«1 ամիս է՝ Սիսիանում որեւէ երթուղի չի աշխատում։ Հայտարարվում է մրցույթ, բայց մասնակից չկա, որովհետեւ եկամտաբեր չի։ Սիսիանին երեսուն գյուղ է խոշորացվել, բայց տրանսպորտ չկա։ Ի՞նչ մոդել մտածել, որ տրանսպորտի խնդիրը լուծվի։ Մարդիկ մեղավոր չեն, որ մրցույթներին մասնակցողներ չկան», – ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021 թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը։
Գնել Սանոսյանն արձագանքեց, որ հարցը կարեւոր է եւ ՀՀ այլ շրջաններում եւս նման խնդիր կա․ «Երկուշաբթի եղել եմ Սյունիքում։ Ինձ ասել են խնդրի մասին։ Երեկ Սիսիանի համայնքապետը մեր նախարարությունում էր, տեղակալիս հետ հարցի ժամանակավոր լուծումն էր քննարկում, մինչեւ մարզի համար մրցույթ հայտարարենք։ Եթե մի քանի մարզի դեպքում հեշտ է, ապա Սյունիքի դեպքում գուցե հատվածների բաժանենք։ Ցավոք, կան եկամտաբեր եւ ոչ եկամտաբեր երթուղիներ։ Օրինակ՝ Վայք – Երեւան գիծը շահաբեր է, իսկ Վայք-համայնքներ գիծը՝ ոչ։ Երկու հարյուրից ավելի բնակավայր կա, որոնցում կայուն գիծ չկա։ Ուզում ենք, որ հաղթող ընկերությունը երկուսի դեպքում միաժամանակ սպասարկի երթուղիները»։
Նախարարի խոսքով՝ Կոտայքի դեպքում նման մրցույթը հաջող ելք ունեցավ, նոր միկրոավտոբուսներ կան, որոնք նախապատրաստվում են աշխատանքի․ «Կսպասարկվեն բոլոր բնակավայրերը, այն էլ՝ նոր տրանսպորտային միջոցներով։ Իսկ Սիսիանի խնդրին մոտ օրերս ժամանակավոր լուծում կտանք»։ Ապա պատգամավորը վստահաբար ասաց, որ Սիսիանի ու հարակից գյուղերի դեպքում ոչ մեկ չի մասնակցի մրցույթի, ուստի մեկ միասնական փաթեթի մեջ է պետք ներառել սպասարկումը՝ Սիսիանն իր գյուղերով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ