Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Մարդու իրավունքների վրա հիմնված պատասխանատու ոստիկանության ստեղծում` որպես հանրության վստահության երաշխիք» ծրագրի շրջանակներում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ 2021 թ․–ին իրականացված հետազոտության արդյունքները, որը նպատակ ունի հաշվարկելու ՀՀ իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերը:
Զեկույցը ներառում է նաև տեղեկություններ այն մասին, թե որքանով են քաղաքացիները վստահում իրավապահ մարմիններին, պատրաստ են արդյոք համագործակցելու ոստիկանության հետ և ինչպես են գնահատում ոստիկանության ու իրավապաշտպան կառույցների աշխատանքը:
Հետազոտությունն անցկացվել է՝ հաշվի առնելով բնակչության կրթական, սոցիալ-տնտեսական, սեռային պատկանելությունն ու տեղեկություն ստանալու հիմնական աղբյուրները:
Վերլուծությունն իրականացվել է նախորդ տարիների հետազոտության արդյունքների հետ համեմատությամբ և բացահայտել մի շարք օրինաչափություններ, փոփոխություններ և միտումներ՝ իրավապահ մարմինների գործունեության հասարակական ընկալումներում:
Կարդացեք նաև
«Իրավապահ մարմինների կամայականության համաթվի» և «Ոստիկանության վստահության համաթվի» արժեքներն ունեն ուղղակի կապ երկրում տեղի ունեցող հասարակական և քաղաքական իրադարձությունների, և դրանցում իրավապահ մարմինների ներգրավման աստիճանի հետ: Դա ակնհայտ է 2015-2016 թթ․, 2016-2017 թթ․, 2017-2019 թթ․ և 2019-2021 թթ․-ի ընթացքում այդ երկու համաթվերի ցուցիչների տատանումներից: Բացի դրանից՝ համաթվերի վրա մեծապես ազդում են նաև ոլորտում ձեռնարկված գործողությունները, ինչպես դրականորեն, այնպես էլ բացասաբար: Համաթվերի արժեքները նվազել էին 2016 թ.-ին, քանի որ տեղի էր ունեցել ՊՊԾ գնդի գրավումը, ինչին հաջորդած միջադեպերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից դրսևորված գործելաոճը կրել էր փոփոխություն:
2017 թ.-ին այս համաթիվն աճել է, բայց այնուամենայնիվ մոտ էր 0-ին: 2019 թ․-ին իրականացված հետազոտության արդյունքներում հստակ արտացոլված է հասարակական ընկալումների վրա 2018 թ․-ին տեղի ունեցած հասարակական-քաղաքական գործընթացների ազդեցությունը: Հասարակական ընկալման մեջ՝ ոստիկանությունը իշխանությանը ծառայեցնելու կարծրատիպը արմատական փոփոխության էր ենթարկվել: Այդ պատկերացումների դրական բնույթը թեև պահպանվել է 2021 թ․–ին, սակայն նվազել է 2019 թ․–ի համեմատ՝ պայմանավորված Արցախյան պատերազմի, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի ընթացքում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով:
«Իրավապահ մարմինների կամայականության համաթվի», ինչպես նաև բաղկացուցիչ համաթվերի արժեքները գրեթե բոլոր տարիներին ամենացածրն են եղել Երևան քաղաքում և Սյունիքում: Համաթվերը բոլոր տարիներին ցածր են եղել քաղաքային բնակչության շրջանում: 2015-2017թթ հետազոտությունների արդյունքներով համաթվերը համեմատաբար ցածր են եղել արական սեռի ներկայացուցիչների շրջանում: Ցածր գնահատականների հավանական պատճառներից է այն, որ նշյալ խմբերի ներկայացուցիչներն ավելի ակտիվ են սոցիալ-տնտեսական և քաղաքացիական գործընթացներում, ուստի նրանց պատասխանները և դատողություններն ավելի շուտ հիմնված են սեփական փորձի կամ դիտարկումների վրա:
Այսպիսով՝ կարող ենք պնդել, որ 2018 թ․–ին երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, մասնավորապես՝ հեղափոխությունը, զգալիորեն բարձրացրել էին ոստիկանության և այլ ուժային կառույցների վերաբերյալ հասարակության դրական վերաբերմունքը, մեծացրել հասարակական և/կամ քաղաքական զանգվածային միջոցառումների ժամանակ ապահովության զգացողությունը: Սակայն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020 թ․–ին՝ Արցախյան պատերազմ և կորոնավիրուսի համավարակի տարածում, դրական տրամադրվածությունները որոշակիորեն նվազեցրել են:
Այստեղ էական նշանակություն ունի ինչպես օբյեկտիվ իրականությունն, այնպես էլ այդ իրականության վերաբերյալ ԶԼՄ–ներով, սոցիալական ցանցերով և ինտերնետային մամուլով տարածված տեղեկությունները, որով ուղղորդվում են հանրային պատկերացումներ դրական կամ բացասական ուղղությամբ: Տեսանելի է նաև ոստիկանական համակարգում իրականացված բարեփոխումների ազդեցությունը հասարակական ընկալումների վրա, ինչի արդյունքում չնայած, որ ոստիկանության վերաբերմունքի համաթվերը 2019 թ․-ին աճել էին, 2021 թ․-ին դրանք նույնպես ունեն որոշակի աճ:
Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:
ՀՔԱՎ