Լրահոս
Օրվա լրահոսը

«Ափսոս է․ 2016թ․-ից վարկը վերցվել է, բայց 4 տարի բան չի արվել»․ Տարոն Մարգարյանը՝ Գնել Սանոսյանին

Մարտ 16,2022 17:20

Երեւանում վարկային ծրագրով նախատեսված է եղել աղբավայրի կառուցում, աղբի վերամշակում․ ի՞նչ փուլի է հասել գործընթացը։ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի  քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Մոտ 24 միլիոն եվրոյի վարկային ծրագիր է, մինեչւ այսօր արդյունքներ չկան»,-նկատեց նա։

Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Այո, նման ծրագիր կա, մոտ 26 միլիոնի. 16-ը վարկ է, 10-ը՝ դրամաշնորհ։ Հետեւյալ խնդիրն ունենք՝ այս ծրագրով փակել Նուբարաշենի գործող աղբավայրը եւ Աջափնյակի գործող աղբավայրը։ Աջափնյակում ինչ-որ հին աղբավայր կա, որի մասին ավելի լավ դուք երեւի կասեք, բայց ծրագրի մեջ նշված է։ Նոր աղբավայրի կառուցման աշխատանքը հիմա նախագծման փուլում է։ Մրցույթը հայտարարվել է, կան գնային առաջարկներ, որոնք հիմա քննարկվում են։ Ցավոք, դանդաղ գործընթաց է, բայց կարծես թե հասել ենք այն փուլին, որ ընկերություն ընտրենք»։

Տարոն Մարգարյանը նաեւ նշեց, որ աղբավայր ունենալը Երեւանի համար ռազմավարական նշանակության խնդիր է․ «Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների համար դա առաջնային խնդիր է։ Կխնդրեի հետեւողական լինել այդ ծրագրին, որովհետեւ չորս տարի է ոչ մի բան չի արվել, բայց վարկը վերցրել ենք դեռեւս 2016թ․-ից։ Մրցութային ողջ փաթեթը պատրաստ էր, պետք է ընդամենը դա կյանքի կոչել։ Իսկ Աջափնյակում փակ աղբավայր կա, շինարարական աղբավայր է դարձել, բայց այս ծրագիրը դրա հետ կապ չունի, թեեւ մարդիկ դժգոհում են այդ աղբավայրից։ Երեւանում պետք է բավարարվել մեկ աղբավայրով, լրացուցիչ աղբավայրեր չպետք է լինեն։ Աղբի վերամշակման գործարան պարտադիր պետք է լինի։ Փաթեթում նշված էր, որ հաղթող ըներությունը պետք է հինգ տարի ժամկետով աղբի վերամշակում աներ։ Ափսոս է»։

Գնել Սանոսյանն արձագանքեց, որ կիսում է մտահոգությունը․ «Կփորձենք ուշադիր լինել։ Մենք նկատի ենք ունեցել, որ Երեւանում նման աղբավայր ունենալու դեպքում մասնակի կսպասարկվի նաեւ Արմավիրի մարզը»։ Տարոն Մարգարյանը նաեւ նշեց․ «Կառավարության ծրագրում եւ քաղաքապետարանի կողմից անընդհատ խոսվում էր մետրոյի կայարանների ավելացման մասին։ Ո՞ր փուլում ենք։ Նախորդ տարի նախագծային մրցույթ էր հայտարարվել։ Նախահաշիվ եղե՞լ է, որ նոր մրցույթ էր հայտարարվել»։ Գնել Սանոսյանն արձագանքեց, որ պատրաստ չէ հարցին պատասխանել․ «Ես էլ գիտեմ, որ մրցույթ էր հայտարարվել։ Չգիտեմ, թե ուր են հասել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031