Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-կորեական ընտանիք` Ջու Յոնգ Թաեկի ու Նարինեի սիրո պատմությունը

Մարտ 17,2022 12:00

Հարավային Կորեան ներկայումս ասիական ամենազարգացած եւ առաջադեմ երկրներից է։ Լինելով տեխնոլոգիապես զարգացած եւ ունենալով բավականին կայուն եկամուտ` Կորեան դեռ շարունակում է վերելք ապրել։ Չնայած այս ամենին, Կորեան ունի հինավուրց պատմություն, որը չի դադարում իր դերը խաղալ ժամանակակից մշակույթում։

Կորեացիները, լինելով կիրթ եւ նորարար, չեն մոռանում պահպանել իրենց ավանդույթներն ու սովորույթները, հնարավորինս լավ համադրելով հինը նորի հետ։ Նոր սերնդին փոխանցվում է մեծերին եւ վերադասներին հարգելու սովորույթը, ասիական մշակույթին հատուկ զսպվածությունն ու մրցակցությունը, որոշ անվնաս սնահավատություններ եւ սերը կծու սննդի նկատմամբ։

Եկեք փաստենք, որ հայերն էլ ունեն նույն հատկանիշները։ Մենք նույնպես դարերից ի վեր պահել եւ պահում ենք մեր ավանդույթները, սովորույթները, ունենք հարուստ անցյալ եւ պատմություն, հարգանք մեծի նկատմամբ եւ սնահավատության նշույլ։ Դե եկեք պատկերացնենք, որ այս երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են միմյանց, սիրահարվել եւ կազմել գեղեցիկ ընտանիք։

Այօրվա հարցազրույցի իմ հերոսն է Նարինե Գյուլնազարյանը, որը կարողացել է գրավել Ջու Յոնգ Թաեկի սիրտը։

– Ինչպե՞ս ծանոթացաք ձեր ամուսնու հետ:

– You Tube-ում տոլմայի վերաբերյալ տեսահոլովակ ունեմ կորեերենով, ամուսինս այդ հոլովակի տակ մեկնաբանություն էր թողել. «Հայկական ուտեստներ շատ եմ սիրում եւ քանի որ սովորում եմ հայերեն, խնդրում եմ նաեւ հայերեն ենթագրեր ավելացնեք տեսահոլովակին»։ Զարմանալով, որ որեւէ կորեացի հետաքրքրված է Հայաստանով, քիչ չէ՝ մի բան էլ հայերեն է սովորում, առաջարկում եմ նրան օգնել հայերեն սովորելու գործում եւ այդպես սկսվում է մեր պատմությունը։

– Հայկական խոհանոցից ո՞ր ուտեստն է Ջու Յոնգ Թաեկը նախընտրում:

– Տոլմա, խորոված։ Իսկ մնացած ուտելիքները ուտում է, բայց որ ասեմ հավանում է՝ սուտ կլինի։

– Իսկ դուք կորեական ո՞ր ուտեստն եք նախընտրում:

– Շատ չեմ հասցրել դեռ փորձել, բայց փորձածներիցս՝ կիմբապ, չափջե, հոտտոկ։

– Կցանկանայի՞ք տեղափոխվել եւ բնակություն հաստատել Հարավային Կորեայում:

– Դեռ չեմ եղել Կորեայում, չեմ կարող հստակ ասել՝ կուզենամ ապրել էնտեղ, թե ոչ, բայց ճամփորդել շատ եմ ուզում, վաղեմի երազանքներիցս մեկն է։

– Ինչպիսի՞ ամուսին է ձեզ համար Ջո Յոնգ Թաեկը:

– Լավագույն… գերհոգատար, սիրող, հարգող, վստահություն ներշնչող, կյանքով լի եւ նպատակասլաց։

– Ձեր ծնողները ինչպե՞ս ընդունեցին Թաեկին:

– Սկզբից դեմ էին մեր հարաբերություններին, քանի որ չէին ճանաչում, բայց հիմա շատ են սիրում։

– Ինչքա՞ն ժամանակ է, որ միասին եք:

– 2019-ից ճանաչում ենք իրար, իսկ այս ամառ կլրանա մեր ամուսնության մեկ ամյակը։

– Գիտեմ, որ փոքրիկի եք սպասում. տղա՞ է, թե՞ աղջիկ, եւ արդյո՞ք որոշել եք անունը երեխայի:

– Տղա է, անունը որոշել ենք, միայն կարող եմ ասել, որ կորեական անուն է, բայց թե ինչ անուն, չեմ կարող ասել, քանի որ ըստ կորեական մշակույթի՝ դեռ չծնված երեխայի անունը չի կարելի բարձրաձայնել։

– Էլ ի՞նչ կորեական սովորույթների եք հետեւում:

– Հստակ ժամերին ուտելը։ Ժամը կորեացիների մոտ երբեք չի խանգարվում, եթե եկավ հաց ուտելու ժամը, նրանք թողնում են բոլոր գործերը եւ ճաշում։ Կարծում եմ՝ շատ ճիշտ եւ դրական սովորույթ է. փորձում ենք հետեւել։

– Մինչեւ ձեզ հանդիպելը Թաեկը այստե՞ղ էր ապրում:

– Ո՛չ, այստեղ չէր ապրում, ապրում էր Կորեայում, բայց մեկ տարի առաջ այցելել էր Հայաստան եւ միտք ուներ կորեական ռեստորան բացելու, նա Մոլդովայում հանդիպել էր մի հայի, որը խորհուրդ էր տվել գնալ եւ տեսնել Հայաստանը, հետեւելով նրա խորհրդին, հայտնվել էր Հայաստանում։

– Ինչպիսի՞ ընթացքի մեջ է ռեստորանի բացումը:

– Կորոնավիրուսի պատճառով չստացվեց բացել, այս պահին էլ դեռ լավ վիճակում չէ մեր երկիրը ռեստորան բացելու համար։

– Կա՞ որեւէ հետաքրքիր պատմություն, որը պատահել է ձեզ հետ կամ Թաեկի:

– Ես ամուսնուս հիմնականում օպպա (կորեերենից թարգմանաբար նշանակում է մեծ եղբայր. հիմնականում աղջիկներն են ասում եւ երբեմն էլ սիրած տղային էլ են այդպես դիմում) եմ ասում, մեր մոտի խանութի աշխատողները շատ ուշադիր լինելով մեր հանդեպ, ֆիքսել էին այդ դիմելաձեւը։ Մի անգամ ամուսինս միայնակ էր գնացել այդ խանութ, աշխատողները մտածել էին, որ օպպան իր անունն է եւ կանչել էին օպպա, ամուսինս բնականաբար մի անգամից հասկացել էր՝ ինչ է կատարվում եւ կատակով էր վերաբերվել։

Զրուցեց Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031