ Հայաստանի հետ կարգավորումն այն թեմաներից է, որին մոտիկից հետեւում են տարածաշրջանում եւ Եվրոպայում, ապա՝ անդրադարձել էր Հայոց ցեղասպանության թեմային: «Գիտեք, որ սփյուռքի ու մի շարք ցեղասպանության պնդումներ անողների թեզերին ի պատասխան՝ մեր նախագահը շատ հզոր հայտարարություններ է արել մեր արխիվները բացելու ու թեման քաղաքականությունից դուրս պահելու վերաբերյալ»,- ասել է Չելիքը: Այնուհետեւ վերջինս հիշել էր 2009թ. հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց տապալման համար մեղադրել հայկական կողմին: Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ Չելիքն ասել է, որ կարգավորման գործընթացը հնարավոր է եթե՝ «Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումներից»: «Այսպիսով` Ադրբեջանի մեր եղբայրների հավանությամբ, մեր նախագահի ու պարոն Ալիեւի առաջարկած հեռանկարներով ողջ տարածաշրջանում ժողովուրդների համատեղ ապագային միտված, բախումներից ու ագրեսիայից խուսափել պարտադրող հնարավորության պատուհան է բացվել»,- եզրափակել էր Չելիքը:
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, Թուրքիայի ԱԳ նախարարը հատուկ շեշտեց, որ Բաքուն Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր եւ այժմ սպասում են Հայաստանի արձագանքին։ «Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռնարկվելիք յուրաքանչյուր քայլին։ Ադրբեջանը նույնպես աջակցում է այն գործընթացին, որը մենք իրականացնում ենք Հայաստանի հետ»,- նշել էր Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Անկարան Ադրբեջանի հետ ամեն հարցում խորհրդակցում է եւ այդպես կլինի նաեւ ապագա գործընթացներում։
Պետք չէ խորը վերլուծությունների ունակություն ունենալ, կամ երկու երկրների դիվանագիտական կառույցներից ներքին տեղեկատվության տիրապետել, որպեսզի հասկանալ, որ պաշտոնական Անկարան այժմ էլ սպասում է առաջընթացի՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում՝ Բաքվի ներկայացրած 5 կետերի շրջանակում: Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ պաշտոնական Երեւանը հայտնվել է թուրք-ադրբեջանական մի նոր ծուղակում, եւ ընդ որում՝ Անկարան ու Բաքուն փորձում են Ռուսաստանին դուրս թողնել այս գործընթացից: Անթալիայի ֆորումի շրջանակներում, Թուրքիայի ԱԳ նախարարը ակնարկեց, որ նախընտրելի է, որպեսզի Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում երրորդ կողմի կարիք չլինի»:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, որում նա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընթացող կարգավորման գործընթացը ընդհանուր առմամբ դրական գնահատելով, փաստել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը. «Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել»: Ապա` նա հավելել է. «Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջեւ կոմունիկացիոն հաղորդակցության, առեւտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջեւ շփումների եւ, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա»։
Խոսելով կարգավորման գործընթացի վերաբերյալ հայ ժողովրդի մոտեցման մասին, Միրզոյանն արձանագրել է. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաեւ հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, ե՛ւ հայկական, ե՛ւ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։ Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, եւ ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն»։
Այսպիսով, պաշտոնական Երեւանն առայժմ չի ներկայացրել հանրությանը, թե Անկարայի հետ բանակցությունների հաստատման ինչ պայմաններում է գնում: Մասնավորաբար, այդ ո՞ր «զգայուն կետերի» անտեսում է ակնկալում պաշտոնական Երեւանից՝ Անկարան, եւ, օրինակ՝ ո՞ր կոշտ հարցերում է պատրաստվում Անկարան զիջել: Թե՞ պաշտոնական Երեւանից են բացառապես զիջումներ ակնկալվում՝ միակողմանիորեն: Առայժմ՝ Անկարան հստակ ցույց է տալիս, որ սպասում է Բաքվի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ Հայաստանի համաձայնությանը, այսինքն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հնարավորությունը դարձյալ շարունակում է կախված մնալ ղարաբաղյան խնդրից՝ ինչպես նախորդ 28 տարիների ընթացքում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 17.03.2022