Տավուշի առաջին դպրոցահենք ջերմատունը տարեսկզբին արդեն տվել է հիդրպոնիկ ելակի առաջին արտադրանքը։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Թեղուտի դպրոցի տնօրեն Արգամ Թամրազյանը։ Ջերմատունը հիմնվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ ՌԴ-ի ֆինանսավորմամբ։ Ընդհանուր առմամբ 400 քմ․ ջերմատան տարածքի մի հատվածում աճեցվում է լոլիկ և կանաչեղեն, մյուս հատվածում՝ հիդրոպոնիկ ելակ։ Ջերմատան արտադրանքը սպառվում է անմիջապես դպրոցի ճաշարանում։
Արգամ Թամրազյանը նշեց, որ ելակի ավելցուկը վաճառվում և իրացվում է համայնքում։ Վաճառքից առաջացած գումարով անգամ կարողացել են փոխել ճաշարանի գույքը։ Ջերմատան բերքի մշակմանը մասնակցում են ինչպես ուսուցիչները, այնպես էլ աշակերտները։
Կարդացեք նաև
Արգամ Թամրազյանի խոսքով՝ ջերմատունը շատ կարևոր ուսուցողական կենտրոն է։ Վերջինս մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև գյուղացիների շրջանում։ Ի սկզբանե ծրագրի նպատակն է եղել նորագույն տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության ավելացումը՝ դեռ դպրոցական տարիքից։ Դպրոցի տնօրենը հավելեց, որ արդեն բանավոր պայմանավորվածություն ունեն նաև Դիլիջանի պետական քոլեջի հետ։ Նախատեսվում է քոլեջում բացել գյուղատնտեսության բաժին, որի ուսանողները հնարավորություն կունենան ուսումնական պրակտիկան անցկացնելու ջերմատանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ