Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմ. Արժանապատվության բաց դասագրքից

Մարտ 17,2022 13:30

Սիսիանի` Վուրգ Ոսկանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի առաջին դասարանն ավարտելուց հետո Կարեն Թորոսյանը ընտանիքի հետ 2009-ին տեղափոխվել է Երեւան: Երկրորդ դասարանից սովորել է Նուբարաշենի` Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում: Ուսուցիչներից մեկը Շուշիից էր, Կարենին շատ էր սիրում ու նրա հետ հարազատ բարբառով էր խոսում, որ համեստ, քչախոս նորեկը չնեղվեր անծանոթ միջավայրում: Բայց Կարենը չնեղվեց, ու նրան սիրեցին ե՛ւ դասընկերները, ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ ողջ դպրոցը: Կարենը սպորտով էր զբաղվում, ֆուտբոլ էր խաղում, բոքս ու կարատե պարապում: Դրան զուգահեռ` 7 տարի անգլերեն պարապեց, իր ապագան, հավանաբար, պայմանավորում էր դրանով: Ընտանիքին, մորն օգնելու նպատակով 14 տարեկանից նաեւ աշխատում էր, իր դասագրքերի, հագուստի, դպրոցական պարագաների գումարն ինքն էր հայթայթում: Երբ Սունդուկյանի թատրոնում Ալիշանի անվան դպրոցի 11-րդ դասարանի բեմականացրած «Անուշը» 3-րդ տեղ էր գրավել եւ պիտի Վրաստան հյուրախաղերի մեկներ, Կարենն օր ու գիշեր աշխատում էր` իրեն անհրաժեշտ գումարները ստեղծելու համար: Բայց միայն գումար վաստակելը չէ, որ գոհացնում էր նրան: Կարենը սիրում էր սովորել եւ ամեն անգամ մի նոր բան էր յուրացնում` կարծես պատրաստ լինելու ավելի պատասխանատու իրավիճակներում ինքնադրսեւորվելու: Մի աշխատանքի ընթացքում Երեւանում ամերիկացի ռեստորանատիրոջ համար թարգմանություն էր արել, ով նրան առաջարկել էր իրենց մոտ աշխատանքի ընդունվել, բայց Կարենը ժպիտով պատասխանել էր` ես ձեզ մոտ հետո կգամ… Շատ բաներ էր հետաձգում հետոյին… Հետոն էլ այն եղավ, որ «հետո» չեղավ: Ու մոր սրտի մեջ մեծացած տղան հավերժորեն ձուլվեց մայր-երկրի սրտին` որպես հայրենանվիրումի պատգամ, որպես անմահություն:

Կարեն Արայիկի Թորոսյանը ծնվել է 2001թ.-ի հունիսի 22-ին` Սիսիանում: 2019 -ի հուլիսի 22-ին Երեւանի զինկոմիսարիատի Էրեբունու բաժանմունքից զորակոչվել է բանակ: Ծառայում էր Մատաղիս-1-ում: Ծառայությունից անցել էր մեկ տարի, երկու ամիս, եւ նա տունդարձի օրերն էր հաշվում… Բայց 44-օրյա պատերազմը նենգորեն խառնեց նրա հաշիվները: Երբ Թալիշ-Մատաղիսն այլեւս մեր վերահսկողության տակ չէր, հայրենիքը պաշտպանեց Մարտունի-2-ում: Դիպուկահար էր, կրտսեր սերժանտ: Սերժանտի կոչումն ստանալիս գիշերով զանգահարել է մորը ու հպարտորեն ասել` մամ, տղեդ սերժանտ է, մնացածը կգամ հետո կպատմեմ: Բայց հետո Կարենը չեկավ, բերեցին: Կարեն Թորոսյանը նահատակվեց հոկտեմբերի 14-ին` ընդամենը 19 գարուն ապրած: Հոկտեմբերի 16-ին հուղարկավորվել է Նուբարաշենի գերեզմանատանը:

Որքան դժվար է ինձ համար այս ժպտերես, աշխարհից երբեք չնեղացած, մարդկանցից երբեք չխռոված, հոգին` շիտակ, սիրտը` մաքուր, կյանքը անչափ սիրող ու իրեն բաժին հասած դժվարությունները աստվածային ներողամտությամբ տանող տղայի մոր` Լուսինե Թորոսյանի հետ զրուցելը, չցամաքող արցունքները տեսնելը, դեմքին դաջված անմխիթար, անլուր տառապանքը զգալը: Որքան նման է բոլոր որդեկորույս մայրերի ցավը, բայց եւ յուրաքանչյուր մայր սգում է յուրովի:

Լուսինե Թորոսյանի ցավը «խոսում էր»: Կարենը նրա համար միայն զավակ չէր, միայն առաջնեկ չէր, նրա կյանքի իմաստն էր, ապրելու ուժը, թիկունքն ու հենարանը, նրանից ութ տարի հետո լույս աշխարհ եկած երկրորդ որդու` Գոռի ընկեր-եղբայրը: Կարենը Լուսինեի ամենօրյա տոնն էր, ուրախությունը, ամենօրյա կապը կյանքին, մարդկանց, աշխարհին: Հիմա այդ կապը կտրվել է, այդ թիկունքը` բեկվել, այդ սերը դառնացել` մորը թողնելով մոլոր, ամենօրյա ճանապարհը` նրա մոտով, ամենօրյա ծաղիկները` նրա գերեզմանին…
Լուսինեն պատմում է, որ թեեւ վաղուց Սիսիանում չեն ապրում, բայց շատ են սիրում Սիսիանը եւ բոլոր արձակուրդներին գալիս էին այստեղ: Ամեն անգամ եկեղեցի բարձրանալիս Պանթեոնով էին գնում, խոնարհվում պատերազմի նահատակներին, ձեռքները հպում նրանց շիրմաքարերին: Կարենը մի անգամ շատ ուշադիր նայել է Վուրգ Ոսկանյանի նկարին ու ասել` ի՜նչ գեղեցիկ բեղեր ունի, եւ ինչ հետաքրքիր անուն: Մի այցի ժամանակ էլ, երբ Լուսինեն տեսել է հուլիսյան մարտական գործողության ժամանակ զոհված Գրիշա Մաթեւոսյանի անմեղ հայացքը, վայրկենապես այն մեխվել է նրա մտքում, մտածել է, թե այս լույս տղայի մայրը ո՞նց է դիմանում (հետո է իմացել` ում տղան է), ու մինչեւ Երեւան հասնելը կեսմարդ դարձել: «Հիմա էդ նույն հարցը ինձ եմ տալիս` ես ո՞նց եմ դիմանում: Պատերազմի առաջին օրերին, երբ հրապարակվեց առաջին 30 զոհի ծննդյան թիվը` 2001, ես մտածում էի, որ նրանց մայրերը հիմա մեռան: Բայց եւ չէի մտածում, որ մի օր ես էլ եմ «մեռնելու»,- ասում է Լուսինե Թորոսյանը:

Կարենն ընկերասեր էր, նվիրվող, համբերատար, ներողամիտ, անմիջական: Հագի շապիկը կհաներ-կտար ընկերոջը: Սիրում էր կարգ ու կանոն, կոկիկություն, ճաշակով էր, հագ ու կապը` տարբերվող: Կյանքը շատ էր սիրում, չկար մեկը, որին ատեր: Նրա հոգում միայն սեր ու բարություն էր: Կարենն ամբողջ աշխարհին էր սիրում, գուցե դա էլ մոր` իրեն տված անսահման սիրո անդրադարձն էր: Կարենը մենակ մի բան չէր սիրում` բանակ գնալ, ասում էր` էս կյանքին ավելի շատ օգուտ կտամ, քան` բանակին, բայց բանակին տվեց ամենաթանկը` կյանքը: Լուսինեն ասում է, որ «ցավդ տանեմ, մամ ջան»-ը անպակաս էր նրա բառապաշարից ու երբ ինքը խնդրել է որդուն էլ չասել, տղան պատասխանել է` բա քո ցավը ո՞վ պիտի տանի: Որդու զորակոչվելուց հետո Լուսինեն մտել է աշխատանքի, Կարենը, սակայն, պնդել է, որ բանակից գա, չի թողնելու մայրն աշխատի, եւ ամեն ինչ լավ է լինելու: Շնորհակալության զգացումը Կարենի բնավորության վառ գծերից էր, ու երբ ամեն անգամ շնորհակալություն է հայտնել մորը, աշխատակիցները զարմացել են, որ զավակը կարող է մորից այդքան շնորհակալ լինել: «Կարենը գիտեր, որ ամուսինս` Վրեժ Հակոբյանը, իր հարազատ հայրը չէր, բայց նրան հարազատի պես էր սիրում: Բոլորի տեղը գիտեր: Հոկտեմբերի 5-ին զանգեց- խնդրեց գնամ իր վիրավոր ընկերոջը տեսակցության, ասացի` չեմ կարող, էդքան ուժ չունեմ, ամուսինս գնաց… Հիմա արդեն նրա ընկերներն են ինձ այցի գալիս»,- ասում է Լուսինեն ու հավելում, որ անգամ պատերազմի ամենածանր օրերին` հոկտեմբերի 9-ին, զանգահարել է իրեն եւ խնդրել իր անունից շնորհավորել իր անչափ սիրելի Ամալյա տատի ծննդյան օրը եւ հավաստիացրել, որ մայրն իր ձայնը միշտ լսելու է:

«Խոսել ենք նույնիսկ զոհվելուց մի քանի ժամ առաջ: Հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 9-ին զանգել է, տխուր էր, ձայնը` կտրված, մտածեցի` թոքաբորբ է, ասաց` ձեզ լավ նայեք, էլի կզանգեմ: Հետո ես զանգեցի, անհասանելի էր… Դրանից հետո չեմ էլ հիշում` ոնց եմ ապրել ու ոնց եմ ապրում… Ապրում եմ, որ ամեն օր նրան վարդեր տանեմ: Ապրում եմ Գոռիս համար, ում այնքան շատ էր սիրում Կարենը, ում անունը ինքն էր դրել»,- ասում է մայրը, հետո հավելում, որ զոհվածներ տեղափոխող մեքենայի մեջ նկատել են մեկի ձեռքի շարժումը, Կարենն է եղել, բայց մինչ տեղ են հասել, արնաքամվել է: «Պատահական չէ, որ Կարենիս զոհվելու լուրը առաջինը Սիսիանում ապրող իմ բարեկամներին են հայտնել: Սիսիանի հետ մեր կապը միշտ էլ ամուր մնաց ու կմնա… Երբ Սիսիան գամ, անպայման Պանթեոն պիտի գնամ, այցելեմ մեր տղաներին, Կարենիս ընկերոջը` Վարդան Հովհաննիսյանին, որ նույնպես 19 տարեկանում զոհվեց: Ես գիտեի, որ Կարենն ընկերասեր է, բայց որ էդքան հայրենասեր է… Դե ընկերներն էլ հայրենիք են էլի…Բոլորն էլ իմն են, մերն են, ու բոլորի ցավն իմն է… Իմ վերքը երբեք չի բուժվելու, բայց ես կշարունակեմ ապրեցնել Կարենի հիշատակը»,- ասում է Լուսինեն ու ավելացնում, որ իր ճանապարհը եկեղեցու մոտով էր անցնում, սեպտեմբերի 27-ից հետո ամեն օր ծնկաչոք աղոթել է, որ պատերազմը շուտ ավարտվի, որ բոլոր զավակները տուն գան, հիմա էլ աղոթում է, որ պատերազմ չլինի, աշխարհում խաղաղություն լինի, որ մայրերը զավակ չթաղեն, դա ամենադաժան բանն է, դա սխալ է, դա անարդար է, դա ճիշտ չէ:

«Այլեւս Կարեն չի ծնվի նույնիսկ ինձանից: Ես չարացած չեմ, ատելությամբ լցված չեմ, բայց որեւէ մխիթարություն չունեմ ու չէի ուզենա հերոսի մայր լինել, կուզենայի, որ որդիս մոտս լիներ, ողջ լիներ… Չնայած` չի էլ հեռացել, ինձ հետ է, ինձ մոտ, կողքիս: Ցավը ուժեղացնում է մարդուն, ես հիմա ավելի ուժեղ եմ, որ ամեն օր նրան ծաղիկներ տանեմ, որ նրան քույրաբար նվիրված ազնվագույն ընկերուհու` Լիլիթի հետ ապրեցնենք Կարենի հիշատակը: Շնորհակալ եմ, որ Կարենս Լիլիթ Ավդալյանի նման ընկերուհի ունի: Կարենի գրպանում նրա նամակն էր: Տղայիս զոհվելուց հետո այն հանձնել են ինձ, բայց ես չեմ բացել, նույնությամբ վերադարձրել եմ Լիլիթին: Դա նրա մասունքն է, ու չափազանց թանկ` ինձ համար: Միասին պլաններ էին կազմում, երազանքներ գծագրում: Հիմա Լիլիթն իրենց տանը Կարենի անկյունն է ստեղծել: Նուբարաշենի դպրոցում նահատակների անկյուն են ստեղծել ու այդպես հարգում են անմահների հիշատակը»,- տխրամած ասում է Լուսինեն, ու նրա ցաված, բայց մեծ հոգին չի մոռանում անգամ անամոք վշտի մեջ շնորհակալություն հայտնել, որ Սիսիանում հիշում ենք Կարենին, գրում նրա մասին, հավերժացնում իր որդուն:

Հավերժ խոնարհում քեզ, Կարեն Արայիկի Թորոսյան, հավերժ հիշատակ, հավերժ փառք:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031