Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությանը պետք է մտահոգի, որ 2019-ին եղած հանրային բարձր ընկալման ցուցանիշը իրավապահ համակարգի հետ կապված կրկնակի նվազել է». Արթուր Սաքունց

Մարտ 16,2022 17:40

«Իշխանությանը պետք է մտահոգի, որ 2019-ին եղած հանրային բարձր ընկալման ցուցանիշն իջել է: Այստեղ կա լուրջ մտահոգություն, որ բարեփոխումները դեռևս իրենց անհրաժեշտ ազդեցությունը չեն ունեցել ոստիկանական համակարգում և վարքագծի վրա: Իսկ դա արտահայտվում է հանրային ընկալումներում,- «Մեդիա կենտրոնում» անցկացվող «Իրավապահ մարմինների կամայականությունները, ոստիկանության հանդեպ վստահությունը՝ համաթվերով» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը:

Տեղեկացնենք՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» կողմից հետազոտություններ են իրականացվել 2015, 2017, 2019, 2021 թվականներին «Մարդու իրավունքների վրա հիմնված պատասխանատու ոստիկանության ստեղծում» ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրություններ են կատարվել «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի կողմից:
Ըստ Արթուր Սաքունցի՝ այս հետազոտությունն ազդակ է քաղաքական իշխանություններին, թե ինչպիսին են հանրային ընկալումները իրավապահ մարմինների գործունեության հետ կապված, քանի որ նրա փաստմամբ՝ ուրիշ այլ մարմին, քան ոստիկանությունն է, որի հետ քաղաքացիներն անմիջապես առնչվում են տարբեր հասարակական միջոցառումների ժամանակ, ուղղակի չկա:

Ուսումնասիրության ընթացքում փորձ է արվել պարզել՝ ըստ հանրային ընկալումների՝ որքան հաճախ են իրավապահ մարմինները իշխանությունների կողմից օգտագործվում՝ որպես քաղաքական հակառակորդների և ընդդիմության դեմ գործիք: Արթուր Սաքունցը ներկայացրեց արդյունքները. «2015-ին ցուցանիշը եղել է -21, 2016-ին՝ -19, 2017-ին փոքր ինչ դրական տեղաշարժ կա՝ -17: 2019-ին ցուցանիշը կտրուկ փոխվել է՝ դառնալով 43.1: Այսինքն՝ այլևս չէր ընկալվում, որ ոստիկանությունը՝ որպես ճնշման միջոց է օգտագործվում, բայց 2021-ին ցուցանիշը իջել է 21.8. կրկնակի նվազել է: Արտակարգ դրության, ռազմական դրության ռեժիմը և դրան ուղեկցած հանրային միջոցառումներն ազդեցություն են գործել հանրային ընկալումների վրա: Այո, ցուցանիշը գտնվում է դրական տիրույթում, բայց այն, որ դա կրկնակի նվազել է, պետք է մտահոգի իշխանություններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031