«Որոշ համայնքներում քաղաքական պատճառներով դեռեւս ձեւավորված չեն տեղական ինքնակառավարման մարմիններ։ Ունենք ընտրված համայնքի ղեկավարներ եւ ավագանիներ, որոնք անազատության մեջ են։ Որպես լիազոր մարմնի ղեկավար՝ ի՞նչ կարծիքի եք սահմանամերձ Գորիս եւ Քաջարան համայնքների ղեկավարների անազատության մեջ գտնվելու վերաբերյալ։ Դուք կարող եք ասել, որ դրանք իրավական գործընթացներ են, սակայն սրանք բացառապես քաղաքական գործընթացներ են»,-ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը։
Գնել Սանոսյանն արձագանքեց, որ դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո խնդիրներ մնացել են Թալինում եւ Վանաձորում միայն․ «Շատ ժամանակ զարմանում են, որ ես հանգիստ եմ վերաբերվում այս երեւույթին։ 441 համայնքներ խոշորացվել են 36-ում․ երեք տեղում կարող են խնդիրներ առաջանալ։ Կարծում եմ՝ բոլորդ հասկանում եք, որ խնդիրներ կլինեն։ Թալինի պարագայում իրավական բաց կա կարծես։ Համայնքի ղեկավարն ընտրվել է, երդում պետք է տար, բայց նիստ չի հրավիրվել, որովհետեւ քվորում չկա։ Թալինի քաղաքական ուժերին խնդրում եմ ավագանու աշխատանքները բնականոն կազմակերպել, որովհետեւ դրանից համայնքն է տուժում»։
Իսկ Վանաձորի համայնքապետի դեպքում, նախարարի խոսքով, իրավական գործընթաց կա․ «Դատարանի գործերն անքննելի են։ Եթե ավելացնենք Գորիսն ու Քաջարանը, ապա այո, խնդիր կա, դժվարություններ կան։ Աշխատակազմերը որոշակի կարգավորումներով աշխատում են, բայց կան հարցեր, երբ աշխատակազմը չի կարող փոխարինել համայքնապետին»։
Աշոտ Սիմոնյանն արձագանքեց․ «Շատ լավ է, որ Թալինի ավագանուն հորդորում եք աշխատել, բայց միաժամանակ առաջարկում եմ միանալ իմ հորդորին եւ իրավապահներին հորդորել ազատ արձակել նրանց, որովհետեւ ապօրինի կալանքի տակ են պահում Գորիսի, Քաջարանի, Վանաձորի համայնքապետերին»։ Սանոսյանը նկատեց՝ իրավական գիտելիքները թույլ են իր մոտ, բայց բոլորը պետք է շարժվեն օրենքով։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ