Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականությունը՝ մարդկային մտածողության արդյունք

Մարտ 17,2022 12:30

Աբսուրդի դրաման իր հիմնական առանձնահատկություններն ու շեշտադրումները կարելի է ասել՝ ժամանակի ընթացքում է վերաձեւակերպել: Սակայն մեր իրականության հետ այն նոր նշաձող է սահմանել՝ կարեւորի մեջ փնտրելով ամենակարեւորը: Այս սկզբունքով է նաեւ ժամանակակից հայ դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» երկու գործողությամբ աբսուրդի դրաման:
Փաստ է, որ հայ ժամանակակից դրամատուրգիայում քիչ ենք հանդիպում աբսուրդի դրամաների: Սա տարբեր հանգամանքներով կարելի է պայմանավորել, սակայն չշեղվելով բուն թեմայից, նշեմ, որ ինքնին բարդ կառուցվածք ունի աբսուրդի դրաման՝ իր պահանջներով ու հիմնական փիլիսոփայությամբ: Եվ միշտ չէ, որ վերոհիշյալ դրույթները հավասարապես են ներկայանում: «Աբսուրդի դրամայի տեսական հարցադրումներն աղերս ունեն նաեւ էքզիստենցիալիզմի որոշ հիմնադրույթների հետ (գոյության անմտություն, անհատի դատապարտվածություն, մարդու անդեմացում եւ այլն)»,-կարդում ենք գրականագետ Արմեն Ավանեսյանի «Արդի հայ դրամատուրգիան (1991-2008 թթ.)» գրքում: Այս համատեքստում էլ անդրադառնանք Էլֆիք Զոհրաբյանի «Թեթեւ տարեք» պիեսների ժողովածուի «Սմբակներ» աբսուրդի դրամային, որը, միանշանակ, ցույց է տալիս դրամատուրգի համարձակությունը գաղափարների ու տեսակետների, ներկա իրողությունների ու մարդկային մտածելակերպի բախման կիզակետում: Այս պիեսում հեղինակն անհատական մոտեցումը վերափոխում է մասսայականի, քանզի ընտրված թեման ժամանակակից աշխարհում արդիական հնչեղություն ունի:

Մարդու ներսն ու դուրսը պատկերելու խորը գիտակցումով է դրամատուրգն այսչափ ճիշտ դասավորել գործողությունները, որոնք ընթանում են մեր օրերում եւ մեզ մոտ: Սա պիես չէ, որտեղից կարելի է գեղեցիկ տողեր մեջբերել, կրկնել եւ մոռանալ: Այստեղ կարեւոր խնդիր է դրամատուրգն առաջ բերել. միջավայրի ու մարդկային կյանքի փոխներգործության խնդիրը, որը խտացված է պարզ ու հասկանալի չափանիշներով ու բովանդակությամբ: Կյանքի բովանդակությունը մանրակրկիտ ուսումնասիրման նյութ է «Սմբակներ» աբսուրդի բազմաշերտ դրամայում, որը ոչ մի գեղարվեստական շղարշ չունի:

«Սմբակները» տագնապներից ծնված ու մարդուն ցույց տալու պատրաստ աբսուրդի դրամա է: Սա ինքնին բարդ է հատկապես, երբ գործող անձինք երեքն են, որոնցից յուրաքանչյուրը գլխավոր հերոսի հոգեկերտվածք է ստացել: Պատահական ոչինչ չկա: Ինչպես կյանքում, այնպես էլ աբսուրդում՝ մարդը սիրում է իրեն, այս դեպքում՝ մարմինն ու որովայնը, որոնց պահանջները չբավարարելը, մեղմ ասած, հիասթափության են հանգեցնում: Սակայն հաճախ ենք մոռանում կամ շփոթվում՝ արդյոք որտե՞ղ փնտրենք կյանքի ու ապրելու գեղագիտությունը, մեր մե՞ջ, թե՞ մեզանից դուրս:

Էլֆիք Զոհրաբյանի աբսուրդի դրամայում ամեն ինչի հիմքում մարդն է ու մարդկային մտածողությունը, որը հաճախ օտարանում է իրականությունից, ձգտում այլ տարածքներ, որտեղ բնազդային հաճույքն առաջին տեղում է: Այստեղ նույնպես հերոսները փոխում են բնակության վայրը, սակայն իրենց էությունը չի փոխվում: Դրամատուրգը պատահական թեմա չի շոշափել: Նա գտել է բանալին եւ բացում է կյանքում հանդիպող տարբեր դռներ, որոնց հետեւում մարդկային բացասական արարքներն են: Սակայն սրանով ոչ թե մարդու ապրելակերպն ու մտածողությունը քննադատելու միտում ունի դրամատուրգը, այլ այս ամենով մարդու ներքին աշխարհում կյանքի ու ապրելու ներդաշնակության ուղիներ փնտրելը, սեփական անձին չհակասվելը: Եվ ինչքան էլ զարմանալի թվա, կյանքի «ազատության» մի շերտում մարդը դառնում է սմբակավոր: Այսօրինակ մարդկանց մտքերը կառավարելը սովորական երեւույթ է մեր օրերում:

«Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակերպ»,-կարդում ենք աբսուրդի դրամայում ու հետ նայում՝ տեսնելու աշխարհն ու մարդկանց, ինքներս մեզ, ներաշխարհային նոր հարցեր առաջ քաշում՝ ո՞վ ենք, ո՞ւր ենք գնում…

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հ.Գ. Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» աբսուրդի դրաման արժանացել է «Լեւոն Շանթի» անվան մրցանակի: Այն բեմադրվել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում եւ մինչ օրս խաղացանկում է:

«Առավոտ» օրաթերթ
16.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031