«Պաշտոնական Երեւանի արտահայտած դիրքորոշումներն էլ ավելի են հիմնավորում մեր մտավախություններն առ այն, որ գործող իշխանությունները Արցախի հարցը մտցնում են մի վտանգավոր փուլ, որտեղ անտեսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը եւ որը հղի է անդառնալի հետեւանքներով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով վերջին իրադարձություններին, կարծիք հայտնեցին «5165 շարժման» հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը եւ Հովհաննես Ղազարյանը։
Արցախում եւ Արցախի հարցի շուրջ այսօր տեղի ունեցողն, ըստ բանախոսների, վտանգավոր զարգացումներ են, որոնք հնարավորություն են տալու ադրբեջանական դիվանագիտությանը՝ հասնել ավելիին, կորզել ավելին եւ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, շարժման անդամները չեն տեսնում, որ ՀՀ իշխանությունները քայլեր են ձեռնարկում՝ հայկական ռեսուրսները համախմբելու, համատեղ ու ավելի ուժեղ հանդես գալու համար: Բանախոսներն, ավելին, մտավախություններ ունեն, որ անընդհատ ականատես ենք լինելու զիջումների, որոնք կներկայացվեն իբրեւ փոխզիջումներ:
Իբրեւ իրավիճակից ելք, ընդդիմադիր գործիչներն իշխանությունից ակնկալում են՝ պաշտոնական հայտարարություններ այն մասին, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է դրվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում: Իրավունք, որը ֆիքսված է ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթերում: Առանց այս պնդման, այլ հարցերի քննարկումն, ըստ բանախոսների, անիմաստ է դառնում: Նաեւ՝ գործող իշխանությունից պահանջում են վերահաստատել պաշտոնական Երեւանի՝ մինչ օրս արտահայտած դիրքորոշումը, որ Արցախը չի կարող ունենալ կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում:
Բանախոսների պնդմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց կարելի է սկսել այն բանից հետո, երբ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները դուրս գան ՀՀ սուվերեն տարածքներից, Հայաստանին վերադարձվեն բոլոր հայ ռազմագերիները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ