Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Սարիբեկյան` եռաչափ մտահղացումներ իրականացնողը

Մարտ 17,2022 13:00

Ինչպես չընկրկել ու փորձել կայանալ` ազգայինը տարածելով զարդերի միջոցով

29-ամյա Անահիտ Սարիբեկյանը եռաչափ մոդելավորող է, ծնվել է Հրազդանում, ավարտել է մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը: Այժմ յուրատիպ զարդեր է պատրաստում ու երիտասարդներին խորհուրդ է տալիս իրականացնել ցանկացած` անհավանական թվացող գաղափար: «Առավոտի» հետ զրույցում ասում է` ուզում եմ երիտասարդներին դիմել, ամեն ոք պետք է փորձի ինչ-որ բան անել եւ երբեք չմտածի գնալու մասին. «Պետք չէ հանձնվել, այս հողն ու ջուրը հիշողություն ունեն, գիտեն` ովքեր են իրենց կողքին կանգնած, ու հաստատ մնացողները ստանում են իրենց արժանի պարգեւը»: Արդեն մեկ տարի է, ինչ Անահիտը զարդեր է ստեղծում ու իր աշխատանքները խարսխում է ազգայինի վրա, նա ուսումնասիրել է հայկական զարդանախշերն ու մանրանկարչությունը: Այժմ Անահիտ Սարիբեկյանի հղացած աշխատանքները տարբեր հարթակներում կարելի է փնտրել Anahit՚s Corner unique jewelry անունով:

Տարբեր ընկերությունների հետ տարբեր ոլորտներում համագործակցած Անահիտ Սարիբեկյանն ասում է, քանի որ եռաչափ մոդելներ ստեղծելու շնորհք ուներ, կարողանում էր ստեղծել այն ամենը, ինչ անցնում էր մտքով: Համագործակցում էր նաեւ ոսկերիչների եւ անիմատորների հետ, ու մի օր էլ որոշեց զարդեր ստեղծելու ուղղությամբ մասնագիտանալ, թեեւ իր ստեղծած քանդակներն էլ մեծ հետաքրքրություն էին առաջացրել: Այժմ փորձում է օտարերկրացիների համար էլ գրավչություն ապահովել, կարծում է` նրանց ավելի շատ հունական դիցաբանությունը կհետաքրքրի:

Անահիտը սկզբում Հրազդանում էր աշխատում, հիմա փոքրիկ անկյուն ունի Երեւանում, եւ այնտեղից է իր գործունեությունը ծավալում: Իրեն հաջողակ մարդ է համարում, քանի որ կարծում է, որ ամեն մեկին տրված չէ այն շնորհքը, ինչ ինքն ունի, եւ գնահատված լինելու երջանկությունը:

«Մերոնք միշտ ասում էին` մի բան արա, ես մտածում էի` լավ, ի՞նչ անեմ, հետո մի օր մասնակցեցի ընկերներիցս մեկի բիզնես դասընթացներին, որը հենց բիզնեսում առաջին քայլերն անող սկսնակների համար էր, ու այդպես սկսվեց ամեն ինչ… Կարծում եմ` կյանքում ոչ մի հեշտ բան չկա, բայց եթե մի գործ սիրով ես անում, դժվարությունները աչքիդ չեն երեւում»,-համոզված է մեր զրուցակիցը:

«Բացի դրանից, մեր տնեցիները սովոր են, որ եթե մի բան մտքիս դնում եմ, ուրեմն անում եմ, այդպես դաշնամուր գնեցի ու տուն բերեցի, որ սովորեմ, մեծ ակվարիում գնեցի… Նույնն էլ ուրիշներին եմ խորհուրդ տալիս` անպայման փորձեք ձեր մտահղացումներն իրականացնել, սկզբում գուցեեւ չստացվի, բայց փորձել պետք է: Իմ դեպքում էլ շատ է պատահել, որ քանիցս որոշել եմ հետ կանգնել, հիմա մտածում եմ, թե ինչ վատ կլիներ, եթե թողնեի: Պետք է նպատակ դնես ու ձգտես հասնել դրան, ու կողքիդ պետք է լինեն մարդիկ, որոնք քեզ ոգեշնչեն»,-հավելում է Անահիտը:

Սիրով ներկայացնում է իր ստեղծած գեղեցիկ զարդերը, ասում է` ամեն դետալի վրա մանրակրկիտ աշխատել է: Հետաքրքրվեցինք, թե սիրո թեմայով ինչ զարդեր ունեն: Ժպտալով պատասխանեց, որ բոլորն էլ կարելի է սիրո թեմայով համարել, քանի որ բոլոր զարդերը սիրով են պատրաստված: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ասաց, որ նրանք ու նրանց մտերիմները նախընտրում են սվաստիկա, Շուշիի հրեշտակներ, տիեզերք, Անդրանիկ, Նժդեհ, Մոնթե, Տիգրան Մեծ: Այժմ ավելացրել են նաեւ թռչնատառերը, Թադեի վանքից վերցված հրեշտակը: Անահիտն ընդգծում է, որ երբեք որեւէ մեկին չեն կրկնօրինակում, իսկ արդեն եղած թեմաները նոր մոտեցմամբ են մատուցում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Սարիբեկյանը

«Առավոտ» օրաթերթ
16.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031