Լրահոս
Օրվա լրահոսը

Հպարտանալ տաղանդավոր հայերով

Մարտ 17,2022 10:00

Մոտ մեկ ամիս առաջ ավագ սերնդի մեր նշանավոր արվեստագետները հանդիպեցին ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ: Համացանցում դա բուռն արձագանք գտավ ընդդիմադիր հայացքներ ունեցող օգտատերերի շրջանում: Ասեմ, որ այդ հանդիպման լուսանկարներն ինձ նույնպես մեծ ուրախություն չպատճառեցին: Բայց ինձ համար հարյուրապատիկ ավելի կարեւոր է, թե ինչ են այդ մարդիկ արել մեր մշակույթի համար, քան այն, թե երբ ու որ իշխանավորի հետ են ճաշել: Նման հանդիպումները մոռացվում են մի քանի օրից, իսկ, ասենք, Չեքիջյանի կամ Ամիրխանյանի արվեստը ոգեշնչման աղբյուր կդառնա հայերի հաջորդ սերունդների համար:

Այդ դրվագը ես հիշեցի օրերս Ազգային ժողովում ծագած վեճի պատճառով: ՔՊ-ական պատգամավորն առանց հարգանքի էր խոսում մեր նշանավոր մարզիկներ Հենրիխ Մխիթարյանի եւ Լեւոն Արոնյանի մասին: Պարզ է, որ քաղաքական գործիչը նման ձեւով պետք է խոսի հենց քաղաքական պատճառներով՝ համաշխարհային ամենաբարձր մակարդակով հանդես եկող ֆուտբոլիստն ու շախմատիստը լավ հարաբերություններ ունեին «նախորդ իշխանության» ներկայացուցիչների հետ: ՔՊ-ականի փաստարկն այն է, որ երբ ԱՄՆ-ում դատում էին Մոհամեդ Ալիին կամ Ռոբերտ Ֆիշերին, ամերիկացիները չէին ընդվզում, թե ինչու եք դատում մեր չեմպիոններին: Զուգահեռը կոռեկտ չէ. եթե Արոնյանը կամ Մխիթարյանը հակաիրավական արարք գործեն, նրանց դատելու դեմ Հայաստանում էլ ոչ ոք չի ընդվզի:

Իսկ ահա Հայաստանի դրոշի տակ ելույթ չունենալն այլ խնդիր է: Ասել՝ «ինչքան շատ գնան այդպիսի մարդիկ, այնքան շուտ  կմաքրվի մեր երկիրը»՝ կարծում եմ, պետական մոտեցում չէ: (Հիշեցնում է խորհրդային քարոզիչների պաթոսը, երբ այդ երկրի որեւէ մարզիկ կամ արտիստ «չէր վերադառնում» հայրենիք): Հիշյալ երկու հայ մարզիկները մեր երկիրը չէին աղտոտում, որ նրանց գնալով մենք մաքրվենք, հակառակը՝ Հայաստանին փառք ու պատիվ էին բերում: Արոնյանի գնալու պատճառներն, ի դեպ, անմիջական կապ ունեն պետական կառույցի պահվածքի հետ. ԿԳՄՍ ինչ-որ չինովնիկներ որոշել էին, որ նա, որպես շախմատիստ, «պոտենցիալ չունի», ինչն ակնհայտորեն հակասում է այդ շախմատիստի բարձր միջազգային վարկանիշին: Ինձ թվում է, մեր պետությունն ու հասարակությունը պետք է հպարտանան ազգի ցանկացած տաղանդավոր զավակով, մանավանդ այն հայերով, որոնք կայացել են անկախ Հայաստանում:

…1962 թվականին Խորհրդային Միություն հյուրախաղերով եկել էր Եվրոպայում, իսկ այնուհետեւ՝ ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին, որին մինչ այդ՝ 1940-50 թվականներին փնովում էին խորհրդային քարոզիչները: Այդ իրադարձությունից տարիներ անց ես մեր կոնսերվատորիայի պրոֆեսորներից մեկից հետաքրքրվեցի՝ ինչո՞վ էր պայմանավորված խորհրդային իշխանության վերաբերմունքի այդ փոփոխությունը: Դասախոսիս պատասխանը հետեւյալն էր. «Իրենց մեծությունն է, ինչո՞ւ պիտի ուրիշին տային»:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Եթե չեք նկատել, ապա եւս մեկ անգամ նայեք լուսանկարը. մեծություններ Չեքիջյանի կամ Ամիրխանյանի կողքին կանգնած է Միլիտոնյանը, որին դժվար է մեծություն ասելը: Եթե կուզեք, հետաքրքրվեք նրա կենսագրությամբ, մասնավորաբար պաշտպանության նախարարությունում աշխատանքով: Հետաքրքիր փաստերի կտեղեկանաք:

  2. Լավատես says:

    Եթե փոքրերի վնասն այն է, որ իրենցից մեծ իշխանություն են գրավում եւ ամեն գնով պահում եւ դրանով երկրի հերն անիծում, իսկ մեծերի վնասն այն է, որ բավարարվում են իրենց փոքր իշխանությունով եւ դրանով երկրի հերն անիծում, էլ չեն հասկանում, որ իրենց համեստությամբ նույնքան ազգին վնասում են, ինչքան փոքրերն են վնասում իրենց անհամեստությամբ: Մեր մեծերը իրենց նման մեծ, բայց քաղաքականության մեջ, մարդկանց պետք է գովազդեն եւ երդվեն ժողովրդի առջեւ, որ այդ մարդկանց համար գլխովին պատասխանատվություն են կրում եւ ժողովրդի աջակցությամբ այդ իշխանությունը օրինական ճանապարհով սկուտեղի վրա հանձնեն քաղաքականության մեջ մեր մեծերին՝ հայրենիքի եւ սփյուռքի հոյակապ մասնագետներն էլ նրանց խորհրդատու: Ողջ իշխանությունը՝ հայ տաղանդների՛ն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031