Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Ա. Գաբրիելյանի նախագահությամբ Սոնա Աղեկյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Մեղադրվողի շահերը պաշտպանելու համար ներգրավված հանրային պաշտպանը դատարանին տեղեկացրեց, որ ինքն ընդամենը այսօր է ներգրավվել գործընթացում, հետեւաբար, քրեական գործի նյութերին ծանոթ չէ: Նա իր վստահորդի շահերի պաշտպանությունը լիարժեք կազմակերպելու նպատակով նյութերին ծանոթանալու համար միջնորդեց գործի քննությունը հետաձգել: Դատավոր Ա. Գաբրիելյանը միջնորդությունը բավարարեց եւ հաջորդ նիստը նշանակեց մայիսի 11-ին:
Սոնա Աղեկյանը Aravot.am-ին նիստից առաջ ասաց. «Ես փորձում եմ պայքարել այն իրողության դեմ, որի մեջ գտնվում ենք: Եվ քանի որ 2018 թվականի փոփոխությունից հետո մեր երկրում մի այնպիսի իրողություն է տիրում, որ ղեկավար աշխատող անձինք բերել են նորամուծություն, որ մենք անընդհատ հայհոյանքի, այդ թվում՝ սեռական բնույթի, վիրավորական խոսքերի ականատեսն ու ունկնդիրն ենք լինում, կարծես, դա սովորական է դարձել: Ու կարդալով մեր երկրի ղեկավար նշանակված անձի հեղինակած գիրքը, որտեղ այդպիսի արտահայտություններ կան եւ դրանք համարվում են օրինաչափ, ես իմ բողոքի նշանն արտահայտել եմ փոքրիկ ստատուսների տեսքով ֆեյսբուք սոցիալական ցանցում: Դրանց առիթով ծանր հանցագործությունների Երեւան քաղաքի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է դատարան եւ այսօր այդ գործի քննության երկրորդ դատական նիստն է նշանակված: Իմ դեմ հարուցված երկրորդ քրգործի հիմքում ոտանավոր է, որի հեղինակը ես չեմ, այլ ներբեռնել եւ հրապարակել եմ ֆեյսբուք սոցիալական ցանցից»:
Սոնա Աղեկյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջին դատական նիստում գրավոր միջնորդություն է ներկայացրել, որպեսզի ապահովվի քննիչների գնահատմամբ տուժող անձի ներկայությունը դատական նիստին: Սակայն քանի որ նիստը չկայացավ, միջնորդության բավարարման հարցի քննարկումը նույնպես հետաձգվեց:
Նիստի ավարտին Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ մեղադրող կողմը ներկայացնող դատախազ Ասատրյանից, սակայն նա հրաժարվեց:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ