1921 թվականի Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առիթով կազմակերպված գիտաժողովում Aravot.am-ի հարցին, թե մեր ելքը ո՞րն է՝ Ռուսաստանը ցանկալի չէ, Թուրքիան՝ չի կարելի, ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը պատասխանեց. «Դա կեղծ դիլեմա է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ աշխարհում միայն Թուրքիա եւ Ռուսաստան չէ: Կա Արեւմուտք, կա Արեւելք, Իրան կա: Նրանք տարբեր շահեր ունեն, մենք էլ այդ արանքում ենք: Ինչո՞ւ ենք միայն Թուրքիա եւ Ռուսաստան տեսնում: Մենք չենք տեսնում անգամ Իրանը, որը հիմա Արեւմուտքի համար բացվում է: Էլ չեմ ասում Արեւմուտքը, որ եկել է Վրաստան: Մենք վակուումում չենք գտնվում, մեր ժողովրդին մանիպուլացնում են»:
Իսկ ԱՄՆ-ը կամ Արեւմուտքը, որ ԱԺԲ-ի բնութագրմամբ պատմական արդարություն հաստատելու ջատագովներ են, ինչո՞ւ հիմա սեղանին չեն դնում նույն 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի հակաօրինական լինելը, որը կնքվել է միջազգային իրավունքների կոպտագույն խախտումներով, Գարեգին Չուգասզյանը մեկնաբանեց այսպես. «Մեր ԱԳՆ կայքում գրված է, որ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ընդամենը 30 տարի առաջ: Ամերիկայում գրված է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել է 100 տարի առաջ եւ նույն տարում օկուպացվել է Թուրքերի եւ ռուսների կողմից: Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները տերը չեն իրենց իրավունքների: Պահանջում ենք, որ Ամերիկան ի՞նչ անի: Պետք է չէ՞, որ հարցերը բարձրացվեն Հայաստանի կողմից: Նույնն է, թե 44-օրյա պատերազմի հարցը արեւմուտքը ինչո՞ւ չբարձրացրեց, երբ կար Հայաստանի կառավարություն, որը կարող էր այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ում: Ինչո՞ւ չբարձրացրեց: Եթե դու աթոռ ունես, իրավունքներ ունես ու դրանից չես օգտվում, ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ ես պահանջում, որ ուրիշները գան, քո իրավունքները պաշտպանեն: Եթե դու կամազուրկ ես, ոչ թե գերի ես, այլ ճորտ ու անգամ քո ներքին ազատությունից ու դրա համար պայքարից ես ուզում հրաժարվել, աշխարհում ոչ ոք քեզ չի հարգի: Ճորտին ոչ ոք չի հարգում: Տեսեք, մենք հիմա միջազգային ինչ-որ կարգավիճակներ ունենք, բայց կամավոր սկսում ենք խոսել այն մասին, որ դրանցից պիտի հրաժարվենք:
Ասում են, թե Ամերիկան կամ Եվրոպան մեզ չի պաշտպանում: Ո՞նց չի պաշտպանում, երբ Բլինկենը կամ Մակրոնը զանգում, ասում են՝ Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ, իսկ իշխանությունն ասում է, թե Արցախը նաեւ կարող է լինել Ադրբեջանի կազմում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ