Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը, ժամը 17․25 սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչներից մեկը՝ Կ․Գրիգորյանը, զանգահարել է ոստիկանության 1-02 ծառայություն ու հայհոյանքներ հնչեցրել հեռախոսը վերցրած օպերատորի հասցեին։
Ոստիկանության օպերատիվ խումբն այցելել է քաղաքացուն, վերջինս պարզաբանել է, որ զանգահարելու ժամանակ գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, բացի այդ, նյարդայնացած էր, բարկացած, այդ պատճառով էլ՝ չհասկանալով և չգիտակցելով՝ հայհոյել է ոստիկանության օպերատորին:
Ստուգվել է քաղաքացու խմածության աստիճանը 0.91մգ/լ և բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:
Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության տարբեր բաժիններում նյութեր են նախապատրաստում ու նաև միջոցներ ձեռնարկվում պաշտոնյաներին ծանր վիրավորանք հասցրած օգտատերերին հայտնաբերելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հետաքրքիրն այն է, որ այդ օգտատերերն այս դեպքում ոչ թե գրառումներ են կատարել իրենց էջերում, այլ մեկնաբանություն են թողել լրատվական տարբեր կայքերի նյութերի տակ։
Այսպես՝ մեր տեղեկություններով, ոստիկանության «Մուշ» բաժնում նախապատրաստվում են նյութեր ու միջոցառումներ ձեռնարկվում Անի թաղամասի բնակիչ Ա․ Ասատրյանին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ նա փետրվարի 22-ին «1in.am» կայքի ֆեյսբուքյան էջի հրապարակման տակ ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է գրել բարձրաստիճան պաշտոնատար անձի հասցեին:
Նմանապես ոստիկանության «Կումայր»-ի բաժնում միջոցառումներ են ձեռնարկվում Գյումրի քաղաքի բնակիչ Կ․ Գյոդակյանին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ նա փետրվարի 20-ին «News.am» կայքի ֆեյսբուքյան էջի հրապարակման տակ ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է գրել բարձրաստիճան պաշտոնատար անձի հասցեին։
Թե ովքե՞ր են այդ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց քաղաքացիները հայհոյել են, կփորձենք պարզել առաջիկայում։
Նշենք, որ ծանր վիրավորանք հասցնելու մեջ կասկածվող քաղաքացիները չեն աշխատում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ