Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը պետք է լինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաեւ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում

Մարտ 16,2022 23:15

Մեկնարկել է Հայաստանի ու Արցախի համանման հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքը

Մարտի 16-ին Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը:

Երկօրյա նիստի ընթացքում խորհրդարանականները կքննարկեն կրթության զարգացման ռազմավարությանն ու օրենսդրական բարեփոխումների ուղղություններին, պատերազմի հետեւանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային եւ հոգեւոր արժեքների պաշտպանությանը, Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը համոզմունք են հայտնել, որ համատեղ երկրորդ նիստն արդյունավետ կլինի հանձնաժողովների հետագա համագործակցության ընդլայնման եւ ոլորտային խնդիրները մանրամասն քննարկելու համատեքստում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է կրթության զարգացման ռազմավարությանն ու օրենսդրական բարեփոխումների ուղղություններին՝ հանրակրթության, մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտներում: Նախարարը վստահեցրել է, որ փաստաթղթում նախանշվել են կրթական համակարգի զարգացման հստակ թիրախները: Կրթական գործընթացի հիմքում պետք է լինեն մարդկային ներուժի բացահայտման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որակյալ, բովանդակային ու մրցունակ կրթությունը՝ համահունչ ազգային ու համամարդկային արժեքներին:

«ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի գործողությունների շրջանակում իրենց համակարգման ոլորտներին անդրադարձել են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը եւ Կարեն Թռչունյանը:

Փոխնախարարները մանրամասնել են նախագծի կառուցվածքային առանձնահատկությունները, թիրախային ոլորտները, գործողությունների պլանը, խոսել ակնկալվող արդյունքների ու ծրագրային հիմնադրույթների մասին: 2030 թ. կրթության ոլորտի հիմնական թիրախներից է նախադպրոցական կրթությունը բոլոր բնակավայրերի համար հասանելի դարձնելը: Ընդգծվել է մասնագիտական կրթության կարեւորությունը, որը կարող է սպասարկել տնտեսության փոփոխվող կարիքները եւ այստեղ հավակնոտ թիրախային պլան է մշակված: Անդրադարձ է եղել մարդկային ներուժի զարգացման, ատեստավորման ու տարակարգի մեխանիզմների ներդրմանը, ըստ տարածաշրջանների՝ մասնագիտությունների վերանայման խնդիրներին:

Պատգամավորները կրթական ծրագրերը կազմելիս կարեւորել են անվտանգության բաղադրիչի ներառումը, խոսել կրթական առարկայական գիտելիքների բարելավմանն ու ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներից, ուսուցիչների պարտադիր եւ կամավոր ատեստավորման գործընթացից ու խրախուսման մեխանիզմներից:

Օրակարգային հարցերի շրջանակում է եղել պատերազմի հետեւանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության հարցը: Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո մոտ 2000 պատմաճարտարապետական հուշարձաններ մնացել են այդ տարածքներում, այդ թվում՝ մոտ 187 եկեղեցի, վանական համալիր եւ մատուռ, մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր ու տապանաքարեր, մոտ 52-ից ավելի բերդ-ամրոցներ:

Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի բռնազավթման քաղաքականությանն ու վանդալիզմի դրսեւորումներին ականատես ենք եղել բազմիցս: Այսօր Ադրբեջանը փոխել է քաղաքականությունը. հայկական վիպագիր արձանագրությունների հետքն է փորձում ջնջել պատմաճարտարապետական հուշարձաններից: Լեռնիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այս խնդիրը պետք է լինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաեւ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ հստակ էթնիկ ինքնության դրսեւորումներ ունեցող պատմամշակութային ժառանգությունն այսօր կործանման եզրին է: Փոխնախարարը համոզված է, որ պետք է հատուկ ուշադրության արժանանա նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցը. վտանգված են արցախյան բարբառի համապատասխան ենթաբարբառները, ավանդական արհեստների ճյուղեր կան, որոնք յուրահատուկ են այդ տարածաշրջանին:

«Մշակութային ժառանգության պահպանություն» հիմնադրամի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը կարեւորել է արվեստի գործերի շտեմարանների արագ հավաքագրումն ու քարոզչական նպատակով օգտագործումը: Նա բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից քրիստոնեական մշակութային ժառանգության ապահայկականացման փորձերը. Ադրբեջանն այդ ժառանգությանը վերագրում է աղվանական կամ ուղղափառ ծագում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի համոզմամբ՝ համաքրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման խնդիր կա այսօր:

Սիսակ Գաբրիելյանը հայկական մշակութային արժեքների պահպանման մասով անդրադարձել է առաջիկա քայլերին, կարեւորել միջազգային գործընկերների հետ շփումներում խնդրի բարձրաձայնումը: Այս առումով քննարկվել է միասնական հարթակի ձեւաչափը, որը համատեղ աշխատանքն առավել արդյունավետ ու արագ իրականացնելու հնարավորություն կտա:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031